Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ամփոփեց աշխատանքային տարին

27.12.2016

Դեկտեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը տարեվերջյան աշխատանքային հաշվետվություն ներկայացրեց հանրապետական եւ տեղական զանգվածային լրատվության միջոցներին: Մարզպետը տարվա կարեւոր ձեռքբերում համարեց մարզի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները, նկատելի հաջողությունները ամենատարբեր ուղղություններում:ՙՀացահատիկի, կարտոֆիլի բերքի, անասնակերի կուտակման ցուցանիշները մեր մարզում, թերեւս, ամենաբարձրն են Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ընթացքում: Բայց մենք դրանով չենք բավարարվում եւ շարունակելու ենք գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերի ներդրման քայլերը, որպեսզի մոտակա տարիների ընթացքում մեր մարզի գյուղատնտեսությունը մոտեցնենք եվրոպական չափանիշներին: Իհարկե, այս ուղղությամբ մեր կողմից որոշակի քայլեր արվել են, սակայն դրանք պետք է ունենան իրենց հուսալի եւ արդյունավետ շարունակությունը՚,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Գյուղոլորտում արձանագրված նման հաջողությունները մարզպետը շաղկապեց պետության կողմից մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրված աջակցության եւ կառավարության կողմից իրականացվող ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի՚ ներդրման հետ, ինչի արդյունքում 42 համայնքներում վերջին տարիներին ձեւավորվել են գյուղացիական կոոպերատիվներ: ՙԱյդ կոոպերատիվները պետական աջակցությամբ ստացել են 89 միավոր տրակտոր եւ 328 գյուղգործիքներ, ինչի շնորհիվ այդ համայնքներում ոչ միայն նվազել են գյուղտեխնիկայի մատուցվող ծառայությունների գները, այլ նաեւ մարզի տնտեսություններում կուտակվող անասնակերի ծավալներն են էականորեն աճել՝ այս տարում հասնելով մինչեւ 500 հազար տոննայի: Այս կարեւորագույն ծրագիրն ընթացքի մեջ է, որում 2017 թվականին կընդգրկվեն նոր համայնքներ՚-հավաստեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Մարզպետը գյուղատնտեսության հետագա զարգացման կարեւոր նախապայման համարեց ոռոգման ցանցի ընդլայնումը եւ ոռոգվող հողատարածքների ավելացումը: Այս ուղղությամբ եւս մարզպետարանը համապատասխան առաջարկություններ պարունակող փաթեթը ներկայացրել է կառավարության քննարկմանը: ՙՎերջին տարիներին տարբեր ծրագրերի եւ կազմակերպությունների աջակցությամբ մենք ավելացրել ենք ոռոգելի ցանքատարածությունները, սակայն այս ուղղությամբ դեռեւս կարեւոր անելիքներ կան: Մասնավորապես, կարեւորում եմ Մարտունու տարածքում Արգիճի գետի վերին հոսանքում նախատեսվող ջրամբարի կառուցումը, որով ոռոգելի հողատեսքերը, այն էլ ինքնահոս եղանակով, կավելանան մոտ 4 հազար հեկտարով, կդադարեն գործել Սեւանա լճից սնվող 4 պոմպակայաններ, կտնտեսվի մեծ քանակության էլեկտրաէներգիա:Երկրորդ կարեւոր խնդիրը Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Վարսեր եւ Զովաբեր համայնքների ցանքերի համար ոռոգման ընդհանուր համակարգի ստեղծումն է: Մեր կողմից ներկայացված առաջարկները ՀՀ կառավարության կողմից արդեն ստացել են համապատասխան արձագանքներ: Տարբեր ծրագրերով փորձելու ենք տարբեր համայնքներում ընդարձակել ոռոգելի տարածքները նոր խորքային հորերի կառուցման, հների վերականգնման, ինքնահոս ջրատարների վերակառուցման կամ կառուցման միջոցով՚,-ներկայացրեց մարզպետը:
