Նորություններ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
30.12.2016

Հարգելի հայրենակիցներ
Պատմություն դարձավ նաեւ 2016 թվականը, որի ընթացքում մեզ հաջողվեց իրականացնել խաղաղ ու ստեղծագործ հայրենիք կերտելու մեր ձգտումները, որոշակի ձեռքբերումներ ունենալ կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում: Մասնավորապես, հաջողությունները շոշափելի եղան գյուղատնտեսության, ճանապարհաշինության, քաղաքաշինության, կրթության եւ առողջապահության ոլորտներում: Մեզ միահամուռ ուժերով հաջողվեց հաղթահարել նաեւ այնպիսի ծանր փորձություն, ինչպիսին թշնամու կողմից մեզ պարտադրված Ապրիլյան պատերազմն էր Արցախում: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների վճռականության, Հայոց բանակի արիության եւ համայն հայության համախմբման շնորհիվ հաջողվեց արժանի հակահարված տալ թշնամուն եւ նրան պարտադրել հերթական խաղաղությունը: Ապրիլյան հերոսամարտերում սխրագործություններով աչքի ընկան նաեւ Գեղարքունիքի մարզից զորակոչված բազմաթիվ զինծառայողներ: Ցավոք, շատ դեպքերում մեր հերոս տղաները հայրենիքը փրկեցին իրենց կյանքի եւ արյան գնով: Ապրիլյան հերոսամարտերը եւս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան ամուր է մեր ժողովուրդը համախմբված հայրենի պետականության, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման, ազգային միասնության գաղափարի շուրջ: Այդ համախմբումը դրսեւորվում է նաեւ հայրենաշինության մեջ, կառավարության կողմից ձեռնարկվող բարեփոխումներում, որոնց հեռահար նպատակը մեր երկրի ծաղկումն ու հզորացումն է, բարեկեցիկ ու ապահով Հայաստանի կերտումը: Անշուշտ, եկող տարում մեզ սպասում են նոր կարեւոր ձեռնարկներ, հաստատուն քայլեր եւ կենսական կարեւոր նշանակության ծրագրեր ամենատարբեր ուղղություններում, որոնց իրականացումը մեզնից յուրաքանչյուրից պահանջելու է առանձնակի նվիրում ու ջանքեր: Թող 2017 թվականը բոլոր հայ ընտանիքների համար լինի խաղաղության, երջանկության ու առատության տարի՝ լեցուն հոգու բերկրանքով, ամենաբարի նպատակների իրականացմամբ, նորանոր ծնունդներով, ձեռքբերումներով ու հաջողություններով: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Ջերմ բարեմաղթանքներով՝
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան