Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճամբարակի <<Աստղացոլք>> ՀԿ երեխայի զարգացման կենտրոնի տարածքում բացվեց երթեւկության կանոնների ուսուցման խաղահրապարակ

08.11.2017

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում գործող <<Աստղացոլք>> ՀԿ երեխայի զարգացման կենտրոնի տարածքում բացվեց երթեւեկության կանոնների ուսուցման խաղահրապարակ, որն իր բովանդակությամբ առանձնահատուկ նախաձեռնություն է ինչպես երեխաների ժամանցի կազմակերպման, այնպես էլ երթեւեկության կանոնների տիրապետման, ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու տեսանկյունից:
Խաղահրապարակի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, Ճամբարակի կրթական եւ մշակութային հաստատությունների տնօրեններ, ծնողներ եւ աշակերտներ:
Ինչպես բացման խոսքում նշեց <<Կայուն զարգացման նախաձեռնությունների <<Աստղացոլք>> ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը, իր բովանդակությամբ մարզում առաջին, առանձնահատուկ այս խաղահրապարակը ստեղծվել է իրենց կազմակերպության մտահղացմամբ ու նախաձեռնությամբ, <<Գործընկերություն եւ ուսուցում>> ՀԿ տեխնիկական աջակցությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:<<Բարեկարգվել է <<Երեխայի զարգացման կենտրոնի>> բակային տարածքը, գծանշումներով ստեղծվել է ճանապարհային մակետ, տեղադրվել են երթեւեկությունը կարգավորող նշաններ, ձեռք են բերվել հեծանիվներ, ինքնագնացներ, անվավոր չմուշկներ, առաջիկայում կունենանք նաեւ ինքնաշարժ խաղալիք ավտոմեքենաներ, որոնցով մեր կենտրոն հաճախող երեխաները, ինչպես նաեւ քաղաքի դպրոցների աշակերտները կարող են հաճելի ժամանակ անցկացնել խաղահրապարակում՝ միաժամանակ սովորելով երթեւեկության կանոննները: Մենք ամեն օր լսում ենք, թե որքան դժբախտ դեպքեր են գրանցվում ճանապարհատրանսպորտային պատահարներից, որոնց նվազեցման ամենաարդյունավետ միջոցը վաղ տարիքում երեխային երթեւկության կանոնները սովորեցնելն է: Մեր կենտրոն հաճախող հատուկ կարիքավոր 50-ից ավել երեխաների կողքին խաղահրապարակից կարող են օգտվել քաղաքի հարյուրավոր երեխաներ, որոնք հետագայում կկարողանան դրսեւորել ավելի ապահով ու անվտանգ վարքագիծ>>,-նշեց Իրինա Հովհաննիսյանը:
<<Շատ հետաքրքիր ու կարեւոր նախաձեռնություն է հանդես բերել <Աստղացոլք>> հասարակական կազմակերպությունը, քանի որ ժամանակակից աշխարհում պարտադիր է տիրապետել մի շարք գիտելիքների եւ կենսական անհրաժեշտության ուղղությունների, որոնցից մեկն էլ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոններին տիրապետելն է: Համոզված եմ, որ այս ծրագիրը կտա սպասված արդյունքը եւ օրինակելի կլինի այլ հաստատությունների համար>>,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52