Նորություններ
Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ
03.05.2017
Գեղարքունիքի մարզում ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման, աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ կազմակերպելու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի՝ 25.04.2017թ թիվ 68-Ա որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ,,Սևան Ազգային պարկ,, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի առջև խնդիր է դրված համակարգել և վերահսկողություն իրականացնել մարզի համայնքներում, դրանց հարող վարչական տարածքներում, միջպետական, հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհներին իրականացվող սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Գեղարքունիքի մարզպետի կողմից մարզում հայտարարված սանիտարական մաքրման միամսյակի ընթացքի մասին հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ մայիսի 3-ին: Հանձնաժողովի անդամները խորհրդակցության ընթացքում զեկուցեցին, որ մարզում սանիտարական աշխատանքները արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով ամենօրյա աշխատանք է տարվում համայնքների և հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարների հետ, շրջայցերի միջոցով վերահսկվում է իրավիճակը, իրենց կողմից տրվում են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Մարզում սանիտարական միամսյակի մեկնարկից արդեն անցել է մեկ շաբաթ, և դրական արդյունքները հատկապես տեսանելի են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին: Աշխատանքները ընթացքի մեջ են նաև միջհամայնքային նշանակության ճանապարհներին և համայնքների վարչական տարածքներում: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Հակոբյանը համոզված է որ ամենօրյա հետևողական աշխատանքի և համայնքների հետ համագործակցության արդյունքում կարվի հնարավորը՝ մարզում ,,Մաքուր Հայաստան,, ծրագիրը կենսագործելու, սանիտարական միամսյակի պահանջները լիարժեքորեն կատարելու համար: