Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը այցելեց Գավառի հատուկ դպրոց

23.09.2017

Հայ Օգնության ֆոնդի գործընկերների և առանձին բարերարների աջակցությամբ արդեն ութ տարի է, ինչ վերանորոգման և կահավորման լուրջ աշխատանքներ են իրականացվում Գավառի հատուկ դպրոցում: ՀՕՖ-ի փոխտնօրեն, ծրագրերի տնօրեն Մարգարիտա Փիլիպոսյանի տեղեկացմամբ՝ կազմակերպության կողմից դպրոցում իրականացվել են տանիքի, դռների և պատուհանների թարմացման, ներքին հարդարման աշխատանքներ, ստեղծվել, կահավորվել և համապատասխան սարքավորումներով համալրվել են ֆիզիկական վերականգնողական և հոգեբանական աջակցության սենյակները, վերանորոգվել և սարքավորումներով ապահովվել են փայտամշակման, կավագործության, կերամիկայի, կարի, ասեղնագործության և կոշկակարության արհեստանոցները, ճաշարանը, խոհանոցն ու սանհանգույցները: ՀՕՖ-ի անդամ, Գավառի հատուկ դպրոցի 10 ամյա բարեկամ, <<Գավառի հատուկ դպրոցի նյույորքյան գործընկերներ>> կազմակերպության միջոցների հաշվին այս տարի դպրոցում տեղադրվել է վերելակ, դպրոցի երթևեկող սաների համար տրամադրվել <<Գազել>> մակնիշի ավտոմեքենա:
Օրերս Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը այցելեցին Գավառի հատուկ դպրոց, որտեղ հանդիպում ունեցան դպրոցի սաների, մանկավարժների, հյուրերի, բարերարների և <<Գավառի հատուկ դպրոցի նյույորքյան գործընկերներ>> բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ղեկավար այրերը շրջեցին դպրոցում, ծանոթացան իրականացված աշխատանքներին, զրուցեցին հյուրերի հետ, այնուհետև դիտեցին հատուկ դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառումը:
Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց ՀՕՖ-ի ղեկավարությանը և <<Գավառի հատուկ դպրոցի նյույորքյան գործընկերներ>> կազմակերպության ներկայացուցիչներին՝ հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության և կեցության պայմանների բարելավման նպատակով բարեգործական տարատեսակ ծրագրեր իրականացնելու, բարեկամական ձեռք մեկնելու, հետայսու համագործակցությունը ավելի բարձր հիմքերի վրա դնելու ցանկություն հայտնելու համար:
Գավառի հատուկ դպրոցի տնօրեն Լարիսա Զազյանի ներկայացմամբ՝ այս ուստարում դպրոց են հաճախում կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող 42 սաներ, որոնց զգալի մասը դպրոցում ընդգրկված են նաև տարբեր խմբակներում: Նրանց մի մասը երթևեկում են, իսկ զգալի մասը՝ գիշերում: Դպրոցի ֆիզկուլտուրայի հարմարավետ դասասենյակում և վերականգնողական սենյակում վերապատրաստված մասնագետների օգնությամբ հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաները զբաղվում են վերականգնողական թերապիայով:
<<Գավառի հատուկ դպրոցի նյույորքյան գործընկերներ>> կազմակերպության ներկայացուցիչները վստահեցնում են, որ բարեգործական ծրագրերը դպրոցում կկրեն շարունակական բնույթ: <<Շենքի աշխատանքները ավարտված են, սակայն մեր գործը դեռ չի ավարտվել, ինչու՞, որովհետև երեխաներուն կխորհինք զանազան ծրագրերու մեջ բերել, որ օգնի նրանց զարգացմանը>>, -իր խոսքում նշեց <<Գավառի հատուկ դպրոցի նյույորքյան գործընկերներ>> կազմակերպության ղեկավար Գրիգոր Գրիգորյանը :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10