Նորություններ
Կայացավ Տիգրան Նիկողոսյանի <<Ցավի և սիրո բացիկներ>> գրքի շնորհանդեսը
07.01.2017

Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցում օրերս տեղի ունեցավ գրող- հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանի <<Ցավի և սիրո բացիկներ>> գրքի շնորհանդեսը: Գրական-գեղարվեստական ցերեկույթին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը,Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը, մայրաքաղաքից հրավիրված մտավորականներ, ուսուցիչներ, դպրոցականներ: Ինչպես ներկայացրեց դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը, սա Տիգրան Նիկողոսյանի 15-րդ գիրքն է, որում պատկերված են հայրենի հողի վրա ապրող, նրա համար մաքառող մարդիկ, ովքեր իրենց նվիրումը ապացուցում են ինչպես մարտադաշտում, այնպես էլ ամենօրյա արարչագործության մեջ: <<Ցավի և սիրո բացիկներ>> ժողովածուի պատումները ներքին մեկ ընդհանրություն ունեն և լրացնում են միմյանց՝ վերածվելով յուրօրինակ զրուցաշար-վիպակի՝<<փոքրերի մասին՝ մեծերի համար>> ենթավերնագրի ներքո: Հող, հայրենիք,ռազմաճակատ, աշխատավոր մարդ և շատ ու շատ այլ թեմաներ, որոնց վերաբերող հարցերն ուղղվում էին բեմ հրավիրված Տիգրան Նիկողոսյանին: Գրքի շնորհանդեսը վերածվեց հայրենասիրության բաց դասի: Դպրոցի աշակերտները գրքից բեմականացրին և ընթերցեցին առանձին հատվածներ, որոնք ներծծված են հայրենասիրության, աշխատասիրության ու մարդասիրության վեհ գաղափարներով, ազգային ու համամարդկային արժեքներով:<<Հողն ընդամենը աշխարհագրական տարածք է: Եվ երբ նրա վրա ծնվում ու ապրում են մարդիկ, այն դառնում է ծննդավայր, ապա՝ հայրենիք եւ պետություն: Իսկ երբ նույն հայրենի հողը իր մեջ կրում է նվիրյալներին, այն դառնում է ավելի թանկ ու ձգող: Դրա համար, աշխարհի որ անկյունում էլ որ լինենք, մեր հայրենի հողը ձգելու է մեզ դեպի իրեն, դեպի մեր սրբացած արմատները>>,-իր խոսքում նշեց հեղինակը: <<Ցավի և սիրո բացիկներ>> գրքի մասին իրենց տպավորությունները ներկայացրին <<Հայաստան>> հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, ՀՀ Գրողների միության գործադիր տնօրեն, մանկագիր Ղուկաս Սիրունյանը, Կարմիրգյուղի N2 միջն. դպրոցի փոխտնօրեն Սվետա Խաչատրյանը: <<Այն նպատակը, որ դրված էր այսօրվա միջոցառման ակունքներում, իրականացվեց, այն է՝ հարազատ ծննդավայրում մեծարումը գրող ու մտավորական Տիգրան Նիկողոսյանի, ով իր գրիչը ծառայեցնում է հայրենի աշխարհի հոգևոր արժեքների լուսաբանման ու պահպանման, հայրենասիրության տարածման գործին>>,-իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Գրական-գեղարվեստական ցերեկույթն ավարտվեց բարեմաղթանքների և շնորհավորանքների մթնոլորտում: