Նորություններ
Հայոց բանակին օրվա առթիվ Գեղարքունիքի մարզի համայնքներում և հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան բազմաբնույթ միջոցառումներ
30.01.2017
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ տոնական միջոցառումներ կազմակերպվեցին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում և հանրակրթական դպրոցներում: Սարուխան համայնքի արվեստի դպրոցում կազմակերպված գրակա-երաժշտական ցերեկույթն ուղեկցվեց Հայոց բանակաշինության 25-ամյա պատմության դժվարին ու փառավոր էջերի ներկայացմամբ: Կարմիրգյուղի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ԵԿՄ վարչության անունից Հայոց բանակի օրվա առթիվ պատվոգրեր և հուշամեդալներ շնորհվեցին Գեղարքունիքի մարզից Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին: Իսկ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում կազմակերպված ցերեկույթին հրավիրվել էին համայնքից ՀՀ Զինված ուժերում իրենց պարտքը կատարած և օրերս արդեն տուն վերադարձած տղաներն և ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները: Վերջիններիս շնորհակալագրեր հանձնվեց դպրոցի տնօրինության անունից: ,,Հզոր բանակ մեր հայկական,, խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ անցկացվեց Գավառի N5 հիմնական դպրոցում: Բոլոր համայնքներում և դպրոցներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հնչեցին հիշատակի, երախտագիտության և մեծարման խոսքեր ՝ ուղղված Հայոց բանակի կայացման և հայրենիքի սահմաններն անառիկ պահելու անվեհեր գործում իրենց կյանքը նվիրաբերած քաջ հայորդիներին: Հնչեցին նաև Հայոց բանակին և հայ զինվորին նվիրված հայրենասիրական բանաստեղծություններ, երգեր ու շնորհավորանքի խոսքեր: Հայոց բանակի օրվա առիթով հունվարի 29-ին Գավառի զիկոմիսարիատում զինկոմի շնորհակալագրով խրախուսվեցին Գավառի տարածաշրջանից Ապրիլյան քառօրյա հերոսամարտերի 30 մասնակիցներ: Նույն օրը Գավառի զինկոմիսարիատից նորակոչիկների հերթական խումբը ճանապարհվեց Հայոց բանակ: