Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը ներկա է գտնվել Սարատովում կայացած «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագրով համերգին, հանդիպում ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
25.11.2017

Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Սարատովի երկրամասի նահանգապետ Վալերի Ռադաևի ուղեկցությամբ Ա. Շնիտկենի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում ներկա է գտնվել հայկական մշակութային օրերի շրջանակներում կազմակերպված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագիրը կրող համերգին:
Միջոցառման մեկնարկին, դիմելով ներկաներին, նահանգապետ Վ. Ռադաևը նշել է, որ հայ ժողովրդի շատ զավակներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը և այլոք համաշխարհային մշակույթի զարգացման գործում ունեն հսկայական ներդում, իսկ հայ ժողովուրդը, ով դարերի խորքից պահպանել և փոխանցել է աշխարհի հնագույն այբուբեններից մեկը, քրիստոնեական արժեքները, արժանի է ամենախորը հարգանքի: Պատասխան խոսքում Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Սարատովի երկրամասի կառավարությանը և անձամբ նահանգապետին ջերմ ընդունելության համար, հավելելով, որ բարձր է գնահատում նահանգապետի ցուցաբերած մեծ աջակցությանը հայկական մշակույթի պահպանման և զարգացման գործում:
Համերգին ներկա են գտնվել Սարատովի երկրամասի օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Սարատով կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով մարզի սոցիալ–տնտեսական վիճակը և մատնանշել ներդրումային ուղղություններ, ինչպես նաև պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին: