Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային լողափերում մեկնարկեց հանգստյան սեզոնը

01.07.2017

Սեւան քաղաքի թիվ 1,2,3 հանրային լողափերում հանդիսավորությամբ տրվեց հանգստյան սեզոնի բացումը, որին մասնակցեցին ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, ՙՍեւան ազգային պարկ՚-ի տնօրեն Վահե Գուլանյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աշխատակից Ֆրեդերիկ Ռայնվոլտը, պաշտոնական այլ անձինք: Հանգստյան սեզոնի բացման կապակցությամբ ողջունելով եւ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ Սեւանա լիճը համաշխարհային նշանակության էկոհամակարգ է, որը հարկավոր է շարունակ պահպանել ու զարգացնել՝ այն արդյունավետ ծառայեցնելով մեր ժողովրդի եւ երկրի կարիքներին:ՙՄենք անելու ենք հնարավորը, որպեսզի մոտակա ժամանակներում կարողանանք ավելացնել հանրային լողափերի թիվը նաեւ մարզի մյուս տարածքներում կամ համայնքներում, որպեսզի ավելի շատ մարդիկ Սեւանա լճի ափին իրենց հանգիստն անվճար վայելելու հնարավորություն ունենան՚,- իր խոսքում նշեց Արծվիկ Մինասյանը:Նախարարը հավաստեց նաեւ, որ շուտով տրվելու է Ծովագյուղի տարածքի հանրային լողափի շինարարության մեկնարկը, որտեղ ինքը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն այսօր այցելել են անձամբ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն իր հերթին շեշտեց, որ մարզպետարանը եւս անելու է հնարավորը, որպեսզի առաջիկայում էականորեն ավելանան հանրային լողափերը, իսկ մարզի ողջ տարածքը, այդ թվում եւ հանրային լողափերը, ունենան մշտական եւ ակնառու մաքրություն:ՙԱյսօր մենք ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի շրջանակներում հայտարարել ենք համամարզային հերթական շաբաթօրյակը, որին մասնակցում են մարզի բոլոր կազմակերպությունները: Հուսով եմ, որ մենք ճիշտ ու արդյունավետ կօգտագործենք Սեւանի գրավչությունները, կավելացնենք հանրային լողափերը, կզարգացնենք տուրիզմը՝ իր ամենատարբեր ճյուղերով՚,-ներկաներին դիմեց մարզպետը:
ՙՄենք այսօր այստեղ ենք, որպեսզի ոչ միայն մասնակցենք հանգստյան սեզոնի բացմանը, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում տուրիզմի հետագա զարգացմանը: Ողջունում եմ Հայաստանի եւ Ֆրանսիայի Հանրապետությունների Գեղարքունիքի եւ Իզերի մարզերի, ինչպես նաեւ առանձին քաղաքային համայքների միջեւ հաստատված ապակենտրոնացված համագործակցությունը տուրիզմի ոլորտում եւ միաժամանակ ցանկանում, որ բոլորս ամեն օր անհանգստանանք Սեւանի մաքրության պահպանման համար՚,-նշեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան աշխատակից Ֆրեդերիկ Ռայնվոլտը:Հանգստյան սեզոնի բացումն ուղեկցվեց  Սեւանի մշակույթի կենտրոնի, Սեւանի դպրոցների եւ ՙՍեւան երիտասարդական ակումբ՚ ՀԿ երգի-պարի խմբերի սաների գեղարվեստական կատարումներով:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի տեղեկացմամբ, հուլիսի 1-ից բացված հանրային երեք լողափերում 12-ժամյա փրկարարական ծառայություն է իրականացնելու Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ջրափրկարարական հատուկ ջոկատը: Իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հավաստմամբ՝ հուլիսի 1-ից հանրային լողափերից օգտվողների համար գործելու է 2 բուժկետ եւ շտապօգնության ծառայություն:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59