Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 15-ը Սեւանա լճում արգելվում է ձկան եւ խեցգետնի որսը

20.12.2017

Սեւանա լճում, կապված սիգի ձվադրության շրջանի հետ, առաջիկա 26 օրերի ընթացքում կարգելվի ձկան եւ խեցգետնի որսը: Այս մասին Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչության պետ Եղիշ Տերտերյանը, ՙՍեւան Ազգային պարկ՚-ի տնօրեն Վահե Գուլանյանը, Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարներ, պաշտոնական այլ անձինք: Հրապարակելով ձկան եւ խեցգետնի որսի արգելքի մասին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանը՝ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ արդեն մշակվել է բնապահպանության նախարարություն-Գեղարքունիքի մարզպետարան- ոստիկանություն համատեղ միջոցառումների ծրագիր-ժամանակացույց, որը գործողության մեջ է դրվելու այսօրվանից՝ դեկտեմբերի 20-ից:ՙՀսկողություն է սահմանվելու լճափնյա տարածքներում, շուկաներում ու վաճառքի կետերում, բնակավայրերում, ճանապարհներին տեղադրվելու են շարժական հսկիչ կետեր:Հիմնովին արգելվում է լողամիջոցների մուտքը դեպի լիճ,նաեւ՝ խեցգետնի ու բոլոր ձկնատեսակների որսը: Սա այն շրջանն է, երբ մենք ամենայն պատասխանատվությամբ եւ համատեղ ուժերով պետք է կարողանանք իրականացնել ձկնորսության արգելքը: Կոչ եմ անում բոլոր կողմերին, այդ թվում՝ Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարներին, որպեսզի սիգի վերարտադրության շրջանում բացառվի ձկան որսը, որպեսզի ողջ գործընթացը վերցվի բավարար վերահսկողության տակ: Շատ ցանկալի է, որ բացատրական աշխատանքի միջոցով կարգավորվեն բոլոր խնդիրները, հակառակ դեպքում լինելու ենք չափազանց խիստ:Պատասխանատվության կենթարկվի ոչ միայն ձուկ վաճառողը, այլ նաեւ ձկնորսն ու մյուս անձինք, որոնց միջոցով ձուկը հայտնվել է շուկայում կամ վաճառքի այլ կետերում, իսկ պատժիչ գործողությունների մասին հանրությանը կտրվի համապատասխան տեղեկատվություն՚,-հավաստիացրեց նախարարը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն իր հերթին հույս հայտնեց, որ մարզպետարանը եւ համայնքների ղեկավարները կկարողանան վերահսկել իրավիճակը եւ նախարարության , բնապահպանության տեսչության ու ոստիկանության հետ համագործակցությամբ կպահպանեն արգելանքի ռեժիմը:ՙՁկան որսի արգելքը բխում է նաեւ մեր ժողովրդի շահերից: Այն միմիայն նպաստելու է ձկան պաշարների ավելացմանը: Հույս ունեմ, որ բացատրական աշխատանքի միջոցով, մեր անմիջական վերահսկողությամբ, միջոցառումը կիրականացնենք հավուր պատշաճի՚,-նշեց մարզպետը:
ՙԼինելու ենք խիստ եւ հետամուտ բոլոր դեպքերի բացահայտմանը: Գործելու ենք ոչ միայն մարզի, այլ ամբողջ հանրապետության տարածքով մեկ: Խախտումներ հայտնաբերելու դեպքում գնալու ենք մինչեւ վերջ՝ պարզելու, թե ով է կատարել որսը, ով՝ տեղափոխությունը կամ միջնորդավորված վաճառքը՚,-նշեց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:
ՙՇատ եմ կարեւորում Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարների դերը, ինչպես նաեւ բացատրական ու համագործակցված աշխատանքը: Մեր կողմից էլ կլինի չափազանց խիստ մոտեցում, կարվի հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցվեն օրինախախտման դեպքերը՚,-հայտարարեց ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչության պետ Եղիշ Տերտերյանը:
Համայնքի ղեկավարներն առաջարկեցին ձկնորսներին տալ երկու օր ժամանակ՝ որսացանցերը և որսագործիքները լճից ամբողջությամբ դուրս բերելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28