Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում շարունակվում են աշխատանքները ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում

07.06.2017

Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման նպատակով մարզում ստեղծված աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կազմակերպման մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մարզում աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կազմակերպման մշտական հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը: Նիստին հրավիրված էր ՀՀ առողջապահական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սվետլանա Հովհաննիսյանը: Սկզբում Կարեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին՝ մայիսի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված հանրապետական շաբաթօրյակի աշխատանքները մարզում պատշաճ մակարդակով կազմակերպելու և գոհացուցիչ արդյունք ապահովելու համար: Ապա հանձնաժողովի նախագահը կարծիք հայտնեց, որ ,,Մաքուր Հայաստան,, ծրագիրը դեռեւս ընթացքի մեջ է, որից բխող բոլոր պահանջների կատարման հարցում պետք է ցուցաբերել հետևողականություն և բարձր պատասխանատվություն:
Նիստի ընթացքում հանրապետական շաբաթօրյակի արդյունքների վերաբերյալ ներկայացվեց տեղեկատվություն, ըստ որի շաբաթօրյակին իրենց մասնակցությունն են ունեցել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի, մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների, մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց ուժերով շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են համայնքների վարչական տարածքները, 138 աղբանոցից փակվել է 88-ը, խոշոր համայնքներում կատարվել է ծառատունկ: Շաբաթօրյակի ընթացքը լուսաբանվել է մարզային և հանրապետական ԶԼՄ-ներով:
Առողջապահական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Սվետլանա Հովհաննիսյանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ համաձայն իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների, մարզի գրեթե բոլոր համայնքներն ունեն աղբամանների անհրաժեշտության խնդիր, և որ հարկավոր է այս հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանել:
Նիստի ընթացքում զեկուցվեց նաև, որ ընթացքի մեջ է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի նիստի համապատասխան հանձնարարականը, ըստ որի՝ մինչև հուլիսի 1-ը պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ տնտեսվարող սուբյեկտների կողմից աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրերի կնքման ուղղությամբ: Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ թերացումների դեպքում կնախատեսվի նաև համապատասխան վարչական վարույթ: Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահի հետ քննարկեցին նաև կառավարության նիստի մեկ այլ հանձնարարականը, որով նախատեսվում է գույքագրել զբոսաշրջային վայրերում և դրանց հարակից տարածքներում պահանջվող անհրաժեշտ աղբամաններն ու սանհանգույցները և , հաշվի առնելով գործող առևտրի, սննդի օբյեկտների, գազի և բենզինի լցակայանների հնարավորությունները, ձեռնարկել միջոցներ՝ դրանց հասանելիությունը քաղաքացիների և զբոսաշրջիկների համար ապահովելու ուղղությամբ:
Կարեն Հակոբյանը նիստի ավարտին հանձնարարեց՝ հետամուտ լինել վերը նշված հանձնարարականների կատարմանը և դրանց վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել: Մարզպետի տեղակալը միաժամանակ կարեւորեց՝ շրջաբերականների միջոցով բոլոր համայնքներին իրազեկել ՀՀ վարչապետի 2017 թվականի հունիսի 2-ի այն հանձնարարականի մասին, որով պահանջվում է համայնքների ղեկավարների կողմից տեղեկատվություն ներկայացնել համայնքներում փակման ենթակա և կոնսերվատիվ դժվարություններ պարունակող աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակերպելու և աղբահանության ծառայություններն ապահովելու նպատակով համապատասխան ազդակիր համայնքներին անհրաժեշտ պետական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28