Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը
03.03.2017
Մարտի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ ԶՈՒ բանակային 2-րդ կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Մարտունու բաժնի պետ Անդրանիկ Գյուլբենկյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, տարածքային զինվորական կոմիսարներ, զորակոչային հանձնաժողովի անդամներ: Օրակարգում քննարկվեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների և զորակոչային ընթացիկ հարցերի, մարզի զինվորական կոմիսարիատներում 2017 թվականից սկսված կցագրումների հետ կապված խնդիրներ: 2017 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների մասին զեկուցեցին Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի, Սևանի և Մարտունու զինվորական կոմիսարները: Ըստ զեկուցողների՝ զորակոչի պլանային առաջադրանքը կատարել են Վարդենիսի և Սևանի զինկոմիսարիատները, իսկ մնացած զինկոմիսարիատներում այն կատարվել է պլանային առաջադրանքից պակաս ցուցանիշով: Զեկուցողները խնդիրը պայմանավորեցին տարածքային զինկոմիսարիատներում գրանցված զորակոչային տարիքի երիտասարդների և Հանրապետական զինկոմիսարիատից պլանային առաջադրանքով իջեցված թվերի անհամապատասխանությամբ: Խնդիրը կարգավորելու համար Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը տարածքային զինվորական կոմիսարներին հանձնարարեց՝ մինչև հերթական զորակոչի հետ կապված աշխատանքների մեկնարկը զինկոմիսարիատներում կցագրվածների տվյալները 20 օր առաջ ներկայացնել մարզային զորակոչային հանձնաժողովին՝ դրանք նախապես Հանրապետական զինկոմիսարիատում ունեցած տվյալների հետ համաձայնեցնելու նպատակով: Մարզի զինվորական կոմիսարիատներում 2017 թվականից սկսված կցագրումների աշխատանքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԱՍԱ վարչության պետ Անուշ Պողոսյանը: Նա նշեց, որ տարածքային զինկոմիսարիատներին կից բժշկական բոլոր հանձնաժողովները ապահովված են համապատասխան մասնագետներով, իսկ կցագրումները ընթանում են սահմանված կարգի համաձայն: ՀՀ ԶՈՒ բանակային 2-րդ կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը տարածքային զինկոմներին առաջարկեց ակտիվ աշխատանք տանել ՀՀ զինված ուժերը պայմանագրային զինվորական ծառայողներով համալրելու ուղղությամբ, ինչը դրականորեն կազդի զորակոչի պլանային առաջադրանքների կատարման վրա, և աշխատանքով կապահովի մարզի երիտասարդներին: <<Այս ուղղությամբ հարկավոր է տանել հետեւողական աշխատանք համայնքների ղեկավարների հետ, մարզխորհրդի հերթական նիստում այն դարձնել քննարկման հատուկ հարց: Մեր համայնքներում երիտասարդ տարիքի շատ մարդիկ աշխատանք չունեն, համոզված եմ, որ նրանք պայմանագրային կարգով ծառայելու ցանկություն կունենան>>,-շեշտեց մարզպետը: Դպրոց-բանակ-հասարակություն կապը ընդլայնելու և ամրապնդելու, ռազմահայրենասիրական դաստիարակությունը ավելի բարձր հիմքերի վրա դնելու նպատակով մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահն առաջարկեց՝ մարզի բարձր դասարաններում սովորող ապագա զինվորների համար հաճախակի կազմակերպել այցելություններ մարզի տարածքում տեղակայված զորամասեր՝ նրանց ծանոթացնելով զինվորական կյանքին, զինտեխնիկային և զենքի հետ վարվելու կանոններին: ,, Այդ ավանդույթը մենք արդեն ձեւավորել ենք վերջին տարիների ընթացքում, պարզապես պետք է շարունակենք եւ առաջ գնանք: Հայոց բանակի ապագա զինվորը պետք է ծանոթանա զենքի հետ ճիշտ վարվելու կանոններին, զինվորական կարգուկանոնին, շփվի Հայոց բանակի զինվորների ու սպաների հետ, համակվի ռազմահայրենսաիրական ոգով: Նման այցերը պետք է կազմակերպվեն հաճախակի>>,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Ամփոփելով նիստի աշխատանքները՝ մարզպետը հանձնաժողովի անդամներին հրահանգեց՝ շարունակել համագործակցված աշխատանքը եւ վերացնել նկատված յուրաքանչյուր թերացում կամ բացթողում, որոնք ի հայտ են եկել ինչպես կցագրումների, այնպես էլ նախորդ զորակոչի ընթացքում: <<Որպեսզի ամեն մի զորակոչ անցնի սահմանված կարգին համապատասխան, հարկավոր է կատարել միասնական եւ համագործակցված աշխատանք: Ժամանակը մեր առջեւ դնում է նոր պահանջներ, նոր մոտեցումներ նոր անելիքներ, դրա համար էլ մենք պետք է անենք ամենահնարավորը, որպեսզի քայլենք ժամանակի պահանջներին համահունչ, կարողանանք կանխել արտաքին սպառնալիքի ամեն մի փորձ: Մեզ անհարժեշտ են միայն ու միայն առողջ, բարձր գիտելիքներով ու քաջարի ոգով զինված բանակայիններ>>,-ամփոփեց մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:


