Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Ճամբարակում
16.02.2017

Փետրվարի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում: Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը մասնակցեցին տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Մարզի ղեկավարը հանդիպման մասնակիցների հետ քննարկեց սոցիալ-տնտեսական բնույթի եւ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված մի շարք խնդիրներ: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շեշտեց, որ ԿԸՀ-ի կողմից սահմանված ժամանակացույցով տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար ունեն որոշակի գործառույթներ, որոնք պետք է իրականացնեն սահմանված ժամկետներում եւ օրենքով սահմանված կարգով ,,Ընտրությունները համայնքներում պետք է անցկացվեն առանց թերությունների և խախտումների, բացառապես ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Բացի այն, որ նոր օրենսգիրքը քրեական պատիժ է նախատեսում ընտրախատումների դեպքում, օրենքի տառն ու ոգին պահպանելը մեզ չափազանց անհրաժեշտ է նաեւ միջազգային կառույցներում մեր երկրի հեղինակությունը բարձր պահելու համար,, - ներկաներին դիմեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ճամբարակի քաղաքապետարանում մարզպետը կատարեց նաև քաղաքացիների ընդունելություն: Ամենատարբեր խնդիրներով մարզի ղեկավարին դիմում ներկայացրած մոտ 80 քաղաքացիներից բավարար պատասխան ստացան ավելի քան 60-ը: Մնացած դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում: