Նորություններ
ՙՄաքուր Հայաստան՚ ծրագիրը կկրի շարունակական բնույթ
29.05.2017

Գեղարքունիքի մարզում մայիսի 27-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակն անցել է կազմակերպված եւ արդյունավետ, որի ընթացքում բոլոր համայնքների բնակավայրերում եւ դրանց վարչական տարածքներով մեկ իրականացվել են սանմաքրման, ծառատնկման, կանաչապատման, աղբահավաքման եւ աղբահեռացման աշխատանքներ: Մայիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաեւ համապետական շաբաթօրյակի արդյունքներին եւ ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի հետագա ընթացքին: ՙՀանձնաժողովի կողմից ներկայացված տվյալներով, ինչպես նաեւ մեր դիտարկումներով, համապետական շաբաթօրյակը մեր մարզում անցել է կազմակերպված: Կատարվել է բավարար եւ գոհացուցիչ աշխատանք, ինչի արդյունքում հաջողվել է մարզում իրականացնել սանմաքրման, աղբահեռացման եւ ծառատնկման ու կանաչապատման աշխատանքներ: Սակայն մարզում մշտապես մաքրություն պահպանելու համար պետք է ամենօրյա հետեւողական աշխատանք կատարել բոլոր ուղղություններում՝ կառավարելի վիճակ ապահովելով նաեւ գլխավոր հատակագծերով թույլատրված աղբավայրերում: Բոլոր հնարավոր միջոցներով ու համատեղ ուժերով մենք պետք է բացառենք մեր շրջակա միջավայրի հետագա աղտոտումը, վերացնենք նկատված ամենաչնչին թերությունները՚,-հանձնարարական խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետը: Կարեն Բոթոյանի հավաստմամբ՝ ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի առաջիկա հիմնական անելիքներից մեկը Գավառ քաղաքի գլխավոր աղբավայրի հնարավոր մեկուսացումն է մետաղական ցանկապատման միջոցով, որը կիրկանացվի Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ եւ Գավառի քաղաքապետարանի ուժերով: