Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում սքրինինգային հետազոտությունները կատարվել են բարձր արդյունքներով

24.01.2018

Հունվարի 23-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ կայացավ խորհրդակցություն, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի բուժհաստատությունների 2017 թվականի աշխատանքային եւ ֆինանսական կատարողականների, մարզում անցկացված սքրինինգային հետազոտությունների արդյունքները, ինչպես նաեւ <<Պապիլոմա>> վիրուսի դեմ իրականացվող պատվաստումների ընթացքը: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, ընդհանուր առմամբ ֆինանսական տարին շահույթով են փակել թե հիվանդանոցային, թե ամբուլատոր ծառայություն մատուցող բուժհիմնարկները: Թեև ոչ մեծ քանակի, բայց որոշակի պարտքերով են տարին փակել Նորատուսի բուժամբուլատորիան, Արծվանիստի, Աստղաձորի, Վաղաշենի, Ակունքի, Լիճքի, Լճաշենի առողջության առաջնային պահպանման կենտրոնները: Մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը հանձնարարեց՝ տարվա ընթացքում աստիճանաբար զրոյացնել բոլոր տեսակի պարտքերը և նոր պարտքեր չկուտակել՝ բարձրացնելով հաստատությունների գործունեության արդյունավետությունը:
Անդրադառնալով հիվանդանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների տարեկան աշխատանքային գործունեությանը և 2018 թվականի հիմնական անելիքներին՝ վարչության պետ Անուշ Պողոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ Գավառի, Մարտունու, Սևանի բժշկական կենտրոնները, Ճամբարակի առողջապահական կենտրոնը, Մարտունու ծննդատունն ու Վարդենիսի հիվանդանոցը տարին թեև փակել են բավարար արդյունքներով ու դրական հաշվեկշռով, այդուհանդերձ, 2018 թվականին այդ ձեռնարկությունները պետք է իրենց շահույթներն ավելացնեն վճարովի ծառայությունների հաշվին՝ ներկա ցուցանիշների մինչև 40 տոկոսի չափով: Վարչության պետի հավաստմամբ՝ սքրինինգային հետազոտությունների կատարման առումով Գեղարքունիքի մարզն առաջատարներից է Հայաստանի Հանրապետությունում: <<Մենք սքրինինգային հետազոտությունները եզրափակել ենք բավական բարձր արդյունքներով՝ 82 ական տոկոսով կատարելով զարկերակային ճնշման և գլյուկոմետրիայի, 72 տոկոսով՝ արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտությունները: Այս ծրագրի իրականացման արդյունքում 2015-2017 թվականների ընթացքում մեր մարզի առողջապահական հաստատությունները լրացուցիչ ֆինանսական հոսքեր ապահովելու հնարավորություններ են ձեռք բերել: Ի դեպ աշխատանքային տարին առավել ընդգծված օգուտներով են փակել բոլոր այն ձեռնարկությունները, որոնք բարձր արդյունքներով են կատարել սքրինինգային հետազոտությունները, և հակառակը, տարին վնասով են փակել այն կազմակերպությունները, որոնք բավարար չափով չեն կատարել հետազոտությունները՝ ձեռքից բաց թողնելով նաև լրացուցիչ ֆինանսական հնարավորությունների ապահովումը: Սքրինինգային հետազոտությունների արդյունքում մեր մարզի բուժհաստատությունների կողմից հայտնաբերվել և կանխարգելվել է զարկերակային ճնշմով տառապողների 5938, գլյուկոմետրիայով տառապողների 3228 և արգանդի վզիկի քաղցկեղով կամ նախաքաղցկեղային վիճակով հիվանդությունների 217 դեպք: Այս թվերը խոսում են այն մասին, որ մեր բուժանձնակազմերի կողմից ոչ միայն դրվատանքի արժանի ու արդյունավետ աշխատանք է կատարվել, այլ նաև այդ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը կա: Հավելեմ, որ սքրինինգային հետազոտությունները շարունակվելու են նաեւ 2018 թվականի ընթացքում>>,-նշեց Անուշ Պողոսյանը:
Խորհրդակցության վերջում մարզում <<Պապիլոմա>> վիրուսի դեմ տարվող պատվաստումների ընթացքի և հետագա անելիքների մասին խոսեցին ՀՀ ԱՆ <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ իմունովանիզացման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլաննա Գրիգորյանը և նույն կազմակերպության Գեղարքունիքի մասնաճյուղի տնօրեն Գոհար Սարգսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42