Նորություններ
Գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ
01.03.2017
Փետրվարի 28-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ նախարարը եղավ Ծովագյուղ համայնքի հնդկացորենի վերամշակման գործարանում: Մարզի ղեկավարի, գործարանի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմ հանդիսացող ՙԷմպարդ՚ ծրագրի պատասխանատուների հետ նախարարը դիտարկեց գործարանում առկա խնդիրները և աշխատանքների ընթացքը, ծանոթացավ հնդկաձավարի արտադրանքի ծավալների ավելացման հեռանկարներին: Ինչպես ներկայացրին արտադրության պատասխանատուները՝ գործարանում այժմ առկա են որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք պահանջում են մասնագիտական լուծում: ,,Փաթեթավորող սարքավորումների եւ հնդկաձավարի ջերմային մշակման պրոցեսների կարգավորման հետ կապված խնդիրներ ունենք, որի համար էլ Ուկրաինայից համապատասխան մասնագետ ենք հրավիրել, ում սպասում ենք առաջիկա շաբաթվա ընթացքում: Հաջորդ հիմնախնդիրը կապված է հատուկ տեսակի պարարտանյութի ներկրման հետ, առանց որի ստացման անհնար է պատկերացնել հնդկացորենի հետագա ցանքն ու մշակությունը: Մեզ նաեւ կոմբայն է հարկավոր՝ հունձը ժամանակին եւ անկորուստ կատարելու համար ,, -ներկայացրեց գործարանի տնօրեն Արտաշես Խալաֆյանը: Ծրագրի պատասխանատուները հավաստիացրին, որ համապատասխան մասնագետների այցով մինչև ապրիլի վերջ վերջնականապես կլուծվի արտադրանքի փաթեթավորման խնդիրը և մանրածախ տարբերակով վաճառքի դուրս կբերվի նաև հայկական հնդկացորենը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ մարզում այս տարի նախատեսվում է ընդլայնել հնդկացորենի ցանքերը՝ դրանք հասցնելով մինչեւ 1000 հեկտարի: Դրա համար հարկավոր է գյուղացիական տնտեսություններին հատկացնել անհրաժեշտ քանակի սուբսիդավորված պարարտանյութ եւ սերմացու: ,,Մենք հնդկաձավարի իրացման հետ կապված խնդիր չունենք, քանի որ նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ՝ ստացված բերքը բանակին տրամադրելու համար: Մարզի համայնքներից արդեն 700 հեկտարի հայտ է ներկայացվել՝ իրենց մոտ հնդկացորենի ցանք կատարելու համար:Հաշվարկները ցույց են տալիս, որ մեզանում հնդկացորենի մշակությունը կրկնակի եկամտաբերություն է ապահովում ցորենի եւ գարու համեմատ՚,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետը:
Գեղարքունիքի մարզպետարանում գյուղատնտեսության նախարարը հանդիպում ունեցավ մարզի համայնքների ղեկավարների, գյուղնախարարության ոլորտում գործող մարզային կառույցների, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Խոսակցության հիմնական թեման վերաբերում էր Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ,,Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի,, հետագա ընթացքին եւ գյուղացիական տնտեսություններին գարնանացանի ընթացքում հատկացվելիք սուբսիդավորված դիզվառելիքի, սերմացուի եւ պարարտանյութերի քանակներին: Ինչպես ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ տնօրեն Գեղամ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզում առաջիկա տարիներին ևս կշարունակվի ՀՀ կառավարության կողմից իրականացվող ,,Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը,,, որի շրջանակներում ներդրումները կկազմեն շուրջ 3 միլիարդ դրամ: ,,Ավարտի կհասցվեն կիսատ մնացած ծրագրերը, համապատասխան ներդրումների դիմաց գյուղատնտեսական կոոպերատիվները կստանան պահանջված գյուղտեխնիկան, կշարունակվեն արոտների ջրարբիացման աշխատանքները, 8-ից մինչեւ 50 հազար դոլարի չափով դրամաշնորհային ծրագրեր կստանան վերամշակող փոքր ձեռնարկությունները, եթե պատրաստ կլինեն ծրագրի 50 տոկոսի չափով ներդրումներ կատարելուն,,,-ներկայացրեց Գեղամ Գեւորգյանը: Նախարար Իգնատի Առաքելյանի հավաստմամբ՝ այս տարի գյուղացիական տնտեսությունները պետության կողմից սուբսիդավորված պարատանյութի պահանջված քանակություն կստանան ժամանակին և համայնքներից ներկայացված հայտերին համապատասխան: ,, Իսկ ահա դիզվառելանյութ չենք սուբսիդավորելու, դա կառավարության որոշումն է, քանի որ այն սպառել է իրեն որպես աջակցության միջոց: Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի շրջանում դիզվառելիքը շուկայում ավելի մատչելի է քան սուբսիդավորված կարգավիճակում: Ավելի նպատակահարմար կլինի գյուղտեխնիկայի ձեռքբերման էժան ծրագրեր ապահովենք համայնքներում,,- իր խոսքում նշեց Իգնատի Առաքելյանը: Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում խոսվեց նաև մարզից ՀՀ կառավարություն ներկայացրած և հավանության արժանացած ներդրումային ծրագրերի մասին: ,, Մենք ՀՀ կառավարություն ենք ներկայացրել 7 հիմնավորված ծրագիր: Դրանցից առայժմ ներդրումային են ճանաչվել Ակունքի պանրագործարանի, տոհմային անասնաբուծության և Լճաշենի կաթի վերամշակման գործարանի զարգացմանը միտված ծրագրերը: ՀՀ կառավարության կողմից տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերվում մարզին և կարծում եմ, եթե այս աշխատաոճով շարունակենք, բավականին հաջողություններ կունենանք մարզում,, - նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հանդիպման ավարտին գյուղատնտեսության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը պատասխանեցին հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: