Նորություններ
Հիմնանորոգվում են Նորակերտ, Արփունք, Արեգունի և Փամբակ համայնքների բուժկետերը
07.09.2017

Գեղարքունիք - Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունեց Ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության ներկայացուցիչ Ժան Պոլ Մասնադային, ով մարզի ղեկավարին ներկայացրեց 2017 թվականին իրենց կազմակերպության միջոցներով մարզի առողջապահական հիմնարկներում իրականացված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Ըստ ֆրանսիական կողմի ներկայացուցչի՝ կազմակերպությունն այս տարի ներդրումային ծրագիր է իրականացրել Վարդենիսի տարածաշրջանի Նորակերտ, Արփունք, Արեգունի և Փամբակ համայնքների բուժկետերում, որտեղ վերանորոգվել են տանիքները, փոխվել դռներն ու պատուհանները, կատարվել ներքին հարդարման, սանհանգույցների կառուցման, ենթակառուցվածքների անցկացման, որոշակի գույքի ձեռքբերման աշխատանքներ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 15 հազար եվրո: Ժան Պոլ Մասնադան խոսեց իրականացված աշխատանքների որակի և շինարարական չափանիշների պահպանման մասին, միաժամանակ հավաստելով, որ մինչև հոկտեմբերի 10-ը աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն: Կողմերը քննարկեցին նաև նշված բուժկետերում ջեռուցման համակարգերի անցկացման եւ մի շարք այլ անելիքների հետ կապված հարցեր: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական ,,Բժշկական օգնություն և զարգացում,, կազմակերպությանը, ի դեմս Իզերի դեպարտամենտալ խորհրդի, մարզի անապահով համայնքներում առաջին անհրաժեշտության ծրագրեր իրականացնելու համար և պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում մարզպետի լիազորությունների շրջանակներում աջակցել աշխատանքների ընթացքին: Կողմերի հաջորդ հանդիպումը կլինի բուժկետերի բացման արարողությունների առիթով: Համագործակցության շրջանակներում ֆրանսիական կողմն այս տարի մոտ 1000 եվրո արժողության գույք է նվիրաբերել նաև Գագարինավանի մանկապարտեզին: