Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց Վարդենիսի տարածաշրջանի համայնքների խոշորացման ծրագիրը

30.05.2017

Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպման էին հրավիրել Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարներին՝ քննարկելու պետական բարեփոխումներով նախատեսված բազմաբնակավայր համայնքների խոշորացման ծրագիրը: Դավիթ Լոքյանը, սկսելով հանդիպումը, նշեց, որ ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանականերում որդեգրվել է մի սկզբունք, ըստ որի աստիճանաբար Հայաստանի Հանրապետությունում պետք է իրականացվի համայնքների խոշորացման ծրագիրը, որի արդյունքում եւ պետք է գնալ վարչատարածքային փոփոխությունների ՙՄենք որդեգրել ենք համայնքների խոշորոցման սկզբունքը, քանի որ ներկա ռեսուրսներն անբավարար են՝ համայնքների բնականոն զարգացումն ապահովելու համար: Այլեւս հնարավորություններ եւ ռեսուրսներ չունի առանձին յուրաքանչյուր համայնք՝ ծրագրային գաղափար դնելու, բյուջե մեծացնելու եւ մնացած խնդիրները լուծելու համար: Մենք Հայաստանում ունենք մոտավորապես 400 համայնքներ, որոնց բյուջետային եկամուտները հնարավորություն չեն տալիս՝ զարգանալու՚,-նշեց նախախարի պաշտոնակատարը: Ապա Դավիթ Լոքյանը ներկայացրեց կատարված աշխատանքների ընթացքն Հայաստանի այն խոշորացված 18 բազմաբնակավայր համայնքներում, որոնք միավորվել են բարեփոխումների եւ համայքների խոշորացման ծրագրի արդյունքում, հավաստիացնելով, որ կարճ ժամանակի ընթացքում բոլոր տեղերում արդեն նկատելի են դրական փոփոխությունները, կատարված ներդրումները, զարգացման հուսալի ընթացքը: ՙՎերցնենք խոշորացված համայնքների ներկայիս պատկերը: Ի՞նչ է կատարվել այդ համայնքներում: Իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ, կառուցվել են ջրագծեր, մաքրվել սելավատարներ, անցկացվել գիշերային լուսավորություն, համայնքի կարիքների համար գնվել է անհրաժեշտ տեխնիկա, բնակիչներին աջակցություն է ցուցաբերվել՝ գյուղատնտեսական աշխատանքները ավելի արդյունավետ իրականացնելու համար: Ստեղծվել են նոր աշխատատեղեր՝ ըստ անհրաժեշտության, եւ կրճատվել են այն հաստիքները, որոնք համայնքում որեւէ գործառույթ արդեն չունեն՚,-փաստեց նախարարի պաշտոնակատարը: Նա միաժամանակ համայնքների ղեկավարներին ծանոթացրեց նոր փոփոխություններով սահմանված համակարգին, խոշորացված համայնքի ղեկավարի եւ բնակավայրերի վարչական ղեկավարի իրավասություններին: ՙՎարչական ղեկավարի աշխատավարձը չի զիջելու համայնքի ղեկավարի աշխատավարձին: Վարչական տարածքում ղեկավարը կպահի հաստիք՝ մատուցվող ծառայությունների անհրաժեշտությունից ելնելով: Նա կմասնակցի բոլոր ավագանիների նիստերին, իր բնակավայրի հետ կապված ցանկացած հարց կկարողանա ընդգրկել անագանու նիստի օրակարգում: Վարչական ղեկավարը, բացի ֆինանսականից, պատասխանատու է տվյալ բնակավայրի բոլոր խնդիրների համար: Նախարարությունը հատուկ ձեռնարկ է սահմանել, թե ինչ կարգով պետք է աշխատի խոշորացված համայնքի ղեկավարը: Այսօր խոշորացման ճանապարհով է գնում աշխարհը, զարգացող երկրները: Լատվիան 1100 համայնքի խոշորացման արդյունքում արդեն ունի 65 համայնք, որոնք այսօր ծաղկում են: Մենք այլեւս ժամանակ չպետք է կորցնենք, մինչեւ փետրվարի 12-ը ՀՀ-ում պետք է համայնքների խոշորացման գործընթացը ավարտված լինի: Խոշորացման արդյունքում մենք ձեւավորված միավորներ, մարդկային ու նյութական կապիտալի կուտակում, որոնցով էլ կզարգացնենք մեր երկիրը: Եվրամիությունը ֆինանսավորում է խոշորացված համայնքների ծրագրերը: Այն համայնքի ղեկավարը, ով նորմալ գյուղի ղեկավար է աշխատել, կարող է նշանակվել նաեւ որպես վարչական ղեկավար, միգուցե եւ ընտրվի խոշորացված համայնքի ղեկավար: Մենք գնում ենք զարգացման ուղղությամբ: Դուք այդ դեպքում եւ պետությունից եք ֆինանսավորվելու եւ դրսից: Ապագայում դժվարություններ կլինեն՝ կդիտարկենք՚,- ամփոփեց նախարարի պաշտոնակատարը: Վարդենիսի տարածքի համայնքների խոշորացման ծրագրի նախագծի շուրջ դիտողություններով եւ առաջարկություններով հանդես եկան համայնքների ղեկավարները:
Հանդիպման ավարտին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ իր հաջորդ հանդիպումը տեղի կունենա Վարդենիսում, որի ընթացքում խոշորացված համայնքների համար արդեն համատեղ ուժերով կկազմվեն սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության որոշակի գործառնական ծրագրեր՝ կառավարություն ներկայացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28