Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը

29.08.2017

Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ՀՀ ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը, մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, մարզպետարանի ներկայացուցիչներ: Խոսելով Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից 2016-2017 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպած աշխատանքների և առաջիկա անելիքների մասին, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը նշեց, որ մարզի 126 հանրակրթական դպրոցներում, այդ թվում և ավագ դպրոցներում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են զգալի հաջողություններ, ունեցել ուսման որակի և առաջադիմության աճ, չնայած որ համակարգում դեռևս կան նաև բազմաթիվ թերություններ և խնդիրներ, սկսած տնօրենների կառավարման հմտություններից, իրավական գիտելիքների պակասից, շենքային անբավարար պայմաններից և այլն: Ըստ զեկուցողի՝ նախորդ տարի մարզն ունեցել է երեք գերազանցության մեդալակիր, ,,Լավագույն ուսուցիչ և լավագույն դաստիարակ,, հանրապետական ամենամյա մրցույթում հաղթող են ճանաչվել մարզի ներկայացուցիչները: ԿՄՍ վարչության պետը խոսեց նաև մարզի հանրակրության ոլորտի երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի բաղադրիչների մասին : ,, Առաջիկա տարիներին մեր կատարվելիք աշխատանքների պլանավորման հիմքում դրվել է ՀՀ կառավարության 2017-2023թթ ծրագիրը, ըստ որի նախատեսվում է կատարել հետևյալ աշխատանքները.
Կրթության մատչելիության ապահովման նպատակով հանրակրթական դպրոցների բազայի հիման վրա իրագործել նախակրթարանների ցանցի և աշխարհագրության ընդլայնում, երեխայի կրթության կարիքի գնահատման գործընթացի կատարելագործում, շենքային պայմանների բարելավում, մրցունակ և ստեղծագործ մարդկային ռեսուրսների ապահովում, աշխատանքների կազմակերպման և առարկայական ծրագրերի դասավանդման դրվածքի նպատակային ուսումնասիրման գործընթացի ակտիվացում՝ առաջավոր փորձի տարածման և լավագույնների խրախուսման միջոցով,հանրության առջև հաշվետվողականության ապահովում, պետական միջոցների արդյունավետ օգտագործման և խնայողության արդյունքում համապատասխան կազմակերպությունների շենքային պայմանների բարելավման, ուսումնանյութական բազայի և ժամանակակից տեխնիկական միջոցների համալրման գործընթացի ակտիվացում,, , - նշեց Գարիկ Բադալյանը:
Խորհրդակցության ընթացքում Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանը ներկայացրեց մի շարք առաջարկություններ՝ հանրակրթության բնագավառում գնահատման աշխատակարգում հանդիպող խնդիրների կարգավորման վերաբերյալ, իսկ Լճաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանն իր ելույթում ողջունեց ՀՀ կառավարության կողմից ներդրվող նոր՝ ,,Ուսուցիչ,, ծրագիրը, որն ըստ նրա՝ ենթադրում է ուսուցչի դերի, նրա մասնագիտական և սոցիալական կարողությունների բարձրացում:

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը խոսեց դպրոց-բուհ համագործակցության արդյունավետության բարձրացման ուղիների մասին: ,,Կրթական համակարգը՝ որպես հասարակության ու պետության զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ, պահանջում է հստակ և արդյունավետ նորմատիվ իրավական կարգավորում։  Այսօր օրակարգում է բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, սակայն մեր կարծիքով, կրթական համակարգի բարեփոխումների ընդհանուր համատեքստում կրթությանը վերաբերող ճյուղային օրենսդրությունը համակարգելու և մեկ միասնական կոդիֆիկացված ակտ՝ կրթական օրենսգիրք մշակելու կարիք կա, որը համահավաք կերպով կապահովի լիարժեք իրավակարգավորում՝ նախադպրոցական կրթությունից մինչև բարձրագույն մասնագիտական կրթություն,, -հավելեց ԳՊՀ ռեկտորը:
Իր ամփոփիչ խոսքից առաջ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ոլորտի բարեփոխմանն ուղղված հետաքրքիր և արդյունավետ առաջարկություններ ներկայացնելու համար, հույս հայտնելով, որ այդ փաթեթը մանրակրկիտ կքննարկվի նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ, դրանք կիրառելի դարձնելու համար: Փոխնախարարը խոսեց նաև ,,Ուսուցիչ,, ծրագրի մասին, նշելով, որ այն ներառում է ուսուցչի դերի և նրա գործունեության բարելավմանն ուղղված մի շարք բարեփոխումներ, որոնց վերաբերյալ հրապարակումներ կարվեն հոկտեմբերի 1-ին, ուսուցչի օրվա առթիվ: ,,Ծրագիրը բաղկացած է լինելու երկու բաղադրիչից, առաջինը՝ դա ուսուցչի մասնագիտական որակի բարելավումն է, իսկ երկրորդը՝ ուսուցչի սոցիալական ապահովությունը՝ ամբողջությամբ վերցրած: Մենք հիմնականում վերափոխում ենք Կրթության Ազգային Ինստիտուտը, քանի որ ուսուցիչների վերապատրաստումների մասով լուրջ թերություններ կան այստեղ: Նախատեսել ենք նաև, որ ուսուցիչը իր մասնագիտական որակը վերապատրաստումների արդյունքում փոխելուց հետո ստանա ոչ թե 10 տոկոս հավելավճար, այլ անգամներով բազմապատկվի նրա վճարը,,-հավելեց փոխնախարարը: Վահրամ Մկրտչյանը խսեց նաև ավագ դպրոցներում ծրագրավորված նոր՝ կրեդիտային համակարգի ներդրման մասին, տեղեկացրեց, որ մարզի սահմանամերձ երկու համայնքների՝ Ճամբարակ քաղաքի և Վահան համայնքի 5-12-րդ դասարաններում սովորող 958 սաների դասագրքերը այս ուսումնական տարվանից լինելու են անվճար:
ՀՀ ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց Գեղարքունիքի մարզի՝ անցած տարի պետական ավարտական քննությունների արդյունքների ամփոփ պատկերը, ըստ որի մարզից միասնական քննություններ են հանձնել և տարբեր բուհեր ընդունվել դիմորդների 88 տոկոսը: ԵՊՀ ընդունվել են մարզի դիմորդների 90 տոկոսը, իսկ 90 դիմորդներ տարբեր բուհեր են ընդունվել պետպատվերի շրջանակներում: Ամփոփելով օգոստոսյան խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհավորեց բոլորին գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա առթիվ, մաղթելով հաջողություններով լեցուն տարի: ,, Վստահ եղեք, որն մեր առօրյայի մի մեծ հատվածը մենք տրամադրելու ենք հանրակրթական դպրոցներին: Ուսումնական տարվա ընթացքում մեր կողմից կլինեն անակնկալ այցեր, որոնք կնպաստեն ձեր գործունեության արդյունավետության բարձրացմանը և սովորողների ուսման որակի բարելավմանը : Ուզում եմ վստահեցնել, որ մարզպետարանը և անձամբ մարզպետը կանգնած է ձեր կողքին, ձեզ բարի երթ և նորանոր ձեռքբերումներ գիտության լույսի սփռման ճանապարհին,,- իր խոսքը եզրափակեց մարզպետ Կարեն Բոթոյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55