Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում մեծարվեցին Ապրիլյան հերոսամարտերի մասնակից զինծառայողները

22.03.2017

Գավառի երաժշտական դպրոցում անցկացված ռազմահայրենասիրական ցերեկույթի ժամանակ խրախուսվեցին Հայոց բանակի զինծառայողներ, 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակիցներ, Գավառի զինկոմիսարիատից զորակոչված Էդգար Հայրապետյանը, Արթուր Հովեյանը եւ Վազգեն Սահակյանը: Ցերեկույթը տեղի ունեցավ ՀՀ ՊՆ բանակային 3-րդ զորամիավորման, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի եւ Գավառի զինկոմիսարիատի համատեղ նախաձեռնությամբ ու աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Հանդիպման ամենամեծ անակնկալը սպասվում էր Էդգար Հայրապետյանի ծնողներին՝ Էդուարդ Հայրապետյանին եւ Լուսինե Սուքիասյանին, որոնց զավակն արժանացել էր հրամանատարության ուշադրությանն ու խրախուսանքին: Մինչ Էդգարը բեմ կհրավիրվեր, ներկաները դիտեցին զինծառայողների մասին տեսաֆիլմ, որի առաջին կադրերից պարզ դարձավ, որ խոսքը շարքային զինծառայող, վարորդ, Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչ Էդգար Հայրապետյանի մասին է: Աննկարագրելի պահեր պարգեւող այդ տեսաֆիլմը ամենից շատ հուզեց Էդգարի ծնողներին: Հենց նրանց որդին էր զորամասում հրամանատարների ու զինկակից ընկերների շրջանում իրեն լավագույն կողմերով դրսեւորած զինվորը: ՙ Էդգարը մեր զորամասի ամենապարտաճանաչ եւ օրինակելի զինվորներից մեկն է եւ միանգամայն արժանի է ամենայն դրվատանքի ու խրախուսանքի: Նման գիտակից ու քաջ տղաների շնորհիվ է միայն կանգուն մեր հայրենիքը՚,- նշեց N զորամասի մարտկոցի հրամանատար Աբել Անդրեասյանը: Էդգար Հայրապետյանին լավագույն ծառայության համար պատվոգիր հանձնեց N զորամասի հրամանատարի տեղակալ Արտյոմ Խոդրյանը: Պատվոգրերի հանձնման արարողությունից հետո Էդգարին սպասում էր եւս մեկ խրախուսանք՝ հնգօրյա արձակուրդ:Նա զորացրվում է այս ամռանը: Միջոցառմանը հրավիրված էին նաեւ 2017 թվականի հունվար ամսին Հայոց բանակի շարքերից զորացրված գավառցի երիտասարդներ Արթուր Հովեյանը եւ Վազգեն Սահակյանը, ովքեր եւս իրենց հրամանատարության կողմից արժանացել էին շնորհակալագրերի: Նրանց զորամասերից շնորհակալագրերն ուղարկվել էին Գավառի քաղաքապետարանի հասցեով, որոնք եւ ցերեկույթի ընթացքում հանաձնվեցին Արթուր Հովեյանին եւ Վազգեն Սահակյանին: Միջոցառումը հագեցած էր գեղարվեստական համարներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59