Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց մարզի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին
02.05.2017
Այս տարի լրացավ Գեղարքունիքի մարզում տեղակայված ,,Քյավառ,, և ,,Զանգակ,, հեռուստաընկերությունների հիմնադրման 20-ամյակը: Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց երկու հեռուստաընկերությունների աշխատակազմերին: ,, Ես ականատես եմ եղել նորաստեղծ հեռուստաընկերությունների կայացման դժվարին գործընթացներին: Նրանք արել են հնարավորը, որպեսզի ոչ միայն հեռուստաընկերությունները ունենան տեխնիկական արդի հագեցվածություն, այլ նաև՝ ստեղծագործական որակյալ կազմ: Պետք է ասեմ, որ հիմնադիրներին հաջողվել է հաղթահարել այդ ճանապարհը, ինչի արդյունքում մենք այսօր մարզում ունենք կայացած հեռուստաընկերություններ, որոնց հաղորդումներին անհամբեր սպասում են տասնյակ հազարավոր հեռուստադիտողներ,,- նշեց մարզի ղեկավարը: Հոբելյանական տարեդարձի առթիվ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալով պարգևատրեց ,,Քյավառ,, հեռուստաընկերության տնօրեն Արմեն Գալստյանին և ,,Զանգակ,, հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Երանոսյանին, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով և խրախուսական նվերներով՝ երկու հեռուստաընկերությունների խմբագրակազմերի ներկայացուցիչներին, մաղթելով նրանց ստեղծագործական նորանոր հաջողություններ: Իրենց խոսքում հեռուստաընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին՝ համագործակցված աշխատանքի, ցուցաբերված գնահատանքի և վստահության համար: Վերջիններս միաժամանակ հավաստիացրին, որ կանեն հնարավորը հեռուստաընկերությունների զարգացումը շարունակելու, մարզի կենսագործունեության հետ առնչվող խնդիրները հավուր պատշաճի լուսաբանելու՝ ի նպաստ մարզի սոցիալ- տնտեսական զարգացման և բնակչության բարօրության: