Նորություններ
Ռաֆիկ Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ մարզպետարանի աշխատակազմի հետ
23.05.2017
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մայիսի 23-ին հրաժեշտի հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բոլոր անդամների հետ: Հանդիպման ընթացքում նախկին մարզպետը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատանքային կոլեկտիվին հնգամյա համատեղ և արդյունավետ աշխատանքի համար, հույս հայտնելով, որ համագործակցությունը մարզի և մարզպետարանի հետ ինքը կշարունակի նաև Ազգային Ժողովից՝ իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում: ,,Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մարզպետարանի կոլեկտիվին՝ երկարամյա համատեղ աշխատանքի համար: Բնականաբար ես առաջնորդվել եմ այս կոլեկտիվը որպես մի մեծ ընտանիք տեսնելու սկզբունքով: Անցած հինգ տարիների ընթացքում մենք միասին աշխատել ենք ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետների հետ, և նրանց կողմից երբևէ Գեղարքունիքի մարզի վերաբերյալ որևէ դժգոհություն չի եղել: Դա փաստում է այն մասին, որ այն խնդիրները, որոնք դրված են եղել ձեր առջև, դուք կատարել եք բարեխղճորեն և ամենայն պատասխանատվությամբ: Մենք համատեղ ուժերով բավականին աշխատանքներ ենք իրականացրել և դեռ շատ ու շատ անելիքներ ունենք մեր հայրենիքի շենացման ու հզորացման գործում: Բոլորիս ցանկանում եմ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ,,- իր խոսքում նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը մարզպետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց Ռաֆիկ Գրիգորյանին՝ համատեղ և համագործակցված աշխատանքի համար, մատնանշելով տարբեր ոլորտներում մարզպետի հետևողականության և ճիշտ կառավարման շնորհիվ գրանցված փոփոխություններն ու ձեռքբերումները: Ռաֆիկ Գրիգորյանը աշխատակազմի բոլոր անդամներից բաժանվեց ձեռքսեղմումով: