Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իզերի դեպարտամենտալ խորհրդի կողմից հաջորդ տարի մարզում կիրականացվեն նոր ծրագրեր

28.11.2017

Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիական  ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,,կազմակերպության վերապատրաստումների ղեկավար, առաջին բուժօգնության գծով բժիշկ Պիեռ Շիլինգերին: Կողմերի հանդիպման նպատակն էր՝ ամփոփել Գեղարքունիքի մարզպետարան-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2017 թվականին մարզի առողջապահական ոլորտում իրականացրած ծրագրերը և պայմանավորվածություն ձեռք բերել հաջորդ տարվա անելիքների ուղղությամբ:
Մարզպետի տեղակալը, ողջունելով հյուրի այցը, նշեց, որ այսպիսի յուրաքանչյուր հանդիպում կարևորվում է, քանզի դրա արդյունքում մարզի առողջապահական հաստատություններում կատարվում են որոշակի ներդրումային ծրագրեր: ,,Դրա ապացույցը մարզի բուժհիմնարկների վերանորոգումն է, բուժքույրերի աստիճանական վերապատրաստումը և բուժհիմնարկներին անհրաժեշտ պարագաներով հագեցած պայուսակների տրամադրումը, որը խիստ օգտակար է բնակչության շրջանում առաջին բուժօգնություն կազմակերպելու համար,, -շեշտեց մարզպետի տեղակալը, համոզմունք հայտնելով, որ համագործակցությունը նույն արդյունավետությամբ կշարունակվի նաև հաջորդ տարի:
Իր հերթին Պիեռ Շիլինգերը գոհունակություն հայտնեց այն առումով, որ կատարված ներդրումները բոլոր ուղղություններով ծառայում են իրենց նպատակին, ապա խոսեց 2018 թվականի մարզի առողջապահության ոլորտում կազմակերպության կողմից իրականացվելիք աշխատանքների մասին: ,,Մենք կշարունակենք առաջին բուժօգնության պարագաներով հագեցած բժշկական պայուսակների և այլ սարքավորումների տրամադրումը այն բուժհիմնարկներին, որոնք դրա կարիքն ունեն: Նախատեսում ենք կազմակերպել վերապատրաստումներ երկու մակարդակով, որոնցից մեկը բուժքույրերի հիմնարար վերապատրաստումն է, իսկ մյուսը՝ հիվանդանոցների բժիշկների վերապատրաստումը: Նույն ակտիվությամբ կիրականացնենք նաև սահմանամերձ եւ հեռավոր բնակավայրերի բուժկետերի վերանորոգման աշխատանքներ,, - ներկայացրեց Պիեռ Շիլինգերը :
Նա նաեւ առաջարկեց՝ վերապատրաստել բժիշկների մի մեծ խումբ, որն էլ իր հերթին պարբերաբար նոր գիտելիքներ կփոխանցի մարզի մնացած բուժաշխատողներին: Հաշվի առնելով ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներն առ այն, որ Մարտունու բժշկական կենտրոնում աշխատում է համեմատաբար որակյալ կադրերով համալրված բժիշկների մեծ բանակ, Պիեռ Շիլինգերը առաջարկեց նույն կենտրոնում էլ ստեղծել այդ կառույցը՝ իրենց կողմից բուժհաստատությունը անհրաժեշտ պարագաներով վերազինելու և հագեցնելու պայմանով: Մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը հավանության արժանացրեց առաջարկը, վստահեցնելով, որ այն կծառայի մարզի բուժաշխատողների մասնագիտական կարողությունների և հմտությունների բարելավմանը:
Հանդիպման ընթացքում տեղեկացվեց նաև, որ Սևան- Գրենոբլ համագործակցության շրջանակներում Գրենոբլի քաղաքապետարանը Սևան քաղաքի ԲԿ ֆիզիոթերապևտիկ կաբինետին է նվիրել  6700 եվրոյի արժողության սարքավորումներ:
Ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպությունը նախատեսում է հաջորդ տարի առաջին բուժօգնության վերապատրաստումներ անցկացնել նաև մարզային ոստիկանության և հրշեջ ծառայության համապատասխան մասնագետների շրջանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55