Մարզի ղեկավարը գյուղատնտեսական տարին բարեհաջող համարեց նաեւ նոր մշակաբույսերի՝ հնդկացորենի եւ կտավատի արտադրության արմատավորման առումով:ՙԱյս տարի մեր մարզում առաջին անգամ փորձարկվեց հնդկացորենի արտադրությունը, եւ, ի ուրախություն մեզ, ապահովվեց բավավար բերքատվություն: Արդեն քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի հնդկացորենի ցանքատարածքներն ավելացնելու ուղղությամբ, քանի որ Ծովագյուղում սկսել է գործել հնդկացորենի վերամշակման գործարան: Այն ոչ միայն առաջինն ու միակն է Հայաստանի Հանրապետությունում, այլ նաեւ իր հզորությամբ ի վիճակի է վերամշակել տասնյակ հազարավոր հեկտարների վրա ցանված բերքը՝ ապահովելով Հայաստանի շուկայի ամբողջ պահանջարկը: Քայլեր են ձեռնարկվում նաեւ կտավատի վերամշակման արտադրամասի ստեղծման ուղղությամբ՚,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Խոսելով անասնապահության ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ մարզպետը կարեւորեց մարզում ժամանակակից սպանդանոցի կառուցումը:ՙՄարզում ժամանակակից սպանդանոցի կառուցման խնդիրը մենք ներկայացրել ենք կառավարության քննարկմանը: Արդեն ստացել ենք համապատասխան դրական արձագանք, եւ մինչեւ 2019 թվականը մենք մարզում կունենանք ժամանակակից սպանդանոց, առանց որի այսօր անհնար է պատկերացնել բնակչությանը անվտանգ մսամթերքով ապահովելու՝ օրենքով սահմանված կարգով պահանջի կատարումը՚,-կարեւորեց մարզպետը:
Անդրադառնալով Սեւանա լճում իշխան ձկան պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագրին՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ արդեն իսկ Կարճաղբյուրում սկսել է գործել Սեւանի իշխանի մայրական կազմի ու մանրաձկան արտադրության գործարանը, շահագործման է պատրաստվում ձկան վերամշակման գործարանը, որտեղ նախատեսվում է վերամշակել եւ արտահանել ինչպես Սեւանի ձկնատեսակների, այնպես էլ խեցգետնի արդյունագործական պաշարները, ինչի արդյունքում այստեղ կբացվեն բազմաթիվ նոր ու մշտական աշխատատեղեր: Կարճաղբյուրի նորակառույց ձկնաբուծարանում այժմ պահվում է Սեւանի իշխանի մայրական կազմ, իսկ ընթացիկ տարում նրանցից ստացվել եւ լիճ է բաց թողնվել մոտ 1 միլիոն ձկնկիթ: ՙԱնչափ կարեւորում ենք Սեւանի ձկնաշխարհի պահպանության եւ վերարտադրության խնդիրը, ուստի կառավարություն ենք ներկայացրել մշակված նոր հայեցակարգ, որպեսզի կարողանանք կանոնավորել ձկան որսը: Կարծում եմ, որ այն հնարավորություն կստեղծի՝ կանոնակարգելու ձկնորսությունը Սեւանա լճում, այն ավելի վերահսկելի եւ արդյունավետ դարձնելու, Սեւանի ձկնաշխարհի բնական վերարտադրությունը մշտապես ապահովելու համար՚,- նշեց մարզպետը: Բնապահպանական ոլորտում Ռաֆիկ Գրիգորյանը անչափ կարեւոր ձեռքբերում համարեց այն, որ այս տարի ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով լուծում է ստանում Սեւանա լճի եւ նրա ջրահավաք ավազանի համար աղտոտվածության մեծ վտանգ ներկայացնող կենցաղային աղբի թափոնների կառավարման խնդիրը:ՙԱյս տարի կառավարության որոշմամբ հաստատվեց ՙԿոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը՚, որով նախատեսվում է ներդնել 11 միլիոն եվրո գումար՝ 5,5 միլիոն եվրոն՝ դրամաշնորհի, 5,5 միլիոն եվրոն՝ ցածր տոկոսադրույքներով վարկի տեսքով:Ծրագրի իրականացումը կսկսվի առաջիկա գարնանը: Կենցաղային կոշտ թափոնները մեր մարզում կկուտակվեն եւ աղբահավաք մեքենաների միջոցով կտեղափոխվեն Կոտայքի մարզ: Սեւանա լճի մաքրության համար, պետք է ասել, վերջապես կարեւոր ու կենսական նշանակության խնդիր է լուծվել՚,-հաստատեց մարզի ղեկավարը:
Մարզում որակյալ կրթություն ապահովելու համար արվել են համապատասխան քայլեր՝ համակարգի աշխատողների պատասխանատվության բարձրացումից մինչեւ կրթական հաստատությունների արդիականացման բազմաթիվ ծրագրերի իրականացում: ՙԱյս տարի անցկացված ամենամյա հանրապետական մրցույթի ՙԼավագույն դաստիարակ, եւ ՙԼավագույն ուսուցիչ՚ անվանակարգերում հաղթել են մեր մարզի մանկավարժները, ինչը փաստում է կրթության բարձր որակի մասին, սակայն դա մեզ ոչ թե հանգստացնում, այլ ավելի է պարտավորեցնում՝ ամեն կերպ լուծել մարզի կրթության համակարգի առջեւ ծառացած բազմաբնույթ հիմնախնդիրները: Առաջիկա 2-3 տարիների ընթացքում ՙՀամաշխարհային բանկի՚ կողմից