Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը
29.12.2016

Գեղարքունիքի մարզպետարանում դեկտեմբերի 28-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը:Նիստի օրակարգում քննարկվեց երկու հարց: Գեղարքունիքի մարզի 2016 թվականի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2016 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ մարզի համայնքներում տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 95,4 տոկոս: Մարզի միջինից բարձր ցուցանիշներ են ապահովել Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Ձորագյուղ, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Երանոս, Վերին Շորժա, Վարսեր, Նորաշեն, Չկալովկա, Դդմաշեն, Ճամբարակ, Կալավան, Անտառամեջ, Ձորավանք, Սարուխան, Բերդկունք, Ծովակ, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ, Ազատ, Շորժա համայնքները:<<Միջինից ցածր կատարողական արդյունքներ ունեն Մաքենիս, Խաչաղբյուր, Կութ, Ախպրաձոր, Նորակերտ, Գեղաքար, Ակունք, Մեծ Մասրիկ, Գավառ, Կարմիրգյուղ եւ մի շարք այլ համայնքներ, որոնք ազդել են մարզի ընդհանուր միջին ցուցանիշի վրա: Բայց մինչեւ տարեվերջ եւս 2 օր էլ մնում է, եւ հնարավոր է, որ մարզի միջին ցուցանիշը հասցվի 100 տոկոսի>>,-նշեց զեկուցողը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2016 թվականի չորրորդ եռամսյակում իրականացված վարչական վերահսկողության արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը: Զեկուցողը նշեց, որ 2016 թվականի չորրորդ եռամսյակում օրենքով սահմանված կարգով վարչական վերահսկողություն է իրականացվել Արեգունի, Տրետուք, Շատվան, Ակունք, Երանոս, Զոլաքար գյուղերում, Ճամբարակ եւ Մարտունի քաղաքներում: <<Վարչական հսկողության արդյունքում կազմվել են տեղեկանքներ, որոնցում արտացոլվել են ուսումնասիրության արդյունքում տեղ գտած ինչպես իրավական, այնպես էլ՝ մասնագիտական թերությունները, որոնց վերացման համար առաջարկվել է համայնքի ղեկավարներին՝ 15-օրյա ժամկետում դրանք քննարկել ավագանու նիստերում եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել: Վարչական հսկողություն իրականացնող խմբի անդամների կողմից ուսումնասիրությունները կատարելու ընթացքում շտկվել եւ կարգավորվել են բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ, որոնք գրեթե բոլոր համայնքներում կրկնվում են՝ կապված համայնքի ղեկավարի վարձատրության չափի սահմանման, համայնքների վարչական սահմաններում գտնվող եւ համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի վարձակալության տրամադրման կարգի, քաղաքաշինական կանոնադրության խախտման, զինապարտների գրանցման մատյանները թերություններով վարելու եւ այլ խնդիրների հետ>>,-նշեց Ալբերտ Աղեկյանը:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը առաջարկեց մարզխորհրդի անդամներին՝ մինչեւ տարեմուտ 100 տոկոսի հասցնել սեփական եկամուտների հավաքագրումը եւ վերացնել բոլոր այն բացերն ու թերությունները, որոնք արձանագրվել են վարչական վերահսկողության արդյունքում: Վերջում մարզի ղեկավարը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց նիստի մասնակիցներին, մաղթեց անձնական ու աշխատանքային հաջողություններ: