Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կհիմնվի առաջին հողմային էլեկտրակայանը

11.04.2017

Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ընդունեց ,,ACCESS-power,, միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնց հետ հերթական անգամ քննարկեց մարզի հինգ գյուղական համայնքների տարածքներում հողմային էլեկտրակայանների կառուցման խնդիրը: Գեղարքունիքի մարզպետը հանդիպման սկզբում նշեց, որ սույն ներդրումային ծրագրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել ՀՀ վարչապետի մոտ, որի շուրջ և կայացվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշումը՝ մարզում հողմային էլեկտրակայանի կառուցման մասին:
,,Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում ամենաուժեղ քամիները գրանցվում են Գեղարքունիքի մարզում, և մենք կարծում ենք, որ քամու էներգիան այստեղ մեծ ներուժ ունի: Դրա համար էլ մենք այլընտրանքային էներգիայի արտադրության ներդրումային ծրագիրը սկսելու ենք Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի թվով 7 համայնքներից,,- ներկայացրեց ,,ACCESS-power,, կազմակերպության ծրագրի զարգացման տնօրեն Բասմա Բենթահերը:
Ըստ ներդրող կողմի՝ Գեղարքունիքի մարզում քամու միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը կիրականացվի Գեղարքունիքի մարզի թվով 5 համայնքների վարչական տարածքում: Այն կընթանա երեք փուլով: Առաջին փուլում կկառուցվի 80 մեգավատ, երկրորդ փուլում՝ 70, երրորդ փուլում 85 մեգավատ հզորության երեք կայաններ, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 235 մեգավատ: Ներդրող կողմի կարծիքով՝ առաջին հողմակայանը հոսանք կարտադրի 2019 թվականի կեսից, իսկ երկրորդ փուլը կմեկնարկի 2020 թվականի սկզբներից: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այս պահին Գեղարքունիքի մարզում ներդրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այլընտրանքային էլեկտրաէներգիայի արտադրության հիմնավորման ուղղությամբ և պատրաստ են՝ համապատասխան ներդրումներ կատարելու: Ներդրումներ են սպասվում ինչպես քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի ստացման, այնպես էլ ջերմոցային տնտեսությունների ստեղծման ուղղություններում:
,,Արևային էներգիայի ստացման և ջերմոցային տնտեսությունների հիմնման ուղղություններում առաջարկությունները շատ- շատ են, և ինձ համար այս պահին շատ կարևոր է ծրագրերի քայլ առ քայլ և արդյունավետ իրականացումը: Միաժամանակ հավաստիացնում եմ, որ Գեղարքունիքի մարզպետարանը լիովին պատրաստ է՝ աջակցելու այս ծրագրի իրականացմանը բոլոր խնդիրներում և նպաստելու է, որ այն կատարվի ամենաարագ և սեղմ ժամկետներում,,- հավելեց Ռաֆիկ Գրիգորյանը:
,,ACCESS-power,, կազմակերպության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով մարզպետին ցուցաբերած աջակցության համար, հույս հայտնեցին, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ Գեղարքունիքի մարզը դառնալու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը և ամենականաչ մարզը: Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ սեղմ ժամկետներում մարզում ստեղծել ,,ACCESS-power,, կազմակերպության ներկայացուցչություն, որը կտա աշխատանքների մեկնարկը Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28