Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվեց հերոս զինվոր Արման Ղանդիլյանի անունով

08.09.2017

Գավառ քաղաքի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակն այսուհետ կրելու է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս զոհված հերոս զինվոր, հետմահու ՙՄարտական ծառայության ՚ մեդալի արժանացած Արման Ղանդիլյանի անունը:
Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցում կազմակերպված անվանակոչության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ Աժ պատգամավոր Հրանտ Մադաթյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը, Գեղարքունիքի մարզպետանի, Գավառի քաղաքապետարանի, Գավառի զինկոմիսարիատի, մարզի իրավապահ համակարգի պատասխանատու աշխատակիցներ, Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչներ: Բացելով միջոցառումը՝ Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի տնօրեն Սուսաննա Ավետիսյանը նշեց, որ իրենց կոլեկտիվը 2014-2016 թվականների ընթացքում երկու շրջանավարտի թանկ կորուստ է ունեցել, ովքեր, սակայն, հերոսացել են թշնամուց հայրենի հողը պաշտպանելիս:ՙՆրանցից առաջինը Գեորգի Մնացականյանն է, ում անունն այժմ կրում է մեր դպրոցը, եւ երկրորդն Արմեն Ղանդիլյանն է, ում անունն այսօրվանից կրելու է ռազմագիտության դասասենյակը: Խոնարհվելով նրանց սուրբ հիշատակի առաջ՝ միաժամանակ ցանկանում ենք, որ այսուհետ մեր տղաները մեծարվեն միայն եւ միայն խաղաղ պայմաններում՝ խաղաղ աշխատանքի, մշակույթի, սպորտի, արվեստի, գիտության բնագավառներում՚,-նշեց դպրոցի տնօրենը:ՙԽոնարհվում եմ Արմանի սուրբ հիշատակի, նրա ծնողների եւ ուսուցիչների առաջ, ովքեր նման խիզախ զավակ են ծնել, սնել ու դաստիարակել: Ցավոք, մենք անդառնալի կորուստներ ունեցանք, որոնք փարատվում են միայն նման ոգեկոչումներով: Հավատացած եմ, որ դուք կդաստիարակեք այնպիսի սերունդ, ովքեր արժանի կլինեն մեր հերոսներին, մեր հայրենիքին: Թող միշտ խաղաղ ապրի մեր երկիրը՚,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Այնուհետ Արման Ղանդիլյանի ապրած կյանքը եւ մարտական ուղին գեղարվեստական կատարումներով համեմեցին Գավառի թիվ 7 միջնակարգ դպրոցի աշակերտները: Առավել սրտառուչ ստացվեց ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանի խոսքը.ՙԵս Արմանի հորեղբայրն եմ: Մեկ տարի առաջ մենք կորցրինք մեր սիրելի զավակին: Թվում է, թե չկա սփոփանք, բայց խավարի մեջ լույս է ծագում, եւ այդ լույսն այս ոգեկոչումն է, այս դասասենյակի անվանակոչումը: Այո, երեխաներն ամեն առավոտ կգան, հայացքով կբարեւեն Արմանին, կոգեշնչվեն նրա անունով ու գործով: Սա լավագույն միջոցն է՝ անմահացնելու մեր հերոս տղաներին՚,-ասաց Վարդան Ղանդիլյանը:ՙԹող մեր զինվորները ծառայեն միայն խաղաղ պայմաններում եւ անփորձանք, ողջ ու առողջ տուն վերադառնան՚-խոսք հնչեցրեց Արման Ղանդիլյանի հայրը՝ Ալիկ Ղանդիլյանը:
Դասասենյակի բացման ժապավենի կտրման պատիվը տրվեց հերոսի ծնողներին՝ Ալիկ եւ Կարինե Ղանդիլյաններին: Ներկաները հուզմունքով դիտեցին ռազմագիտության դասասենյակում ստեղծված Արման Ղանդիլյանի անկյունը՝ ծաղիկներ խոնարհելով հերոսի դիմանկարի առջեւ: Ռազմագիտության անվանակոչված դասասենյակը նորոգվել է Գավառի քաղաքապետարանի միջոցներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59