Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Կարեն Բոթոյանը Ծովագյուղում դիտարկել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքները

05.09.2017

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կատարել Ծովագյուղ համայնք, որտեղ դիտարկել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքները: Ինչպես տեղում ներկայացրել է <<Ծովագյուղի Արծափ-Հնդկացորեն>> կոոպերատիվի նախագահ, հնդկացորենի վերամշակման գործարանի տնօրեն Արտաշես Խալաֆյանը, այս տարի Ծովագյուղում հնդկացորնի ցանքերը կազմում են 111 հեկտար, որից 8 հեկտարի վրա արդեն ավարտվել են բերքահավաքի աշխատանքները: Յուրաքանչյուր հեկտարից ստացվել է մոտ 12 ցենտներ բերք : <<Այս տարին անչափ անբարենպաստ ստացվեց բերքի համար: Մեր ցանքերը վնասվեցին կարկտից, ցրտահարությունից ու տեւական երաշտից: Եթե Ռուսաստանից բերված հատուկ պարարտանյութով չսնուցեինք ցանքերը, այսքան բերք չէինք ստանա: Ի դեպ, 50 հեկտար հնդկացորենի ցանք կարկտահարվեց հունիսի վերջերին, եւ ստիպված եղանք կրկնացանք կատարել, ինչը գոհացնող արդյունք է տվել : Այս պահին վերամշակման գործարանում ընթանում են գազիֆիկացման աշխատանքներ, որի ավարտից հետո արդեն կսկսենք հումքի վերամշակման աշխատանքները: Այս պահին դեռ իրացման հարցում չենք շտապում, քանի որ շուկայում որոշակիորեն նվազել է հնդկաձավարի գինը: Մտածում ենք հնդկացորենի ալյուր արտադրելու ուղղությամբ: Պատրաստ ենք վերամշակել նաեւ մարզի մյուս համայնքներում ցանված հնդկացորենի բերքի ողջ ծավալը, քանի որ գործարանի գազիֆիկացումը դրա հնարավորությունը տալիս է>>,-ներկայացրել է Արտաշես Խալաֆյանը:
Կոոպերատիվի նախագահը նշել է նաև, որ հնդկացորենի ցանքերը Ծովագյուղում եկող տարի կարող են ընդլայնվել, եթե կազմակերպությունը կարողանա կառավարության աջակցությամբ մատչելի վարկավորում ստանալ:<<Մենք ներդրումային ծրագիր ենք ներկայացրել կառավարություն՝ խնդրելով ցածր տոկոսներով վարկավորում՝ պահեստային մաս կառուցելու, հացահատիկահավաք կոմբայն եւ վարուցանք կատարող տեխնիկա ձեռք բերելու համար: Այդ խնդիրները լուծելու դեպքում, անկասկած, եկող գարնանը կարող ենք նկատելիորեն ավելացնել հնդկացորենի ցանքատարածությունները>>,-հավաստել է նա:
Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը կարևորել է այս կուլտուրայի մշակությունը մարզում և հույս հայտնել, որ տարեց տարի մարզում կընդլայնվեն հնդկացորենի ցանքատարածությունները: ,, Կարծում եմ, որ սա կնպաստի, որպեսզի հանրապետություն հնդկացորեն չներկրվի: Մենք մեր պահանջները կարող ենք բավարարել, ինչու չէ՝ նաև հարևան երկրներ արտահանել: Այս ծրագրի իրականացմանը ամբողջովին աջակցել է ՀՀ կառավարությունը և ես կարծում եմ, որ այդ աջակցությունը շարունակական կլինի,,- նշել է Գեղարքունիքի մարզի ղեկավարը: Հնդկացորենի բերքահավաքի աշխատանքները մարզում կավարտվեն սեպտեմբերի ընթացքում:

Այնուհետև Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ծովագյուղի մանկապարտեզ և Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ծանոթացել է առկա պայմաններին՝ համայնքային, պետական բյուջեով և միջազգային ծրագրերով իրականացված աշխատանքների որակին։ Հանդիպման ավարտին մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկել է հրատապ լուծում պահանջող համայնքային խնդիրներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:46:10