Նորություններ
Գեղարքունիքում նախապատրաստական աշխատանքներ են տարվում <<Պապիլոմավիրուսի>> պատվաստանյութի ներդրման ուղղությամբ
03.11.2017

Գեղարքունիքի մարզպետարանում մարզի առողջապահական եւ հանրակրթական հաստատությունների բոլոր տնօրենների հետ հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ Առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուները ներկայացրին <<Պապիլոմավիրուսի>>պատվաստանյութի ներդրման նախապատրաստական միջոցառումների հերթականությունը եւ ծրագրի իրականացման կարեւորությունը: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Դասընթացավարները հանդիպման մասնակիցներին տեղեկացրին, որ <<Պապիլոմավիրուսի>> պատվաստանյութի ներդրման համար, համաձայն ՀՀ ԱՆ համապատասխան հրամանի, հիմնական դերակատարում ունեն հատկապես կրթական ու առողջապահական հաստատությունների տնօրենները, ինչպես նաեւ՝ վերապատրաստվող բուժանձնակազմը: <<Պապիլոմավիրուսի>> պատվաստանյութի ներդրումով մենք կկանխարգելենք արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը, որով տառապում են բազմաթիվ կանայք, որը շարունակում է սպառնալ շատերի կյանքին :Պատվաստանյութի ներդրումից առաջ ոչ միայն կարեւոր է իմունականխարգելման գործընթացում ընդգրկված բուժանձնակազմի վերապատրաստումը, այլ նաեւ բնակչության շրջանում պատվաստանյութի ներդրման կարեւորության մասին իրազեկումը, որտեղ մեծ դեր ունեն հենց կրթության եւ առողջապահության ոլորտի աշխատակիցները: Առաջիկայում կհստակեցվեն պատվաստանյութի ներդրման հետ կապված ժամկետները եւ անելիքները>>,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: <<Պապիլոմավիրուսի>> պատվաստանյութի ներդրման նպատակով կազմակերպվող դասընթացների ծախսերն իրականացվում են ՄԱԿ-ի <<Մանկական հիմնադրամի>> միջոցներով: