Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ հիմնանորոգումներ են իրականացվել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցում

13.12.2017

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ արդեն չորրորդ տարին է, ինչ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցն ընդգրկված է,,Դպրոցները՝ ապագայի գործընկերներ,, ծրագրում եւ մասնակցում է Գյոթեի անվան ինստիտուտի կրթամշակութային ծրագրերին: Այդ ծրագրի շրջանակներում վերջերս հիմնանորոգվել եւ տեխնիկապես հագեցվել է Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի ճաշարանն ու խոհանոցը:
Դպրոցի նորոգված ճաշարանի եւ խոհանոցի բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բեռնարդ Մատիաս Կիսլերը, ՄԱԿ-ի ,,Համաշխարհային պարենի ծրագրի,, ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք: Բացելով հանդիպումը՝ դպրոցի տնօրեն Հայկ Նահապետյանը նշեց, որ դպրոցում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի աջակցությամբ շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հոկտեմբերին եւ ավարտվել դեկտեմբերի 11-ի դրությամբ: ,,Մեզ տրամադրվել է 1 միլիոն 200 հազար դրամ կանխիկ եւ մոտ 600 հազար դրամի աջակցություն տեխնիկական սարքավորումների տեսքով, ինչի արդյունքում հիմնանորոգվել է դպրոցի ճաշարանի տանիքը, ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվել խոհանոցային հատվածում եւ ճաշարանում, խոհանոցն ապահովվել է մշտական ջրով եւ գազով, ձեռք է բերվել գազօջախ, սառնարան, լվացարան: Ճաշարանից օգտվում են մեր դպրոցի առաջինից չորրորդ դասարանների 219 աշակերտ, ովքեր ամենօրյա սնունդ են ստանում ՄԱԿ-ի ,, Համաշխարհային պարենի ծրագրի,, շրջանակներում: Նախկինում ունեինք շատ ավելի դժվարին, անմխիթար վիճակ, իսկ այսուհետ արդեն երեխաները սնունդ կստանան բարվոք պայմաններում,,,-ներկայացրեց դպրոցի տնօրենը: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին՝ սահմանամերձ համայնքի դպրոցին աջակցություն ցուցաբերելու համար:,,Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնելՀայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատանը և անձամբ դեսպանին, այս նվիրականաշխատանքն իրականացնելու համար: Այս դպրոցը իրոք նման ներդրումների խիստ կարիք ուներ: Ես հավատացած եմ, որ այս դպրոցի սաները նման ուշադրության արդյունքում կձգտեն ավելի լավ սովորել, բարձր պահելով իրենց դպրոցի և համայնքի անունն ու պատիվը,, - նշեց մարզպետի տեղակալը: Ապա հյուրերը այցելեցին գերմաներեն լեզվի ուսուցման դասասենյակ, որտեղ ուսուցչուհին ներկայացրեց դպրոցի մասնակցությունը Գերմանիայի դեսպանատան եւ Գյոթեի անվան ինստիտուտի համագործակցային ծրագրերին, վերջին 4 տարիների ընթացքում արձանագրված հաջողություններին եւ ձեռքբերումներին:,,Գյոթեի ինստիտուտի օժանդակությամբ մենք հարստացրել ենք գերմաներեն լեզվի կաբինետի նյութատեխնիկական բազան, ուսուցման հնարավորությունները: Համագործակցությունը, որը գոյություն ունի արդեն 4 տարի, մեր աշակերտներին հնարավորություն է տալիս՝ անմիջական շփում հաստատելու գերմաներեն լեզվի եւ մշակույթի հետ: Համացանցը, համակարգիչները, էլեկտրոնային գարատախտակը, դասագրքերը օգնում են երեխաներին՝ գրելու, կարդալու, լսելու եւ խոսակցական գերմաներենը զարգացնելու համար: Բացի այդ, ամեն տարվա ավարտական քննությունների ժամանակ Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչների կողմից ընտրվում են բարձր միավորներ հավաքած երկու աշակերտ,ովքեր 3 շաբաթով մասնակցում են Գերմանիայում կազմակերպվող լեզվի եւ հանգստի ճամբարներին: Նույն ծրագրի շրջանակներում 7-8 լավագույն աշակերտներ մասնակցում են Վրաստանում կազմակերպվող լեզվի և հանգստի ճամբարին: Եվս տաս լավագույն աշակերտ ընտրվում են՝ մասնակցելու Արտանիշում կազմակերպվող նույնանուն ճամբարներին: Մենք ապացուցում ենք, որ մայրաքաղաքից դուրս էլ կարելի է կազմակերպել որակյալ ու արդյունավետ կրթություն, ինչը գնահատվում է նաեւ մեր օտարերկրյա գործընկերների կողմից,,-ներկայացրեց գերմաներենի ուսուցչուհի Էմմա Թորոսյանը:
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բեռնարդ Մատիաս Կիսլերն էլ իր հերթին արդյունավետ գնահատեց համագործակցային ծրագրերի իրականացումը:,,Մեզ համար շատ կարեւոր է ծրագրերի իրականացումը մայրաքաղաք Երեւանից դուրս, առավելապես՝ սահմանամերձ շրջաններում, որոնցից մեկն էլ Ճամբարակն է: Աջակցությունը տրամադրել ենք ֆուտբոլային մրցախաղերի ժամանակ հանգանակված գումարների հաշվին: Առաջիկայում էլ նմանօրինակ հանգանակությունների միջոցով կփորձենք նոր նախագծեր իրականացնել: Մենք, իհարկե, ոգեւորված ենք այն հաջողություններով, որ Գյոթեի ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում գրանցել է այս դպրոցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ բացակայում են կենսական նշանակության շատ պայմաններ, որոշեցինք փոքր ծրագրերի միջոցով ցուցաբերել աջակցություն, որպեսզի երեխաներն ավելի բարվոք պայմաններում կարողանան օգտվել ,,Սնունդ,, ծրագրից: Սա իմ երրորդ այցն է Ճամբարակ, որոնց ընթացքում հետզհետե նկատում եմ աշակերտների առաջադիմությունը գերմաներեն լեզվի ուսուցման մեջ: Մեր համագործակցությունը կլինի շարունակական,,-նշեց Բեռնարդ Կիսլերը:
Ծրագրի իրականացումից գոհունակություն հայտնեցին նաեւ դպրոցի ,,Սնունդ,, ծրագրի խոհարարները:,,Դեռեւս մեկ ամիս առաջ մենք խոհանոցում չունեինք տաք ու սառը ջուր, լվացարան, գազ ու գազօջախ, սառնարան, իսկ այսօր մեզ համար ապահովված են լավագույն պայմանները: Իսկապես, մեզ համար աշխատելն ու երեխաներին սպասարկելը շատ է հեշտացել,,-հավաստեց խոհարար Գյուլնարա Պողոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:40:46