Նորություններ
Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են գարնանացանին
06.04.2017

Գեղարքունիքի մարզի համայնքներում գյուղացիական տնտեսություններն արդեն նախապատրաստվում են գարնանացանին` հայտեր ներկայացնելով պետական աջակցությամբ դիզվառելիք, պարարտանյութ եւ սերմացու ձեռք բերելու նպատակով: ՀՀ կառավարությունն իր հերթին կատարում է հատկացումները` համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տեղեկացմամբ, համայնքներից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կառավարությունը 2017 թվականի գարնանացանի իրականացման համար մարզին հատկացրել է 6423,5 տոննա ազոտական, 176,4 տոննա ֆոսֆորական եւ 212,4 տոննա կալիումական պարարտանյութ: 50 կլիոգրամանոց 1 պարկ ազոտական պարարտանյութի արժեքը համայնքում կազմում է 6 հազար, կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերի մեկ պարկի արժեքը` 7 հազար դրամ: 2017 թվականի ապրիլի 5-ի դրությամբ արդեն մարզ է ներկրվել 1001,8 տոննա ազոտական պարարտանյութ: Մարզի համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա կառավարությունը գյուղացիական տնտեսություններին հատկացրել է նաեւ սուբսիդավորված սերմացուներ` 60 տոննա գարնանացան ցորեն, 192,9 տոննա գարնանացան գարի, 40 տոննա կորնգան, 10,75 տոննա հնդկացորեն, 9,7 տոննա առվույտ, 6,1 տոննա ոլոռ, 1 տոննա եգիպտացորեն, 2,5 տոննա սիսեռ: Գարնանացան ցորենի 1 կլիոգրամը տնտեսություններին հատկացվելու է 150, գարին` 130, կորնգանը` 370, առվույտը` 1500, եգիպտացորենը` 350, սիսեռը` 500, ոլոռը` 300, հնդկացորենը` 500 դրամով: Գարնանացան սերմացուն հիմնականում հատկացվում է 1-3 հեկտար հողատարածք մշակող տնտեսվարողներին: Կառավարության կողմից մարզի տնտեսություններին հատկացվելու է նաեւ սուբսիդավորված դիզվառելիք, որի քանակությունը նույնպես կսահմանվի համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա: Սուբսիդավորված 1 լիտր դիզվառելիքը գյուղացիական տնտեսություններին կբաշխվի 280 դրամով: ՙԱյժմ ընթանում է պարարտանյութի բաշխումը, առաջիկա օրերի ընթացքում կսկսվի նաեւ սուբսիդավորված սերմացուների եւ դիզվառելիքի տրամադրման գործընթացը: Կարվի հնարավորը, որպեսզի գարնանացանի մեկնարկին գյուղացիական տնտեսությունները լինեն կազմ ու պատրաստ` պետական աջակցությունն ըստ պահանջարկի ստացած: Մարզում առկա գյուղատնտեսական տեխնիկան թեև բավարար է գարնանացանի աշխատանքների իրականացման համար, սակայն դրանք ունեն որոշակի մաշվածության խնդիր և անհրաժեշտություն կա որպեսզի հնարավորինս թարմացվի գյուղտեխնիկայի պարկը,,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Նույն աղբյուրի հավաստմամբ այս տարի գարնանացանի աշխատանքներին գործի կդրվեն 2240 տրակտոր, 320 շարքացան, 450 գութան և 190 կուլտիվատոր: