Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

05.12.2017

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Բացելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շնորհավորեց նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթող ճանաչված համայնքների ղեկավարներին, առանձնացնելով հատկապես ՝ խոշորացված համայնքների ղեկավարներին, մաղթելով նրանց աշխատանքային հաջողություններ:
,,Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների սեփական եկամուտների մասին,, հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 89,6 տոկոսով, կամ պլանավորված 1 միլիարդ 367 միլիոն 340 հազար 900 դրամի փոխարեն փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 224 միլիոն 652 հազար 100 դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ արձանագրվել է 6 տոկոս աճ, որը կազմում է 225 միլիոն 444 հազար դրամ:Մարզի միջինից ցածր ցուցանիշներ են ապահովել Վարդենիսի տարածաշրջանը՝ 79,5 տոկոս, Գավառի տարածաշրջանը՝ 84,1 տոկոս եւ Ճամբարակի տարածաշրջանը՝ 88,8 տոկոս: 100 տոկոսից ավել ցուցանիշներ են ապահովել Սեւան, Բերդկունք, Սարուխան, Ծակքար, Զոլաքար, Ծովակ, Վարդաձոր, Ներքին Գետաշեն, Երանոս, Ձորագյուղ, Լճաշեն, Գեղամավան համայնքները:Վարչության պետը հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ մարզի կատարողականը կարող է հատել 100 տոկոսի սահմանը:
,,Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին,, զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը: Նա նշեց, որ այս տարվա 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում վարչական հսկողություն է իրականացվել մարզի Ծափաթաղ, Վարդենիս, Թթուջուր, Կութ, Գետիկ, Մեծ Մասրիկ, Ձորավանք, Ազատ, Կախակն, Ավազան, Զովաբեր, Ծովագյուղ, Ծաղկաշեն եւ Ձորագյուղ համայնքներում:Վարչական հսկողության արդյունքում կազմվել են համապատասխան տեղեկանքներ, որոնցում արտացոլվել են ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերված իրավական եւ մասնագիտական թերությունները: ,,Առաջարկվել է համայնքի ղեկավարներին՝ 15-օրյա ժամկետում տեղեկանքներով արձանագրված թերությունները քննարկել ավագանու նիստերում եւ միջոցներ ձեռնարկել՝ դրանք վերացնելու ուղղությամբ:Անհրաժեշտ եմ համարում նշել, որ վարչական հսկողություն իրականացնող խմբի անդամների կողմից ուսումնասիրությունները կատարելու ընթացքում համայնքներում շտկվել եւ կարգավորվել են բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ,, -նշեց աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
,,Գեղարքունիքի մարզում այս տարվա երկրորդ կիսամյակում ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի կատարման արդյունքների մասին,, զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Նա նշեց, որ այս տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում Գեղարքունիքի մարզում կազմակերպվել են մեկ մարզային եւ երկու համապետական շաբաթօրյակներ, որոնց մասնակցել են մարզային եւ համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները: ,,Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցել են շուրջ 19800 մարդ եւ 653 միավոր տեխնիկա: Երկրորդ կիսամյակի ընթացքում փակվել է ապօրինի գործող 12 աղբավայր: Մաքրվել են համայնքների վարչական տարածքները, պատմության եւ բնության հուշարձանների շրջակայքը, ավտոճանապարհների եզրերը: Միջոցներ են ձեռնարկվում տնտեսվարող սուբյեկտների կողմից աղբահանության ծառայությունների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու ուղղությամբ: Մարզի ակտիվ տնտեսվարող 2168 սուբյեկտներից աղբահանության պայմանագրեր են կնքել 1725-ը կամ մոտ 80 տոկոսը:Աղբահանության դրույքաչափ է սահմանվել մոտ 60 համայքներում,, -ներկայացրեց Վանիկ Հարությունյանը:
Հանդես գալով ամփոփիչ ելույթով՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հորդորեց մինչեւ տարեվերջ ամբողջությամբ հավաքագրել սեփական եկամուտները, հետեւողական աշխատանք տանել վարչական վերահսկողության արդյունքում հայտնաբերված թերություններն ու բացթողումները շտկելու եւ առանձնահատուկ ուշադրություն սեւեռել շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28