Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը
27.06.2017

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է Գեղարքունիքի մարզում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մշտական հանձնաժողով, որը ղեկավարելու է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Հանձնաժողովում ընդգրկված են նաեւ մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Արտաշես Նիկոյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Հունիսի 27-ին հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ կայացավ հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում հանձնարարվեց հանձնաժողովի անդամներին եւ Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Սեւանի եւ Գավառի տարածքի պատասխանատուներին՝<<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման նպատակով մարզի համայնքներում մշտական հսկողություն սահմանել սանմաքրման, աղբահանության, կանաչապատման եւ այլ կարգի աշխատանքներում: Հանձնարարվեց նաև ակտիվ մասնակցություն ապահովել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի նախաձեռնությամբ 2017 թվականի հուլիսի 1-ին հայտարարված սանիտարական մաքրման, աղբահանության, աղբավայրերի ծածկման նպատակով հայտարարված շաբաթօրյակին, որում պետք է ընդգրկվեն մարզի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կրթամշակութային եւ առողջապահական հաստատություննները, արտադրական ձեռնարկությունները, <<Սեւան ազգային պարկը>>, ճանապարհները սպասարկող կազմակերպությունները, շահագրգիռ այլ կառույցներ: <<Մեր մարզը նկատելի դրական աշխատանք կատարել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի պահանջները բավարարելու ուղղությամբ, բայց մենք եղածով չպետք է բավարարվենք: Ավելին, մեր հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է ամենօրյա հետևողական աշխատանք տանի, որպեսզի մարզի ամեն մի համայնքում, ամեն մի տարածքում ապահովվի բավարար մաքրություն, նվազագույնի հասցվեն աղտոտումները: Անցած ժամանակի ընթացքում իրականացված աշխատանքն ապացուցեց, որ ցանկության դեպքում մենք կարող ենք լիովին ապահովել շրջակա միջավայրի մաքրության պահպանումը: Դա պետք է համարենք մեր հետագա պարտքն ու պարտականությունը>>,-ամփոփեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, Գեղարքունիքի մարզում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը: