Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Ջավահիր Օհանյանի ,,Հասել եմ լեռան գագաթին,, գրքի շնորհանդեսը

15.02.2017

Ճամբարակ քաղաքի հանդիսությունների սրահում կայացավ վաղամեռիկ բանաստեղծուհի Ջավահիր Օհանյանի ,,Հասել եմ լեռան գագաթին,, գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էրՃամբարակի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի աշխատակից , Ջավահիր Օհանյանի աշխատանքային ընկեր Ռոբերտ Օհանյանը՝ ,,Արծվաշեն եւ որդիներ,, հայրենակցական միության հետ համագործակցությամբ:  Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Ճամբարակի տարածքի համայնքների ղեկավարները, բանաստեղծուհու ընտանիքի անդամները, մտերիմները, դպրոցական ու աշխատանքային ընկերները: Գրքի շնորհանդեսը համատեղվել էր Ջավահիր Օհանյանի ծննդյան օրվա հետ: Միջոցառման սկզբում տեսաֆիլմի ցուցադրմամբ ներկայացվեց Ջավահիր Օհանյանի ծննդավայր Արծվաշենի պատմությունը: Բանաստեղծուհու կենսագրությունը ներկայացրեց նրա եղբայրը՝ մասնագիտությամբ բժիշկ Հմայակ Օհանյանը: ,,Ջավահիրը դպրոց է հաճախել Արծվաշենում, ավարտել Հայաստանի պետական գյուղատնտեսական ինստիտուտը եւ մասնագիտությամբ աշխատանքի անցել հայրենի Արծվաշենում: Ընտանիք է կազմել Վահան գյուղի բնակիչ Գարուշ Բրուտյանի հետ, ով 1992 թվականին հերոսաբար զոհվել է հայրենի գյուղի սահմանների պաշտպանության ժամանակ: Այդուհետ ընտանիքի եւ երեք զավակների կրթության ու դաստիարակության հոգսն ընկնում է Ջավահիրի ուսերին: Նա երկար տարիներ աշխատում էր Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային կենտրոնում՝ միաժամանակ չդադարելով զբաղվել տնային տնտեսությամբ ու ստեղծագործ աշխատանքով: Ծանր հիվանդությունը նրան մեզանից անդարձ տարավ 65 տարեկան հասակում,,-ներկայացրեց Հմայակ Օհանյանը: Բանաստեղծուհու ապրած նվիրական կյանքի, թողած գրական վաստակի մասին խոսեցին գրքի հրատարակման հովանավոր, բանաստեղծուհու քրոջ դուստր Իրինա Երիցյանը եւ գրքի կազմող, Արցախյան ազատամարտի մասնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Պետրոսյանը, Ճամբարակի ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սեդա Շուշանյանը:
,,Գրքի առաջին էջերն ընթերցելիս անմիջապես երեւաց նվիրյալ ու հրաշալի հայուհու հոգու հարուստ աշխարհը: Անհատնում սեր կա Ջավահիրի տողերում հայրենի հողի, ծնողների, ամուսնու, զավակների, ընկերների հանդեպ: Գրքի վերջում զետեղված կենսագրականում կազմողները չեն նշել հեղինակի մահվան թվականը: Եվ ճիշտ էլ արել են, քանի որ նման մարդիկ չեն մահանում՝ շարունակելով ապրել սերունդների սրտերում: Հարկավոր է գիրքը տարածել մեր մարզի բոլոր դպրոցներում, որպեսզի մեր աշակերտները ծանոթանան գրքին, լցվեն հայրենասիրությամբ ու մարդասիրությամբ,,-ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Բանաստեղծուհու ստեղծագործություններից հատվածներ ընթերցեցին Ճամբարակի ավագ դպրոցի աշակերտները: Հայրենաշունչ երգերով միջոցառումը համեմեցին գուսան Ջիվան Չիլինգարյանը, երգչուհի Տաթեւիկ Գրիգորյանը, Դիլիջանի ժողովրդական համույթի վարպետ կատարողները:Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը քաղաքի մշակութային կյանքում ներդրած ավանդի համար հետմահու շնորհակալագրով պարգեւատրեց Ջավահիր Օհանյանին, որը հանձնվեց բանաստեղծուհու ընտանիքի անդամներին: Բանաստեղծուհու մասին հուզումնալից հուշեր պատմեցին նրա դպրոցական եւ աշխատանքային ընկերները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28