Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստը

10.08.2017

Օգոստոսի 10-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց մարզային խորհրդի հերթական նիստը, մարզխորհրդի անդամների, մարզպետարանի ստորաբաժանումների, մարզի ուժային կառույցների ղեկավարների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, մարզպետ Կարեն Բոթոյանը:
2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ մարզի համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Ըստ զեկուցման՝ 2017 թվականի 7 ամսվա արդյունքներով մարզի համայնքային բյուջեների կատարողական մակարդակը կազմում է 88,0 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 12,8 տոկոսով: Ներկայացված վիճակագրության արդյունքում մարզում 100 տոկոսից բարձր արդյունք են ապահովել 23 համայնքներ, 70-100 տոկոս՝ 26 և 70 տոկոսից ցածր՝ 42 համայնքներ: Վարչության պետը նշեց, որ մարզպետի նախաձեռնությամբ վարչության աշխատակիցները շարունակելու են մարզի համայնքներում կազմակերպել քննարկումներ, տալ ցուցումներ՝ հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
2017 թվականի առաջին կիսամյակում կատարված վարչական հսկողության արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը: Ըստ զեկուցողի՝ հաշվետու ժամանակահատվածում վարչական հսկողություն է իրականացվել մարզի Նորաշեն, Բերդկունք, Վանևան, Տորֆավան, Գեղաքար, Վ. Գետաշեն, Մադինա, Նորաբակ, Լուսակունք, Այգուտ, Գեղամասար, Ախպրաձոր, Անտառամեջ և Նորատուս համայնքներում, որի արդյունքում առաջարկվել է համայնքների ղեկավարներին՝ 15-օրյա ժամկետում մարզպետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից արձանագրված թերությունները քննարկել ավագանու նիստերում և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը զեկուցեց մարզում 2017 թվականի բերքահավաքի իրականացման ընթացքի մասին: Ըստ ներկայացվածի՝ ընթացիկ տարում մարզում կարձանագրվի բերքատվության համեմատաբար ցածր արդյունք՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով և տևական երաշտով: Այս տարի կանխատեսվում է արտադրել 67916 տոննա հացահատիկ, 208000 տոննա կարտոֆիլ, 37000 տոննա բանջարեղեն և 280000 տոննա խոտ: Վարչության պետը անդրադարձավ նաև պետական աջակցության ծրագրերով և մատչելի գներով մարզին հատկացված բարձրորակ սերմացուների, պարարտանյութերի և դիզելային վառելանյութի բաշխման գործընթացին և դրանց արդյունավետությանը:
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում մարզում իրականացված աշխատանքների մասին իր զեկույցում մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը նշեց, որ առաջին համապետական շաբաթօրյակի ընթացքում համայնքների կողմից փակվել են 88 աղբավայրեր և աղբակույտեր, 2-րդ համապետական շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավվել են 7009 մարդ և 2012 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակի ընթացքում փակվել են արձանագրված և դեռևս չփակված 25 աղբավայրերից 7-ը, իսկ մնացած աշխատանքները ընթացքի մեջ են:
Դիմելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը նշեց, որ հարկավոր է լուրջ և հետևողական աշխատանք տանել՝ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը առավելագույնի հասցնելու համար: Փոխնախարարը խոսեց նաև վարչական վերահսկողության ընթացքում արձանագրված խնդիրների արդյունավետ կարգավորման, զինապարտների գրանցման կարգի, զորահավաքային մարմնի կանոնադրության, գնումների գործընթացի ուղղությամբ իրականացված փոփոխությունները մինչև տարեվերջ իրականացնելու, գյուղոլորտին վերաբերող թեմաների մասին: Կարեն Իսախանյանը շնորհակալություն հայտնեց՝ մարզում սանիտարական մաքրման աշխատանքներում տեսանելի արդյունք ապահովելու համար:
Ամփոփելով հանդիպումը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց մարզի խորհրդի անդամներին և հյուրերին՝ մասնակցության համար, հույս հայտնելով, որ հաջորդ նիստի ընթացքում նշված խնդիրները լուծված կամ նվազագույնի հասցված կլինեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06