Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը

29.12.2017

Դեկտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Բոթոյանը մարզի տարածքում գործող հեռուստաընկերությունների և տպագիր մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդես եկավ տարեվերջյան մամուլի ասուլիսով: Մարզպետը ներկայացրեց մարզի տարբեր ոլորտներում հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ամփոփ պատկերը:
Անդրադառնալով մարզում աղբահանության խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Կարեն Բոթոյանը նշեց, որ մարզում 2017 թվականի սկզբից կար 138 աղբավայր, որից 29-ն էր միայն ամրագրված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: ,,Անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքում փակվել է 100 աղբավայր: Այս պահի դրությամբ մնում է փակելու 9 աղբավայր, որի ուղղությամբ գալիք տարվա ընթացքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ: Մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսը իրավաբանական անձանց հետ կնքված է եղել թվով 858 պայմանագիր: Աղբահանության ուղղությամբ իրականացված միջոցառումների շրջանակներում արդեն ունենք կնքված 1725 պայմանագիր: Իսկ սա նշանակում է, որ մինչև տարեվերջ իրավաբանական անձանցից կգանձվի ավելի քան 25 մլն. դրամ, իսկ ֆիզիկական անձանցից հավաքագրումը կկազմի շուրջ 59 մլն. դրամ, և հավաքագրված միջոցներն ավելի արդյունավետորեն կծառայեն բնակավայրերի ու շրջակա միջավայրի մաքրության պահպանման խնդիրներին,, -հավելեց մարզպետը:
Գյուղատնտեսության ոլորտում թեեւ տարին անբարենպաստ եղավ ձմեռվա տևական ու սաստիկ ցրտերի և ամռան ամիսներին գրանցված երաշտի պատճառով, ինչը բացասաբար ազդեց անասնամթերքների,հացահատիկի ու անասնակերի արտադրության ծավալների վրա, այդուհանդերձ, հաջողվեց առանձին ճյուղերում արձանագրել ձեռքբերումներ, իր խոսքում նշեց Կարեն Բոթոյանը: ,,Անասնաբուծական մթերքների արտադրությունը 2017 թվականին 2016 թվականի համեմատ ավելացել է 3-4 տոկոսով: 2017 թվականին մարզում արտադրվել է 31000 հազ. տոննա միս, 142000 հազ. տոննա կաթ և 70 մլն. հատ ձու: Կարտոֆիլի ցանքատարածությունները 2017 թվականին 2016-ի համեմատությամբ կրճատվել են 1322 հա-ով,սակայն ի հաշիվ 1 հեկտարի միջին բերքատվության բարձրացման՝ 2016 թվականին 206 հազ. տոննայի փոխարեն արտադրվել է 213.9 հազ.տոննա: Բանջարբոստանային մշակաբույսերից ստացվել է 38754 տոննա բերք, նախորդ տարվա 214 ցենտների դիմաց միջին բերքատվությունը հասել է 255 ցենտների: Կաղամբի 916 հեկտար ցանքերից ստացել ենք 31123 տոննա բերք: Նախորդ տարվա համեմատ՝ միջին բերքատվությունը 277 ցենտների փոխարեն կազմել է 340 ցենտներ:Կատարվել է շուրջ 11000 հա աշնանացան:
Մարզում գնալով ավելանում են առաջընթաց գրանցած գյուղատնտեսական այնպիսի մշակաբույսերի ցանքերը, որոնք ավանդական չեն եղել դաշտավարության մեջ, ինչպիսիք են՝ հնդկացորենը, կտավատը, ոլոռը, ոսպը, սիսեռը, բրոկոլին և այլն: Այս տարի պարզվեց, որ այս կուլտուրաներն իրենց տնտեսական արդյունավետությամբ 3-4 անգամ գերազանցում են հացահատիկային մշակաբույսերին,, - հավելեց մարզպետ Բոթոյանը:
Առողջապահության ոլորտում Գեղարքունիքի մարզի ղեկավարը առաջընթաց համարեց վճարովի ծառայությունների ավելացումը, էլեկտրոնային առողջապահության հիմնումը, նորագույն բժշկական սարքերի ձեռքբերումը, ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, կազմակերպության հետ համագործակցությամբ սահմանամերձ գյուղերի բուժկետերի հիմնանորոգումը և տեխնիկական վերազինումը:
Խոսելով կրթության ոլորտում գրանցված հաջողությունների մասին՝ մարզպետը նշեց, որ մարզային ենթակայության 109 դպրոցներում բնագիտական առարկաներից անցկացվել են 1691 տեսադասեր: Մարզի 14 դպրոցներում, մեկ քոլեջում և Գավառի մանկատանը գործող ինժեներական լաբորատորիաների 26 խմբերում հաճախում են 591 երեխա: 2017թ. սեպտեմբերից մարզի ևս 7 դպրոցներում գործել են ինժեներական լաբորատորիաներ՝ 180 երեխայի համար: Մարզպետի հավաստմամբ՝ մարզային ենթակայության բոլոր 118 դպրոցներում ստեղծվել են կայքէջեր,որտեղ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին տեղադրվում են նաև ֆինանսական գործունեության վերաբերյալ տեղեկատվություն՝ ապահովելով դպրոցի ֆինանսական գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: ,,2016 թվականի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցած 72 աշակերտներից 5-ը շահել են դիպլոմներ, որից 1-ը՝1-ին կարգի , 8-ը` գովասանագրեր, իսկ 2017 թվականի հանրապետական փուլին մասնակցած 74 աշակերտներից 14-ը շահել են դիպլոմներ, որից 3-ը՝ 1-ին կարգի, 10-ը՝ գովասանագրեր : 2017թ. մարզային ենթակայության դպրոցների 12-րդ դասարանի 3 աշակերտ պարգևատրվել են ,,Գերազանցության մեդալով,,: 2016 թվականին Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ,,Պատմություն,, առարկայի ուսուցիչ Արարատ Մովսեսյանը հանրապետությունում արժանացել է ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, կոչմանը ,իսկ Սևանի N 2 ,,Զարթոնք,, մսուր-մանկապարտեզի դաստիարակ Նարինե Հարությունյանը` ,,Տարվա լավագույն դաստիարակ,, կոչմանը՝ պարգևատրվելով ավտոմեքենաներով: Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Գայանե Խանամիրյանը ՀՀ ԿԳ նախարարության և Հայ Առաքելական եկեղեցու կողմից 2017 թվականին հայտարարված մրցույթի ,,Լավագույն ուսուցիչ,, անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի,,- եզրափակեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:
Խոսելով նախադպրոցական հիմնարկների մասին՝ մարզպետը նշեց, որ 2017 թվականին ,,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի,, միջոցներով և համայնքի համաֆինանսավորմամբ մեկնարկել է Վարդաձորի մանկապարտեզի կառուցումը, որը կավարտվի 2018 թվականին: 2017 թվականի ամռանը նույն հիմնադրամի միջոցներով մեկնարկել են նաև Գավառ քաղաքի թիվ 5, Սևան քաղաքի ,,Գալիք,, մանկապարտեզների հիմնանորոգման և Լիճք համայնքի մշակույթի տունը մանկապարտեզի վերափոխելու աշխատանքները: Այս կառույցները նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին: Կարեն Բոթոյանի կարծիքով՝ այս հարցում կարևոր դեր ունեն նաև նախակրթարանները: Մարզի 57 համայնքներից 38-ում գործում են 58 նախակրթարաններ, որից 44-ը գործում են հանրակրթական դպրոցներում, իսկ 14-ը՝ մանկապարտեզներում: 2017-18 ուսումնական տարում մարզի ևս 6 ուսումնական հաստատություններում բացվել են նախակրթարաններ, որից 3-ը Համաշխարհային բանկի /Հայրավանքի, Ակունքի, Մարտունու թիվ 1/ և 3-ը՝ ,,Փրկեք երեխաներին,, կազմակերպության աջակցությամբ / Գեղարքունիքի, Վարսերի, Վաղաշենի միջնակարգ դպրոցներ/: ,, Քանի որ մարզում ընթացքի մեջ է համայնքների խոշորացման ծրագիրը, նախատեսում ենք այդ գործընթացից հետո ձեռնամուխ լինել մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման խնդիրների իրականացմանը:Բացի այդ, նախորդ տարիներին պետբյուջեի միջոցներով հիմքից մանկապարտեզի շենք է կառուցվել Ներքին Գետաշենում, ,,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի,, միջոցներով կապիտալ նորոգման է ենթարկվել Ծակքարի մանկապարտեզի շենքը: Երկու դեպքերում էլ մանկապարտեզները կարող են գործել գույքի ձեռքբերման հարցերը լուծելուց հետո: Չի բացառվում, որ այն կարող է լինել 2018 թվականի ընթացքում,, - հավելեց մարզի ղեկավարը:
Անդրադառնալով ՏԻՄ գործունեության ոլորտին՝ մարզպետ Կարեն Բոթոյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մարզում համայնքների խոշորացման գործընթացին: Ըստ մարզպետի՝ 2017 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գեղարքունիքի մարզում խոշորացվել են 35 համայնքներ,որի արդյունքում ձևավորվել է 4 կենտրոն. Շողակաթ, Ճամբարակ, Գեղամասար և Վարդենիս: Ծրագրի նպատակը համայնքներում և բնակավայրերում ֆինանսական, մասնագիտական ռեսուրսների օպտիմալ կառավարումն է, որի արդյունքում համայնքները բոլոր բնակավայրերում պետք է մատուցեն որակյալ և արդյունավետ ծառայություն բնակչությանը: Համայնքների խոշորացումից ակնկալվող արդյունքը ենթակառուցվածքներ չունեցող համայնքների և կոմունիկացիաների զարգացումն է: Խոշորացված համայնքներում ձեւավորված են տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքների կազմ մտած բնակավայրերում նշանակված են վարչական ղեկավարները, սահմանված կարգով գույքագրվում են համայնքներում առկա բոլոր միջոցները, կազմվում և հաստատվում են 2018 թվականի բյուջեները և զարգացման ծրագրերը:,,Թե ինչ արդյունքներ կունենանք, դա ավելի տեսանելի կլինի առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում, երբ կարձանագրենք առաջին լուրջ ձեռքբերումները,,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Զբոսաշրջության խթանման և զարգացման նպատակով մարզպետարանի և այլ կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվում է զբոսաշրջության զարգացման ծրագրեր մարզի ամենատարբեր բնակավայրերում՝ Սեւան, Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքներում, Կալավան, Մարտունի, Ծափաթաղ,Գետիկ, Շողակաթ եւ այլ գյուղական համայնքներում, իր խոսում նշեց Կարեն Բոթոյանը: Մարզպետի կարծիքով՝ տուրիզմի ակտիվ հոսքերին նպաստում են այդ ուղղվածության կազմակերպությունները կամ գրասենյակները, որոնք են՝ Սևան թերակղզում բացված շարժական զբոսաշրջային գրասենյակը, ,,Մարտունու կանանց համայնքային խորհուրդ,,, Վարդենիսի ,,Արեգունի,, հասարակական կազմակերպությունները, Գավառի երիտասարդական նախաձեռնող խումբը : ,,Սևանի զբոսաշրջության տեղեկատվական շարժական գրասենյակի կողմից տրամադրված տվյալների համաձայն` այս տարվա հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի 35 երկրից 81.457 զբոսաշրջիկ է այցելել Սևան: Հուլիսի սկզբից Սևանում մեկնարկել է ,,Տուրիզմ ստարտափ,, եռամսյա ծրագիրը, որն իրականացվում է,,Տեխնոդրոմ,, ՀԿ-ի կողմից,,,- նշեց մարզպետը:
Մարզպետը խոսեց նաև IRAPA հարթակի մասին, որը միավորում է հայաստանյան և Ֆրանսիական 8 համայնք և համագործակցություն ծավալում զբոսաշրջության ոլորտում: Հարթակում ընդգրկված են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը,Սևան և Վարդենիս քաղաքները: ՀՀ Գեղարքունիքի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզերի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում անցկացվել է զբոսաշրջության ոլորտին աջակցող դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, որի արդյունքում եկող տարի զբոսաշրջային վահանակներ կտեղադրվեն Գավառ, Սևան, Վարդենի և Ճամբարակ քաղաքներում: ,,Թայմ Լենդ,, հիմնադրամի նախաձեռնությամբ ու գործուն աջակցությամբ զբոսաշրջությունը նկատելի քայլերով զարգանում է Կալավան գյուղում: Հնագիտական, արկածային, էկոտուրիզմի արմատավորումը վերջին տարիներին Կալավան են բերում հազարավոր տուրիստների աշխարհի ամենատարբեր երկրներից: 2017թվականի հուլիս ամսվա դրությամբ զբոսաշրջության զարգացման նպատակով գնվել են 13 բնակելի տներ և շուրջ 15 միլիոն դրամ արժողությամբ հողատարածքներ: Բնակելի տների կապիտալ վերանորոգումների համար ծախսվել է ավելի քան 40 միլիոն դրամ: Շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր աշխատատեղեր:
2015 -2017 թվականներին Կալավանում մասնավոր հատվածի և դրամաշնորհային ծրագրերի կողմից ներդրվել է ավելի քան 85 միլիոն դրամ: ,,Զբոսաշրջության զարգացման ներուժը շատ մեծ է Գեղարքունիքում, որն ամբողջությամբ օգտագործելու համար մեզ դեռ հարկավոր կլինեն նոր ու ավելի լուրջ ներդրումներ, համագործակցություն ինչպես ներդրողների, այնպես էլ միջազգային տուրիստական կազմակերպությունների հետ: Այս ոլորտի կայուն զարգացման համար կարևոր է ունենալ նաև բարեկարգ ճանապարհներ, շուրջօրյա ջրամատակարարման համակարգեր, սպասարկող տրանսպորտային երթուղիներ, սննդի և գիշերակացի օբյեկտներ, մարզի գրավչությունները միջազգային հարթակներում ներկայացնող գովազդային ցանց: Այլ խոսքով՝ իրականացված աշխատանքները նկատելի են, բայց մենք դեռ որոշակի ջանքեր ունենք գործադրելու և որոշակի ճանապարհ անցնելու, որպեսզի տուրիզմը դարձնենք մարզի զարգացման, բնակչության բարեկեցության կարևոր աղբյուրներից և ուղղություններից մեկը: Զբոսաշրջության այն ծավալները, որոնք ներկայացրինք, հիմնականում ունենք ամառային տուրիզմի արդյունքում: Մենք չենք ունեցել ձմեռային տուրիզմին բնորոշ ենթակառուցվածքներ, ավանդույթներ, հեռանկարային ծրագրեր: Այս առումով մենք նախևառաջ պետք է ուսումնասիրենք այս բնագավառում արտասահմանյան զարգացած երկրների փորձը,ապա ներկայացնենք մեր գրավչությունները ձմեռային մարզաձևերի մրցաշարերի կազմակերպան, ձմեռային սեզոնի արշավների, հանգստի, ժամանցի վերաբերյալ: Կարծում եմ, որ պետք է սկսենք գլոբալ ծրագրի կազմումից: Իսկ որ ձմեռային տուրիզմը կարող է ամբողջացնել մարզի տուրիզմի լիակատար զարգացումը և նպաստել մեր տնտեսության շեշտակի վերելքին, դա անկասկած է,, -հավելեց Գեղարքունիքի մարզի ղեկավարը:
Պատասխանելով մարզում գործազրկության մակարդակի վերաբերյալ լրագրողի հարցին՝ Կարեն Բոթոյանը նշեց, որ միջազգային և տեղական դոնոր կազմակերպությունների կողմից 2016-17 թվականներին մարզում ներդրվել է 10, 8 մլրդ. դրամի ծրագիր, իսկ պետական բյուջեից՝ 498 մլն. դրամ: Այդ ներդրումների արդյունքում 2017 թվականին մարզում ստեղծվել է շուրջ 1504 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: Ըստ Գեղարքունիքի մարզի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի՝ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է մարզում ստեղծել շուրջ 2546 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: Ըստ մարզպետի՝ այս տվյալները փաստում են, որ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի մարզում նվազեցվի գործազրկության տոկոսը:
,,Հաշվի առնելով կենցաղային և սոցիալ-տնտեսական բազմապիսի խնդիրներ՝ Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից ամեն տարի տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի: Այն համատարած բնույթ է կրել նույնիսկ ԽՍՀՄ տարիներին, երբ մարզի մեջ մտած նախկին շրջաններում հսկայական քանակի աշխատատեղեր կային: Սակայն հարկ եմ համարում նշել, որ ամեն տարի նրանք մեկնում և աշնանը վերադառնում են հայրենիք, իրենց ընտանիքների գիրկը: Ի դեպ, արտագնա աշխատանքը համեմատաբար եկամտաբեր է տեղում առկա աշխատատեղերից կամ վարձատրվող աշխատանքից, այդ պատճառով էլ այն նման չափեր է ընդգրկում: Արտագնա աշխատանքի արդյունքում շատ տնտեսություններ ոչ միայն ստեղծել են բարեկեցիկ կյանք, զարգացող տնտեսություններ, այլ նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ոլորտում, առևտրի, կապիտալ շինարարության, սպասարկման ոլորտների աշխուժացմանը: Դրանք վիճակագրական տվյալներ են, սակայն կարծում եմ, որ նրանց թիվը պակասել է, քանի որ մարզում տարբեր ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծվող հիմնական և ժամանակավոր աշխատատեղերը լուծում են տալիս մարդկանց զբաղվածության խնդրին,, -պատասխան խոսքում նշեց Կարեն Բոթոյանը:
Ասուլիսի ընթացքում մարզպետ Կարեն Բոթոյանը խոսեց մարզպետարանի կողմից կանխատեսվող ծրագրերի մասին: ,,Ելնելով ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի նիստի արձանագրության հանձնարարականից՝ կատարման ընթացքի մեջ է ՀՀ Գեղարքունիքի մարզի 2018 թվականի տարեկան գործունեության ծրագրի կազմումը, որում ներառված են մարզի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը և 2018 թվականի մարզի միջոցառումների ծրագիրը: Դրանք բխելու են ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունից և 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրերից, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության կողմից:
Մարզի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը իր մեջ ներառում է՝ մասնավոր հատվածի և ՓՄՁ զարգացման, զբոսաշրջության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, առողջապահության,սոցիալական ապահովության, գյուղատնտեսության, բնապահպանության, քաղաքաշինության, մարզային և համայնքային ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտները:
Մեր ակնկալիքները շատ են հատկապես այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում,որտեղ մեծ հետաքրքրություն ու շահագրգռվածություն են հանդես բերում իսպանական, Արաբական Միացյալ էմիրությունների, այլ երկրների ընկերությունները, որոնք հողմային եւ արեւային էլեկտրակայանների կառուցման հայտեր են ներկայացրել մարզի մի շարք համայնքներում՝ Մեծ Մասրիկում, Վարսերում, այլ տեղերում:
Պետական միջոցներով խոշոր ծրագրեր կիրականացվեն ճանապարհաշինության,գյուղատնտեսության, դպրոցաշինության, բնապահպանության ոլորտներում: Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությամբ կկառուցվեն ոռոգման համակարգեր, կջրարբիացվեն տասնյակ հազարավոր հեկտարների հասնող արոտներ, համայնքները կստանան նորագույն գյուղտեխնիկա և գյուղգործիքներ: Կշարունակվի Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի շինարարությունը, որի արժեքը կազմում է 3 միլիոն ԱՄՆ դոլար: Օգոստոսին շահագործման կհանձնվի Սեւանի բժշկական կենտրոնի շենքը որտեղ պետության կողմից ներդրվել է շուրջ 880 միլիոն դրամ: Պետբյուջեի միջոցներով լուրջ աշխատանքներ կիրականացվեն ճանապարհաշինության ոլորտում, որտեղ կներդրվի 1 միլիարդ 300 միլիոն դրամ, ինչի հաշվին կհիմնանորոգվեն հանրապետական ու համայնքային նշանակության ճանապարհներ,, - հավաստեց Կարեն Բոթոյանը:
Իր խոսքում Կարեն Բոթոյանը ներկայացրեց նաև մարզի գերակա խնդիրները, դրանցից առանձնացնելով լուծում ստացածները: ,,Մարզի զարգացման ռազմավարական նպատակները երեքն են՝ մրցունակության բարձրացում, տարածքներում համաչափության բարձր մակարդակի ապահովում, տարածքային զարգացման կարողությունների զարգացում, իսկ մարզի զարգացման հիմնական գերակայություններն են՝ գյուղատնտեսության արդիականացումը, Սևանա լճի էկոհամակարգի պահպանումը և տուրիզմի զարգացումը՝ շեշտը դնելով գյուղական տուրիզմի վրա և վերականգնվող էներգետիկայի արտադրության և արդյունավետության բարձրացումը: 2017 թվականին երեք հիմնական ուղղություններում էլ որոշակի աշխատանքներ կատարվել են, սակայն տասնամյակներով կուտակված հիմնախնդիրներին արմատական լուծում տալու համար հարկավոր է ոչ միայն տարիների նպատակամղված ու արդյունավետ աշխատանք, այլ նաև ֆինանսական համապատասխան միջոցներ,, - հավելեց մարզի ղեկավարը:
Անդրադառնալով մարզում առաջիկայում իրականացվող ծրագրերին՝ Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ 2017թվականի մայիսին Սևան համայնքը անդամակցել է ԵՄ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման,, ծրագրին, մասնակցել ծրագրի ,,Պիլոտային նախագծեր,, դրամաշնորհային մրցույթին և ճանաչվել հաղթող, որի արդյունքում 2018-2019 թվականներին համայնքում կիրականացվի «Նորարարության խթանման կայուն հարթակ,, ծրագիրը: Բյուջեն 538.577 եվրո է, որից ԵՄ ֆինանսավորումը կազմում է 89.12, համայնքային ներդրումը` 10.88 տոկոս: Ըստ մարզպետի՝ ծրագրի արդյունքում նախատեսված է բիզնես կենտրոնի ստեղծում, որը նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ներդրումների ներգրավմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
Շորժա համայնքում իրականացվելու է ,,Ծովափնյա զբոսաշրջության զարգացում,, ծրագիրը, որի արժեքը կազմում է 120. մլն. դրամ: Մարտունի համայնքում իրականացվելու է գիշերակացի կառուցում, մեղվաբուժության կազմակերպում, որի արժեքը կազմում է 3. մլն.դրամ: 2018 թվականին Կալավանում ևս կշարունակվի մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների կողմից ներդրումային ծրագրերի իրագործումը, որը կխթանի զբոսաշրջության զարգացմանը: Կարող են մեկնարկել նաև այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության հիմնման ծրագրերը:
Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը պատասխանեց ասուլիսի մասնակիցների կողմից առաջադրված այլ հարցերի ևս, իսկ հանդիպման ավարտին շնորհավորեց ներկաներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39