Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը պարգեւատրեց աչքի ընկած 16 մանկավարժների

05.10.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը Ուսուցչի օրվա առթիվ ընդունեց եւ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց իրենց աշխատանքում աչքի ընկած 16 մանկավարժների: Հանդիպման սկզբում մարզպետը Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորեց պարգեւատրվածներին՝ մաղթելով առողջություն ու հաջողություններ մասնագիտական դժվարին, բայց պատվաբեր աշխատանքում: ՙՄենք անչափ կարեւորում ենք ձեր աշխատանքը, գնահատում տարիների ստեղծած վաստակը: Կարծում եմ, որ դուք սահմանապահ հայ զինվորի չափ նվիրական ու հայրենասիրական գործ եք կատարում: Այսօր ես ձեր աշխատանքը խրախուսում եմ համեստ ձեւով՝ շնորհակալագրերի տեսքով, սակայն ուզում եմ հավաստիացնել, որ միշտ մեր ուշադրության ներքո կլինեն իրենց աշխատանքում հաջողություններ գրանցած մանկավարժները,ովքեր կարժանանան համապատասխան այլ կարգի խրախուսանքների՚,-նշեց մարզպետ Կարեն Բոթոյանը:
ՙԱյս պարգեւը, կարծում եմ, պատիվ ու հպարտություն է խրախուսված մանկավարժների համար, քանի որ մենք մեր մարզի մանկավարժների 3500 հոգանոց կազմից ընտրել ենք 16 առավել արժանավորներին, ովքեր նկատելի հաջողություններ են գրանցել իրենց աշխատանքում՚,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը:
Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրվեցին Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գայանե Քոլոզյանը, Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Անուշ Մանուկյանը, Գավառի Ս.Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Շուշանիկ Սաֆարյանը, Վարսերի Ռ.Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մերի Գալստյանը, Չկալովկայի միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Լուսաբեր Գրիգորյանը, Զոլաքարի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հերմինե Վարդանյանը, Լիճքի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Ռոզա Բալաբեկյանը, Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Բադոյանը, Գեղհովիտի Ա.Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրա Բաղդասարյանը, Կարճաղբյուրի Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Նվեր Բարսեղյանը, Լճավանի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Նորայր Ղազարյանը, Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Սիրանուշ Աղաջանյանը, Վարդենիսի ավագ դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լուսինե Մկրտչյանը, Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Հենրիկ Կարագյոզյանը, Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալեքսանդր Ղազարյանը եւ Գետիկ գյուղի միջնակարգ դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Անուշ Ղուկասյանը: Շնորհակալագրերն անձամբ հանձնեց մարզպետ Կարեն Բոթոյանը: Պարգեւատրվածները շնորհակալություն հայտնեցին մարզպետին՝ խոստանալով աշխատել ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ: ՙՀպարտ եմ այս պարգեւի համար, որը համարում եմ իմ աշխատանքի հանդեպ ցուցաբերած հարգանքին արժանի գնահատական: Առավել հպարտ եմ նրա համար, որ այն ստանում եմ իմ նախկին սանի ձեռքից՚,-նշեց Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Հենրիկ Կարագյոզյանը:
Մարզպետ Կարեն Բոթայանը Ուսուցչի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել մարզի մանկավարժներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55