Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ

23.04.2017

Հարգելի հայրենակիցներ
Ավելի քան մեկ դար տեւած ժամանակահատվածն անգամ բավարար չեղավ՝ հայության հիշողությունից ջնջելու ցեղասպանության այն հրեշավոր գործողությունները, որոնք Օսմանյան Թուրքիան իրականացրեց մեր ժողովրդի դեմ: Նույն ժամանակահատվածը բավարար չեղավ նաեւ Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին՝ քավելու իրենց նախնիների ոճրագործ մեղքերը եւ փոխհատուցելու մեր համազգային կորուստները: Ավելին,այսօր էլ Թուրքիան ոչ միայն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այլ նաեւ իր դաշնակից Ադրբեջանի հետ միասին իրական սպառնալիք է ստեղծում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար՝ հայատյացությունը դարձնելով հիմնական զենք եւ քաղաքականություն: Նման պայմաններում մեզ մնում է ավելի ամուր համախմբվել հայրենի պետականության շուրջ եւ համայն հայության հավաքական ուժի մեջ որոնել մեր ազգի եւ պատմության հետագա անվտանգ ընթացքը, մեր ահռելի կորուստների վերագտնումն ու համազգային իղձերի իրականացումը:Այդ են պահանջում միայն հայ լինելու համար սպանված, բայց արդեն սրբադասված մեր միլիոնավոր նահատակների անմեղ հոգիները, այդ են պահանջում թշնամու դեմ սահմանին անսասան կանգնած մեր զինվորները, ցեղասպանության հետեւանքով հայրենազրկված հայերի սերունդները, այդ են պահանջում մեր՝ դեռ չսպիացած վերքերը:
Ազգովի գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակի առջեւ՝ մենք միաժամանակ պետք է լի մնանք վճռականությամբ՝ շարունակելու մեր հայրենիքի կերտումն ու հզորացումը, անվտանգության ու առաջընթացի ուղին, մեր հաղթանակների ու ձեռքբերումների ընթացքը:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:23:44