Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

26.12.2017

Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստն անդրադարձավ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման եւ մարզի 2017 թվականի կենսագործունեության արդյունքներին: Նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Կարեն Բոթոյանը:Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքարման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա տեղեկացրեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 96,2 տոկոսով կամ պլանավորված 1 միլիարդ 493 միլիոն 81 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 436 միլիոն 528 հազար դրամ:ՙԿատարողականը հաջողվել է ապահովել 27 համայնքների ղեկավարների եւ աշխատակազմերի անդամների հետեւողական աշխատանքի շնորհիվ, ուր հավաքագրումը բարձր է եղել միջին կատարողական ցուցանիշից: Դեռ աշխատանքային 3 օր էլ ունենք տարվա ավարտին, եւ հավաքագրման ընթացքը մեզ հույս է ներշնչում, որ այն կեզրափակենք 100 տոկոս արդյունքով՚,-նշեց վարչության պետը:
Մարզի 2017 թվականի կենսագործունեության արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: Նա նշեց, որ 2017 թվականին Գեղարունիքի մարզում ՀՀ կառավարության, միջազգային ու տեղական կազմակերպությունների գործունեությունը նպատակաուղղված է եղել մարզի սոցիալ–տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը եւ առաջնահերթ իրականացմանը:
ՙՏարբեր ոլորտներում 2016-2017 թվականներին ՀՀ կառավարության, միջազգային եւ տեղական կազմակերպությունների կողմից մարզում իրականացվել է շուրջ 10,8 միլիարդ դրամի ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել է մոտավորապես 180-200 հիմնական եւ 478 սեզոնային աշխատատեղ: Վերին Գետաշեն համայնքում պահածոյի գործարանի հզորացման համար ներդրվել է 200 միլիոն դրամ, Գեղհովիտ համայնքում կարի արտադրամասի կառուցման նպատակով՝ 280 մլն. դրամ, Շորժա համայնքում կաթիլային եղանակով 50 հա ծիրանի այգու հիմնման եւ զբոսաշրջության զարգացման համար՝ 370 մլն.դրամ: Մարզում կան շատ այլ ներդրումային ծրագրեր, որոնց մեկնարկային գումարները սկսվում են 10 մլն ՀՀ դրամից: Վերը նշված գրեթե բոլոր ներդրումային ծրագրերը ավարտական փուլում են, որոնք մարզում ապահովելու են եւս 200 -250 աշխատատեղեր: 2018 թվականին ՙԳեոՊրոՄայնինգ՚ ընկերությունը Սոթքի հանքավայրում նախատեսում է իրականացնել մոտավորապես 8 մլն դոլարի ներդրում եւ բացել մոտավորապես 100 նոր աշխատատեղ՚-ներկայացրեց բաժնի վարիչը։ Զեկուցողը անդրադարձավ նաև Գեղարքունիքի մարզի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի կազմման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է մարզպետարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցության արդյունքում: Ըստ Գեղարքունիքի մարզի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի՝ 2018 թվականին ներդումային ծրագրերի միջոցով ակնկալվում է ստեղծել շուրջ 2546 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ, իր խոսքում նշեց Վարդուհի Մնացականյանը:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հորդորեց համայնքի ղեկավարներին՝ մինչեւ տարեվերջ ամբողջությամբ ավարտել բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը, ապա Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց մարզխորհրդի անդամներին ու նիստի մյուս մասնակիցներին՝ ցանկանալով նոր ձեռքբերումներով լի աշխատանքային տարի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 12:35:45