Նորություններ
Կայացավ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի մարզային փուլը
19.04.2017

Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի մարզային փուլը, որին մասնակցել են դեռեւս 2016 թվականին անցկացված օլիմպիադայի տարածքային փուլի հաղթող թիմերը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով, շախմատի օլիմպիադայի կանոնակարգի համաձայն՝ թիմերի կազմում ընդգրկված են եղել մինչեւ 14 տարեկան դպրոցականներ: Այն անցկացվել է թիմային հաշվարկով , ընդ որում թիմը բաղկացած է եղել 4 աշակերտից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ: Մրցաշարն անցկացվել է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով: Խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Օլիմպիադայի մարզային փուլն անցկացվել է շրջանաձեւ մրցակարգով: Սեւանի տարածքը ներկայացրել է Սեւանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոցի թիմը, Գավառի տարածքը՝ Գավառի Ս. Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոց թիմը, Մարտունու տարածքը՝ Վարդենիկի Ա. Օհանյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմը, Ճամբարակի տարածքը՝ Ճամբարակ քաղաքի Մ. Քոչարյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմը, իսկ Վարդենիսի տարածքը՝ Խաչաղբյուր գյուղի Կ. Գեւորգյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը: Ծավալվել է հետաքրքիր եւ անզիջում պայքար, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Գավառի Ս. Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոց թիմը: Թիմի կազմում հանդես են եկել Վարդան Սարգսյանը, Տիգրան, Մհեր եւ Արագնազ Գայրանյանները: Շախմատի օլիմպիադայի մարզային արդյունքները ամփոփել է գլխավոր մրցավար Մերուժան Հայրապետյանը: Շախմատի օլիմպիադայի հովանավոր ՙՀայկական բարեգործական ընդհանուր միության՚ կողմից մարզային փուլի մասնակից բոլոր շախմատիստները եւ թիմերի ներկայացուցիչները պարգեւատրվել են հուշանվերներով, իսկ հաղթող թիմի անդամներին եւ մարզչին նվիրել են մեկական նեթբուկ, թիմին՝ գավաթ:
Գավառի Ս. Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոց թիմը մայիսի առաջին տասնօրյակում մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում: