Նորություններ
Քննարկվեցին հեռանկարային համարվող ներդրումային ծրագրերը
17.02.2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի հունվարի 11-ին կայացած խորհրդակցության հանձնարարականի կատարման շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում-քննարկում ՝ Գեղարքունիքի մարզում հեռանկարային համարվող ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու նպատակով: Հանդիպում-քննարկմանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, բանկերի եւ ներդրումային ծրագրեր ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ ձեռներեցներ: ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանի տեղեկացմամբ այս փուլում ներդրումային ծրագրերը 7-ն են, որոնք համապատասխան գերատեսչությունների կողմից դիտարկվել են հեռանկարային: ՙՀիմա մեր գործընկերների կողմից այդ ծրագրերը ավելի մանրամասն են մշակվում, որպեսզի նրանցում զետեղված բիզնես գաղափարները վերածեն ներդրումային նախագծի: Այս աշխատանքների ավարտից հետո մշակված պատրաստի փաստաթուղթը հնարավոր կլինի ներկայացնել ֆինանսավորման: Գեղարքունիքի մարզից հեռանկարային են դիտվել կտավատի ձեթի, հնդկաձավարի, կաթնամթերքի վերամշակման, շինշիլաբուծության, ոչխարաբուծության, այլընտրանքային էներգիայի արտադրության, խեցգետնի եւ ձկան պահածոների արտադրության կազմակերպման, մսի արտադրության կոոպերատիվի հիմնման ծրագրերը: Այս պահին մենք աշխատանք ենք իրականացնում նաեւ սկսնակ ծրագրերին ծանոթանալու եւ գործարարներին խորհրդատվություն տալու ուղղությամբ: Սկսնակ ծրագրերը, որպես ներդրումային ծրագիր, կքննարկվեն երկրորդ փուլում՚,-ներկայացրեց նախարարի տեղակալը: