Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ներկայացվեց Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 2017 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվությունը

17.01.2018

2018 թվականի հունվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին տարեկան աշխատանքային հաշվետվություն ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը: Հաշվետու հանդիպմանը նախորդեց ,,Հայ-Ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի,, կողմից Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը տրամադրված հրշեջ փրկարարական, ջրափրկարարական եւ օպերատիվ մեքենաների, մոտորանավակների, փրկարարական հատուկ սարքավորումների եւ գույքի ցուցադրությունը, որը կազմակերպվեց Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի տարածքում՝ Գեղարքունիքի մարզպետարանի շենքի դիմաց: Ինչպես ներկայացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը ,հատկացված ավտոմեքենաները եւ սարքավորումները գործողության մեջ են դրվել 2018 թվականի հունվարի երկրորդ կեսից՝ նպաստելով արտակարգ դեպքերի ավելի օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը:
Ցուցադրությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Արթուր Խաչիկյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներն ու աշխատակազմի անդամները, մարզի քաղաքային համայնքների ղեկավարները եւ ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության անձակազմը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետը մարզի ղեկավարությանը եւ ցուցադրության մասնակիցներին ներկայացրեց հատկացված ավտոմեքենաների, սարքավորումների ու գույքի դերն ու նշանակությունը փրկարար գործողություններում: Ցուցադրությունից հետո Գեղարքունիքի մարզպետի եւ Գավառի, Մարտունու, Սեւանի, Ճամբարակի եւ Վարդենիսի քաղաքապետերի շնորհակալագրերով , պատվոգրերով և հուշանվերներով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 50 աշխատակիցներ:
Այնուհետ հաշվետու հանդիպումը սկսվեց Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում: 2017 թվականին կատարված աշխատանքների ամփոփ զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Հայկ Աբրահամյանը: Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզում 2017 թվականի ընթացքում գրանցվել է 624 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 15, մարմնական վնասվածք ստացել 115 մարդ:
,,2017 թվականին մեր գործունեության հիմնական ուղղություններն են եղել՝ մարզային փրկարարական վարչության անձնակազմի մասնագիտական ունակությունները բարձրացնելու նպատակով հետեւողական աշխատանքների իրականացումը, ջրասուզական ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով մասնագիտական եւ տեխնիկական հնարավորությունների կատարելագործումը,ուժերի եւ տեխնիկաների մշտական պատրաստ վիճակում պահպանումը եւ դրանց նպատակային կիրառման ապահովումը, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով բնակչության եւ կառավարման մարմինների նախապատրաստումը, հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձեւավորումը եւ զարգացումը,,,-ներկայացրեց Հայկ Աբրահամյանը:
Ըստ զեկուցողի՝ 2017թվականի ընթացքում մարզում 2016 թվականի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 15-ով կամ 2,4 տոկոսով, զոհերի թիվը նվազել 9-ով,կամ 37,5 տոկոսով, վիրավորների թիվը աճել 50-ով կամ 43,4 տոկոսով: Գրանցված դեպքերից 309-ը տեխնածին են, որոնց հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել 115 մարդ: Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 232-ը հրդեհի դեպքերն են, որոնց հետեւանքով զոհվել է 1 մարդ:Արտակարգ դեպքերից 20-ը տարերային են, որոնց հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Դեպքերից 283-ը սոցիալ-կենցաղային են, որոնց հետեւանքով զոհվել է 8 մարդ: Նախորդ տարվա համեմատ սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերը նվազել են 77-ով: Գեղարքունիքի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում 2017 թվականին գրանցվել է 76631 զանգ, իսկ արտակարգ դեպքերի հետեւանքների վերացման, հերթապահությունների եւ վարժանքների համար իրականացվել 1711 ելք՝ 2016 թվականի 1603 ելքի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 240 ահազանգ , որից հրդեհ է գրանցվել 232 դեպքում, իսկ պատճառված նյութական վնասը կազմել է մոտ 66,5 միլիոն: 2017 թվականի հրդեհների քանակը 2016 թվականի համեմատությամբ աճել է 109-ով:
Գրանցվել է խցանված մեքենաների դուրս բերման 139 դեպք:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատն արձագանքել է 31 ջրափրկարարական աշխատանքների , փրկարարական 78 պատահարների եւ 7 հրդեհաշիջման աշխատանքների : Գեղարքունիքի մարզից դուրս ջոկատը ներգրավվել է ջրափրկարարական եւ ստորջրյա որոնողական աշխատանքների 5 դեպքերում: Տարվա ընթացքում անցկացվել են մի շարք տարբեր թեմաներով հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ: Տարվել են աշխատանքներ համայնքների աղետների ռիսկերի նվազեցման պլանների մշակման ուղղությամբ:
Կատարվել է մարզի ապաստարանների պահպանության վիճակի ուսումնասիրում:
Մարզում ստեղծված է 10 քաղաքացիական պաշտպանության ծառայություն եւ 690 քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ՝ 3227 հոգանոց անձնակազմով:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են ամենօրյա աշխատանքներ փրկարարական ուժերի եւ տեխնիկայի մշտական մարտական պատրաստականության պահպանման ուղղությամբ:
Օգոստոսի 12-ից 26-ը 2 ծառայողներ գործուղվել են Ղրղզստանի Հանրապետության Չոլպոնաթա քաղաք եւ մասնակցել ջրասույզների վերապատրաստման մասնագիտացված կենտրոնում Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության կողմից կազմակերպված ջրասուզական աշխատանքների վերապատրաստման դասընթացներին: 2017թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 1-ը 3 ծառայողներ գործուղվել են Բոսնիա-Հերցեգովինա՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշտային գործնական վարժանքին մասնակցելու համար: Ճշգրտվել են ՄՓՎ աշխատակիցների եւ մարզի ղեկավար կազմի ազդարարման եւ հավաքի սխեմաները, հեռախոսային կապի, ֆիզիկական շղթաների, ազդարարման եւ ռադիոկապի միջոցների առկայության մասին տվյալները: Ստորաբաժանումների կողմից արձագանքվող դեպքերը օնլայն տեսակապով ներկայացվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ:
Գեղարքունիքի ՄՓՎ-ում եւ Ճամբարակի թիվ 35 ՀՓՋ-ում տեղադրվել են 2 թվային ռադիոկայան՝ մեկական վերահաղորդակներով: Ճշտվել եւ ուսումնասիրվել են ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղադրված բնակչության ազդարարման շչակները եւ տեխնիկական վիճակը:
ՄՓՎ ծառայողներից խրախուսանքի են արժանացել 108 փրկարար ծառայողներ, տույժի միջոցներ չի կիրառվել:Ամրապնդվել է փրկարարական վարչության նյութատեխնիկական բազան, ինչը զգալիորեն բարելավել է ստորաբաժանումների աշխատանքային հնարավորությունները:
Տարեկան աշխատանքային հաշվետու զեկուցումով հանդես եկավ նաեւ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Կամո Եդոյանը:
Ամփոփելով հաշվետու հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը դրվատեց մարզի փրկարարների կատարած աշխատանքը, շեշտելով, որ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին եւ ձեռնարկել համապատասխան փրկարարական գործողություններ:,,Մեր մարզի ցանկացած բնակիչ արդեն վստահ է, որ ճգնաժամային կառավարման կենտրոնը պատասխանում է յուրաքանչյուր ահազանգի, իսկ փրկարարների արձագանքը միշտ լինում է ժամանակին՝ արդյունավետ գործողություններով: Աստիճանաբար ավելանում են տեխնիկական ժամանակակից միջոցները, բարձրանում անձնակազմի մասնագիտական գիտելիքները: Կցանկանայի, որ միշտ բացառվեին աղետները, իսկ մեր փրկարարների մասնագիտական հմտությունները դրսեւորվեին միայն ուսումնական վարժանքներում:Ամեն դեպքում, մեր փրկարարները դրվատանքի արժանի աշխատանք են կատարել,,,-նշեց մարզպետը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության շնորհակալագրերով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների եւ մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, կրթական հաստատությունների տնօրեններ:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06