Նորություններ
Գեղարքունիքի մարզում մեկնարկեց առողջապահական ,,Բաց դռների օր,, միջոցառումը
27.02.2017
,,Հայաստանի առողջապահության կազմակերպիչների միավորում,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ 2017 թվականի փետրվարի 24-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ,,Առողջապահական բաց դռների օր,, միջոցառումը: Այն առաջինն անցկացվեց ,,Սևան,, բժշկական կենտրոնում՝ ,,Իզմիրլյան,, բժշկական կենտրոնի բժիշկ մասնագետների կողմից:,,Բաց դռներին,, Սևանի և նրա տարածաշրջանի բնակչության շրջանում անվճար հետազոտություն և խորհրդատվություն կատարեցին ,,Իզմիրլյան,, բժշկական կենտրոնի 13 նեղ մասնագետները, այդ թվում՝ գինեկոլոգ, մանկաբույժ, էնդոկրինոլոգ, նյարդաբան, սրտաբան, ակնաբույժ, ուռուցքաբան, մաշկաբան, անոթաբան, արյունաբան, ուռոլոգ, վնասվածքաբան: ,,Գեղարքունիքի մարզում բոլոր թվարկված նեղ մասնագետների կարիքը կա: Նրանց այցը մեծապես նպաստում է տարածաշրջանի բնակչության շրջանում ի հայտ եկած խնդիրների վաղ հայտնաբերմանը և դրանց կանխարգելմանը: Միաժամանակ մայրաքաղաքից հրավիրված մասնագետների հետ շփումը և համատեղ աշխատանքը տեղի բուժաշխատողների համար ունի ուսուցողական կարևոր նշանակություն: Այն հիվանդները, ովքեր ունեն վիրահատության կարիք, կփորձենք այն կազմակերպել մարզի տարածքում, իսկ եթե մարզի առողջապահական ներուժը դա թույլ չտվեց, հիվանդին պետպատվերի շրջանակներում կուղեգրենք մայրաքաղաքի համապատասխան կլինիկա,, -իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
<<Իզմիրլյան>> ԲԿ բժիշկ մասնագետներն ընդունեցին առողջական տարբեր խնդիրներ ունեցող 184 հիվանդի: Վիրահատության կարիք ունեցողները հերթագրվեցին: Մոտակա օրերին ,,Առողջապահական բաց դռների օր,, միջոցառումներ կկազմակերպվեն նաև Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջանների և Վարդենիկ գյուղական համայնքի բնակիչների համար: