Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը

17.02.2017

Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետարանի աշխատանքային խմբի, ԵՄ խորհրդատվական խմբի, քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը: Նախագծի ուժեղ եւ թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ, աշխատանքային խմբի ղեկավար Վարդուհի Մնացականյանը: Նա իրազեկեց նախագծում տեղ գտած մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակի վերլուծությունը, զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները, մարզի տնտեսական առանձնահատկությունների ուժեղ եւ խոցելի կողմերը: Որպես ուժեղ կողմ է դիտարկվել քաղցրահամ ջրի, հանքահումքային պաշարների, այլընտրանքային էներգետիկայի արտադրության, գյուղատնտեսական հարուստ ռեսուրսների, զբոսաշրջության տեսակների ներդրման հնարավորությունները, թույլ կողմ՝ ցրտաշունչ կլիման, թույլ զարգացած ենթակառուցվածքները, արտագաղթի ծավալները, գործազրկության բարձր տեմպերը: Մարզի զարգացման գերակա նպատակ է համարվել՝ մրցունակության բարձրացումը, տարածքներում բարձր կենսամակարդակի ապահովումը, տարածքային զարգացման կարողությունների զարգացումը, գերակա ուղղություները՝ գյուղատնտեսության արդիականացումը, Սեւանա լճի էկոհամակարգի պահպանումն ու տուրիզմի զարգացումը՝ շեշտը դնելով գյուղական տուրիզմի զարգացման վրա, եւ վերականգնվող էներգետիկայի արտադրության կազմակերպումը: ՙԱյս երեք ուղղությունները լինելու են գերակա մեր կողմից մշակված փաստաթղթում, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, հասարակական կազմակերպությունների եւ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները՝ ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ: Զարգացման ծրագրերը Գեղարքունիքի մարզում առաջիկա տարիներին կկատարվեն հիմնականում նշված 3 ուղղություններում՝ մեծապես խթանելով գործազրկության ու աղքատության կրճատմանը, տարածքների համաչափ զարգացմանը, տնտեսության արդիականացմանն ու աճին, բնակչության կենսապայմանների բարելավմանը: Նախագիծը ներկայացվելու է հանրային լայն իրազեկման, քննարկվում է նաեւ պետական գերատեսչություններում ու շահագրգիռ այլ մարմիններում, նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06