Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի ՙՏեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի՚ վերահրատարակված գրքի շնորհանդեսը

27.12.2016

Դեկտեմբերի 23-ին Գավառ քաղաքի արվեստի դպրոցում կայացավ հայ մշակույթի մեծ երախտավոր, հայտնի ազգային ու հոգեւորական գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս ՍմբատյանցիՙՏեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի՚ արեւելահայերեն ուղղագրությամբ լույս ընծայված գրքի շնորհանդեսը: Այն վերահրատարակվել է Գեղարքունյաց թեմի Ցամաքաբերդի հոգեւոր հովիվ Տեր-Մեսրոպ քահանա Երիցյանի նախաձեռնությամբ եւ Երեւանի գրողների միության հրատարակչական խորհրդի որոշմամբ: Գրքում հիշատակված են Գեղարքունիքի մարզի տարածքում 1862-1895 թվականների պատմական դեպքերը, նկարագրված են գավառի բոլոր եկեղեցիները, վանքերը, մատուռները, կամուրջները, գետերը, գերեզմանոցները: Նշված են գյուղերը, համայնքները, իշխանավորները, հոգեւորականները, գյուղերի եկեղեցիների վերանորոգման հետ կապված հայրապետական կոնդակները: Պատմական որոշ փաստարկներ հաստատելու համար Մեսրոպ արքեպիսկոպոսն օգտվել է հին ու նոր պատմագիրներից: Մեսրոպ արքեպիսկոպոսն իր տեղագրում նկարագրում է Գեղարքունի գավառի բոլոր գյուղերի կիսաքանդ , քանդված եւ շեն եկեղեցիները, Սեւանի վանքը՝ վկայակոչելով բոլոր արձանագրությունները, որոնք պատմական արժեքավոր փաստեր են: Տեղագրում Սմբատյանցը նկարագրում է Գեղարքունու տարածքի սահմանները՝ արեւմուտքից՝ Ելենովկա գյուղ, հարավից՝ Նոր Բայազետ քաղաք, արևելքից՝ Խոթի եւ Գանձասարի վանք եւ Քելբաջար, հյուսիսից՝ Չորեքավանից Սադախաշ ձոր: Մեսրոպ արքեպիսկոպոսը թվարկում է նաեւ Գեղարքունու գետերը, որոնք թափվում են Սևանա լիճ: Տեղագրում ներկայացված են նաեւ Գեղարքունու ականավոր իշխանավորները, ովքեր նպաստել են վանքերի կառուցմանը, դպրոցների հիմնմանը եւ հասարակ ժողովրդի կյանքի պայմանների բարելավմանը: Սմբատյանցը համակրանքով է ներկայացնում Գեղարքունու կալվածատերեր Բարսեղ եւ Մարգար Արծրունիներին: ՙՏեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի՚ գրքի շնորհանդեսին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, գրքի վերահրատարակման նախաձեռնողներ, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, Գեղարքունյաց թեմի Ցամաքաբերդի հոգեւոր հովիվ Տեր-Մեսրոպ քահանա Երիցյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Շահեն ծայրագույն վարդապետ Անանյանը, Գավառ քաղաքի եւ տարածքի համայնքների կրթական եւ մշակութային հաստատությունների տնօրեններ, մտավորականներ: Հանդես գալով բացման խոսքով՝ Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը կարեւորեց գրքի վերահրատարակումը՝ այն համարելով ազգանվեր գործ, ինչի շնորհիվ արդեն Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի ստեղծագործությունը հասու կլինի ընթերցող լայն շրջաններին:ՙՄեր ուժի ակունքը մեր պատմության մեջ է: Իմացանք այդ պատմությունը, կլինենք ուժեղ, չիմացանք, չենք դիմանա ժամանակի մարտահրավերներին: Հայ եկեղեցու եւ մշակույթի մեծագույն գործիչներից մեկը իր ժամանակին հասցրեց լինել Գեղարքունիքի մարզի բնակավայրերում, զրուցել շինականների ու հոգեւորականների, իշխանների ու այլ դասի մարդկանց հետ հացի սեղանների շուրջ, արձանագրել, թե որտեղ քանի տուն կա, քանի ծուխ: Այս գրքի հեղինակի մեծագործությունը մեզ հուշում է, որ ով որտեղ էլ որ աշխատի, պետք է լինի ժողովրդասեր, ծառայի իր հայրենքին ու ժողովրդին: Այս գրքի ստեղծումը մեր եկեղեցու մեծագործություններից մեկն է: Այսպիսի համահավաք գիրք, որը պատմում է Հայաստան աշխարհի մի երկարմասի մասին, բացառիկ է իր պատմական ու հոգեւոր արժեքի մեջ եւ իր նմանը չունի՚-նշեց Աբգար Ափինյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Շահեն ծայրագույն վարդապետ Անանյանը եւս նվիրումի յուրահատուկ ձեռնարկ համարեց ՙՏեղագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի՚ գրքի վերահրատարակումը, որով այն դուրս է գալիս մասնագիտական ու հոգեւորական նեղ շրջանակներից եւ դառնում ընթերցող լայն շրջաններին հասանելի գիրք:ՙԵս այս գրքին ծանոթ էի դեռեւս Վազգենյան դպրանոցում ուսանելու տարիներին: Նման ազգապահպան գրքերի քարոզումը եւ տարածումը մեծ հնչեղություն ունի թե մեր օրերում, թե գալիք ժամանակներում:Մեր 19-րդ դարի եկեղեցական գործիչները հայ գյուղացու եւ իշխանի մեջ արժեքներ էին նկատում, որը մենք, ցավոք, այսօր չենք կարողանում նկատել: Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը մեկն էր այն մեծանուն գործիչներից, ովքեր Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ գնացին Հայոց գավառները՝ հայ կյանքը բազմակողմանիորեն ուսումնասիրելու նպատակով: Այս գրքում բազմաշերտ նկարագրություններ կան հայոց պատմության, ժողովրդագրության, բնակավայրերի տեղադրության, հայ կյանքի, ազգագրական արժեքների մասին: ՚-կոչ արեց Շահեն վարդապետ Անանյանը:
Ներկաներին ողջունեց եւ գրքի վերահրատարակման կարեւորության մասին իր տպավորությունները ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:ՙԻնձ համար մեծ պատիվ է՝ ներկա լինել այս շնորհանդեսին: Այս գիրքը պահպանվել է իմ հոգեւորական պապի տանը՝ որպես Սուրբ մասունք, որի բովանդակությանը ծանոթ եմ եղել վաղուց: Իրոք, հսկայական ծավալի աշխատանք է կատարել հայրենասեր հոգեւորականը, որն այսօր պետք է դարձնենք մեր սեղանի գիրքը: Սա համամարզային ձեռնարկ է, որը հարկավոր է քարոզել ու տարածել մեր կրթական ու մշակութային հաստատություններում, ընտանիքներում, ընթերցասեր հասարակության շրջանում: Այո, մեր ուժը մեր պատմությունն իմանալու մեջ է, որը կլինի նաեւ այս մեծարժեք գրքի միջոցով՚,-նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
ՙՇնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ձեռնարկեցին այս գրքի վերահրատարակման գործը: Թերթելով այս գիրքը՝ ես հասկացա, որ եթե մարդը խորապես ուսումնասիրի նրա էջերը, այլեւս այս սուրբ հողից բաժանվելու, հայրենիքը թողնելու եւ այլ տեղ կյանք որոնելու ցանկություն չի ունենա: Այն սքանչելի ավանդությունները, սերն ու նվիրումը, որ նկարագրված են գրքում, ցույց են տալիս, թե ինչպես են այստեղ մեր հայրերն ու պապերը կապված եղել հայրենի հող ու ջրին, ինչ եռանդով են շեն պահել հայրենի աշխարհը: Այժմ մենք պետք է դառնանք այս գրքի քարոզիչներն ու տարածողները, որպեսզի նոր սերունդը շատ ավելի մերձենա իր հոգեւոր արժեքներին՚-նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանը: Գրքի շնորհանդեսին երաժշտական և ասմունքի կատարումներով հանդես եկան Գավառ քաղաքի և Սարուխան համայնքի արվեստի, Գավառի թիվ 4 միջնակարգ դպրոցների սաները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:14:10