Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի գյուղում <<Շեն>> կազմակերպության միջոցներով բացվեց մանկապարտեզ

17.11.2017

Նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում բացվեց նորանորոգ ու կահավորված մանկապարտեզը, որի շինարարությունն իրականացվել է <<Շեն>> բարեգործական հասարական կազմակերպության միջոցներով եւ Մարտունու գյուղապետարանի համաֆինանսավորմամբ:Մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Մարտունի գյուղում 2014 թվականից ներդրումային ծրագրերի իրականացրած 8 կազմակերպությունների՝<<Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության>>, <<Շեն>>,<<Վորլդ Վիժն Հայաստան>>, <<Հայաստանի մանուկների հիմնադրամ <<Զարգացման սկզբունքներ>>, <<Դասավադիր Հայաստան>>, <<Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամ>>,<<Հայ օգնության ֆոնդ>> բարեգործական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, Մարտունի գյուղի դպրոցի մանկավարժներ եւ աշակերտներ, ծնողներ:
Պատվավոր հյուրերին աղուհացով դիմավորեցին մանկապարտեզի սաները: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը: Այնուհետ հյուրերն այցելեցին նորաբաց մանկապարտեզի սենյակներ, ճաշարան եւ խոհանոց՝ տեղում դիտելու կատարված աշխատանքները, կահավորանքը, ստեղծված հարմարությունները: Մանկապարտեզն ընդունեց նաեւ իր առաջին 20 սաներին, ովքեր իրենց ծնողների հետ տոնական տրամադրությամբ մուտք գործեցին հաստատության շենքից ներս:<<Նման երազանք ունեցել են 1921 թվականից այս գյուղը հիմնադրած մեր պապերը, բայց այդ երազանքը հաջողվեց իրագործել մոտ մեկ դար անց, բարեգործ հայ մարդկանց շնորհիվ:Երբ մեր գյուղից ուրիշ տեղ բնակության տեղափոխված ընտանիքները լսեցին, որ մանկապարտեզ ենք բացում, վերադարձան գյուղ, ու հիմա մենք 20-ի փոխարեն 25 երեխա ենք ընդունելու: Այստեղ մեր մատաղ սերունդը կկրթվի հավուր պատշաճի, մեր գյուղը կամրանա ու կզարգանա: Սա մեզ համար մի ուրիշ տոն է, աննկարագրելի հաջողություն>>,- նշեց մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Մուրադյանը:
<<Այստեղ դրվել են համահայկական ջանքեր, եւ Մարտունի գյուղը կարողացել է լուծում տալ ամենաառաջնահերթ խնդիրներից մեկին:Այս ձեռնարկի արդյունքում մենք կունենանք ավելի կիրթ, ավելի հայրենասեր ու զարգացած սերունդ, մարդիկ սիրով կկապվեն իրենց հող ու ջրին: Բարեսիրական կազմակերպությունների հետաքրքրությունները մի քանի ոլորտներում արդեն տվել են դրական արդյունք, իսկ շարունակությունը եւս կլինի տեսանելի: Ինձ մնում է շնորհավորել հերթական ձեռնարկի ավարտի ու նախադպրոցական հաստատության շահագործման առթիվ եւ վստահեցնել, որ Գեղարքունիքի մարզպետարանը հնարավորինս կաջակցի ձեզ՝ մանկապարտեզի գործունեությունը կանոնավոր կերպով ապահովելու համար>>,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:
Ինչպես ներկայացրեց <<Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության>> ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, Մարտունու մանկապարտեզի բացումը մեկն էր այն ձեռնարկներից, որն իրականացվել է մեկ նպատակի շուրջ համախմբված համահայկական 8 կազմակերպությունների համատեղ միջոցներով եւ ուժերով:<<Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանում իրենց բազմամյա ավանդով եւ հեղինակությամբ հայտնի 8 հասարակական կազմակերպություն նախաձեռնեցին եռամյա համատեղ ծրագիր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում կյանքի պայմանները բարելավելու նպատակով: Այս գյուղն ընտրվեց այն չափանիշով, որ նրա բնակիչները Մեծ եղեռնից վերապրած մարդկանց ժառանգներն են:2014 թվականից ի վեր վերը նշված կազմակերպությունների ռեսուրսներով բարեփոխումներ են իրականացվել Մարտունի գյուղի սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, մշակութային, կրթական, առողջապահական եւ բնապահպանական ոլորտներում: Ընդհանուր առմամբ՝ մեր համատեղ ուժերով Մարտունի գյուղում կատարվել է 79 միլիոն դրամի ներդրում, որը նպաստել է տարբեր ոլորտների զարգացմանը՝ գյուղտեխնիկայի ձեռքբերումից, ջրամատակարարման համակարգի կառուցումից, հղի կովերի տրամադրումից մինչեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման կազմակերպում, մանկապարտեզի ստեղծում, բուժկետի բացում, այլ բնույթի ծրագրերի իրականացում: Ինչպես մեր համագործակցությունը,այնպես էլ զարգացման ծրագրերը Մարտունիում եւ թիրախային այլ համայնքներում լինելու են շարունակական>>,-նշեց Հարութ Ներսեսյանը:
Մարտունու մանկապարտեզի կառուցման համար <<Շեն>>հիմնադրամը տրամադրել է շուրջ 21 միլիոն դրամ: Մարտունու գյուղապետարանի ներդրումը կազմել է 1 միլիոն 200 հազար դրամ: Մանկապարտեզի շինարարությանն աջակցել է նաեւ <<Հայաստանի մանուկների հիմնադրամ>>-ը՝ ֆինանսավորելով մանկապարտեզի սանհանգույցների նորոգումը:Մանկապարտեզը հիմնանորոգվել ու բացվել է Մարտունու դպրոցի շենքի անօգտագործելի տարածքում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017 թվականի մայիսից եւ ավարտվել 2017 թվականի նոյեմբերի ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06