Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի շրջանավարտներին այցելեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետը

26.05.2017

Գեղարքունիքի մարզում մայիսի 26-ին ՙՎերջին զանգը՚ հնչեց մարզային ենթակայության 85 միջնակարգ եւ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող 8 դպրոցների ավարտական դասարաններում: Մարզի դպրոցներում կազմակերպվեցին ՙՎերջին դաս՚ միջոցառումներ, որոնց մասնակցեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Իր աշխատանքային առաջին օրը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն անցկացրեց մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում՝ մասնակցելով ՙՎերջին դաս՚ միջոցառումներին: Վարդենիս քաղաքի Էդիկ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհավորեց շրջանավարտերին՝ մաղթելով հաջողություններ հետագա ուսումնառության մեջ: Վարդենիսի ավագ դպրոցում Կարեն Բոթոյանը շնորհավորանքի խոսք ուղղեց ավարտական դասարանի 60 շրջանավարտներին: ՙՍիրելի շրջանավարտներ,այս պահից դուք հրաժեշտ եք տալիս ձեր դպրոցական կյանքին եւ մուտք գործում կյանքի նոր շեմ: Այժմ արդեն ձեր կյանքի նավը նավահանգստից դուրս է գալիս բաց ծով, և ես համընթաց քամի եմ ցանկանում ձեր նպատակների նավին: Շատ կարեւոր է, որ ձեզնից ամեն մեկը գտնի իր տեղը հանրային կյանքում, դառնա մեր հայրենիքին արժանի քաղաքացի: Միաժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել ուսուցիչներին՝ իրենց նվիրական ու նպատակամղված աշխատանքի համար, համոզված լինելով, որ նրանց վաստակը ոչ մի տեղ չի կորչելու՚,-նշեց Կարեն Բոթոյանը:
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետն առանձնակի հուզմունքով այցելեց Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոց, ուր անցել են նրա դպրոցական տարիները, որտեղ նրան սրտաբաց դիմավորեցին իր ուսուցիչները: Այստեղ եւս Կարեն Բոթոյանը մասնակցեց ՙՎերջին դաս՚ միջոցառմանը, բարի երթ ու հետագա հաջողություններ մաղթելով շրջանավարտներին: Այնուհետ մարզպետը հանդիպում ունեցավ ուսուցչական կոլեկտիվի հետ:ՙԱյսօր մենք միմյանց շնորհավորելու մի քանի առիթ ունենք:Առաջին առիթը ուստարվա ավարտն է եւ մեր շրջանավարտների հրաժեշտի միջոցառումը, երկրորդ՝ մեր մանկավարժական կոլեկտիվը հպարտ է եւ ուրախ, որ իրենց նախկին սանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի պատասխանատու պաշտոնում:Իսկապես, մեզ համար մեծ պատիվ է՝ մեր դպրոցում ուսանած անձնավորությանը տեսնել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում, եւ մենք բազմապատկելու ենք մեր ճիգերն ու ջանքերը, որպեսզի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը միշտ պահենք բարձր հիմքերի վրա՚,-նշեց Մեծ Մասրիկի Միջնակարգ դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանը:ՙՍիրելի ուսուցիչներ, ես ցանկացա իմ առաջին աշխատանքային օրը սկսել ձեր օրհնանքով: Շնորհակալ եմ ձեզանից՝ տված կրթության ու դաստիարակության համար: 17 տարի առաջ ես հրաժեշտ եմ տվել այս դպրոցին, որտեղ անցկացրած տարիները միշտ վառ են մնացել իմ հիշողության մեջ: Այս դպրոցը մեր երկրին տվել է բազմաթիվ հայրենասեր ու նվիրյալ մարդկանց, եւ համոզված եմ, որ այս տարվա շրջանավարտները եւս կհամալրեն շատ ու շատ անվանի մարդկանց շարքերը՚,-իր ուսուցիչներին դիմեց Կարեն Բոթոյանը: Իրենց հերթին Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին նորանշանակ մարզպետին՝ ցանկանալով նրան հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ պետական աշխատանքում: ՙՎերջին զանգի՚ կապակցությամբ մարզպետ Կարեն Բոթոյանը ուղերձ է հղել մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչություն տվյալներով 2016-2017 ուսումնական տարվա ավարտին Գեղարքունիքի մարզի 85 միջնակարգ եւ 6 ավագ դպրոցներին , 1 կրթահամալիրին եւ 1 բաց դպրոցին հրաժեշտ կտան 1945 շրջանավարտ: Իսկ ահա չորս միջնակարգ դպրոցներ այս տարի չեն ունենա շրջանավարտներ: Դրանք են՝ Այրք, Կախակն, Նորաբակ եւ Աղբերք գյուղերի միջնակարգ դպրոցները: Նույն աղբյուրի հավաստմամբ նշված դպրոցները արդեն շրջանավարտներ կունենան 2017-2018 ուսումնական տարվանից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28