Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում

17.08.2017

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը օգոստոսի 16-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Նախարարը և մարզպետը նախ այցելել են Շորժա համայնքի ծիրանի այգի: Մեկ տարի առաջ 10 հեկտարի վրա հիմնված այգում աճեցվում են հայկական ծիրանի սորտեր: Ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով, որը այգու համասեփականատերը կատարյալ և չափազանց արդյունավետ է համարում: Այգում ընթացիկ աշխատանքների արդյունավետ իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա: Ծիրանի առատ բերքին այստեղ սպասում են 1-2 տարի հետո:
Մեծ Մասրիկ համայնքում գյուղատնտեսության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը հանդիպել են տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, իսկ Վարդենիկ համայնքում ծանոթացել 2016 թվականին հիմնված «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության արտադրության նմուշներին ու ծավալներին: Սոցիալական ձեռնարկությունում իրականացվում է տարբեր բանջարատեսակների և խոտաբույսերի հավաքում, չորացում ու սառեցում: Կազմակերպության հիմնադիրը զեկուցել է, որ իրացման հետ կապված խնդիրներ չկան, իսկ հաջորդ տարվանից կաշխատեն ընդլայնել արտադրության ծավալները և արտահանում կազմակերպել նաև արտերկրում:
Համայնքների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, կարևորելով մարզերի համար զարգացման տեսլականի մշակումը՝ ելնելով յուրաքանչյուր մարզի առաջնահերթություններից և առանձնահատկություններից: Ամփոփելով այցի արդյունքները` Իգնատի Առաքելյանը խոսել է նաև աշնանը գյուղացիներին սերմով ապահովելու մասին: «Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն` հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Հայաստանում գործող սերմարտադրողների հետ հանդիպումների ժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով, և եթե պահանջարկն ավելին լինի, քան իրենց առաջարկն է, ապա միայն այդ դեպքում կկազմակերպվի սերմերի որոշ խմբաքանակի ներկրում,,-նշել է նախարարը:
Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ թեև մարզում հիմնականում զբաղվում են հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ, սակայն բնակլիմայական նպաստավոր պայմաններ կան նաև այգեգործության զարգացման համար: Ըստ մարզպետի Շորժայի այգիների օրինակով նմանատիպ այգիներ կարելի է հիմնել նաև Վարդենիսի տարածաշրջանում, իսկ Մարտունիում` սկսել բրոկկոլիի մշակություն: Կարեն Բոթոյանը հավելել է նաև, որ մարզի համայնքներում մեծ հետաքրքրություն են առաջացրել մատչելի տոկոսադրույքով գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորությունները և հարկավոր է հետևողական լինել դրանց շուտափույթ ձեռքբերման հարցում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25