տրամադրված միջոցների հաշվին մեր մարզում կառուցվելու է արդի չափորոշիչներին համապատասխան 5 դպրոցական շենք: Արդեն մեկնարկել են Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի ապամոնտաժման աշխատանքները, իսկ 2017 թվականի գարնանից կընթանան կառուցման աշխատանքները: Կրթական հաստատությունների արդիականացման ծրագրերը կիրականացվեն նաեւ պետական միջոցների հաշվին, առաջիկա տարիների ընթացքում: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել նախակրթարանների բացմանը՝ վերջին տարիների ընթացքում դրանք հիմնելով 35 համայնքներում, որտեղ բացակայել են մանկապարտեզները: 2017 թվականին մարզում կհիմնվեն եւս 12 նոր նախակրթարաններ, որոնց մի մասը՝ քաղաքային համայնքներում: Բացի այդ, 2016 թվականին ,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՚ միջոցներով մարզի 9 համայնքներում հիմնանորոգվում կամ կառուցվում են 1 դպրոցական եւ 8 մանկապարտեզների շենքեր, որոնք շահագործման կհանձնվեն 2017 թվականի ընթացքում՚,-ներկայացրեց Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը ներկայացրեց նաեւ մարզի կրթության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումների ընթացքը, ինչի արդյունքում մի կողմից բարձրացվել են մանկավարժների աշխատավարձերը, մյուս կողմից՝ միջոցներ են տնտեսվել, որոնք ուղղվել են դպրոցաշինական հրատապ ծրագրերի իրականացմանը: ՙԿրթական հաստատություններում առկա ավելորդ կամ գործառույթ չունեցող հաստիքների կրճատման հաշվին մենք 2013 թվականին կրթական համակարգում տնտեսել ենք 215 միլիոն դրամ, 2014 թվականին՝ 443 միլիոն դրամ, 2015-ին՝ 735 միլիոն դրամ, 2016-ին տնտեսումները կհասցնենք 1 միլիարդ դրամի: Այդ գումարների հաշվին մենք բարձրացրել ենք մանկավարժների աշխատավարձերը, իսկ 35 դպրոցներում իրականացրել դպրոցաշինական հրատապ ծրագրեր՝ դպրոցական շենքերն ապահովելով մշտական ջրով, գործող սանհանգույցներով կամ ջեռուցման համակարգերով:2017 թվականի հունվարից տեղի կունենա աշխատավարձերի հերթական բարձրացումը, ինչի արդյունքում, կարծում եմ, Հանրապետությունում ամենաբարձր աշխատավարձը կունենան մեր մարզի մանկավարժները:Եվ այս ամենը մենք անում ենք՝ առանց պետբյուջեի վրա որեւիցե բեռ դնելու: Շինարարության մրցույթը հայտարարում եւ վերահսկում է մարզպետարանը, տնտեսված բոլոր միջոցները ծախսվում են արդյունավետ՚ -հավաստեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Մարզպետը կանգ առավ նաեւ դպրոցների միավորման ծրագրի իրականացման վրա, որը վերջերս ինքն է առաջարկել ՀՀ կառավարությանը, եւ որը պահանջում է ոչ միայն երկարատեւ գործընթացներ, այլ նաեւ լուրջ ֆինանսական միջոցներ:ՙՄենք ունենք 3-ից մինչեւ 100 աշակերտ ունեցող 40 դպրոց, որից 30-ը գտնվում են Վարդենիսի տարածաշրջանում, մնացածը՝ Ճամբարակի: Այդ դպրոցների միավորումը պետք է տեղի ունենա համայնքների խոշորացման ծրագրերի շրջանակներում: Մինչեւ դրանց միավորումը հարկավոր է վերանորոգել համայնքների բոլոր ճանապարհները, ուսումնասիրել, թե որ համայնքում պետք է կառուցվի դպրոցը, որպեսզի ընդունել կարողանա մյուս բնակավայրերի երեխաներին, պետք է ունենալ աշակերտներին տեղափոխող բավարար տրանսպորտային միջոցներ եւ, ամենակարեւորը, պետք է լուծել մանկավարժների որակավորման եւ ընտրության խնդիրը: Այս ամենից հետո միայն հարկ կլինի գործողության մեջ դնել մեր կողմից առաջարկված ծրագիրը, որը, կարծում եմ, նշյալ տարածաշրջաններում կրթության որակի բարձրացման, համակարգի արդիականացման ամենաարդյունավետ ձեւն է:Մինչեւ չլուծվեն թվարկված հիմնահարցերը, մարզում ոչ մի դպրոցի միավորում տեղի չի ունենա: Ի դեպ, կառավարությունը դրական է արձագանքել մեր առաջարկությանը, բայց դրա իրականացման համար պետք է գտնվեն համապատասխան միջոցներ՚,-հայտարարեց մարզպետը:
Ռաֆիկ Գրիգորյանը տարին հաջողված համարեց նաեւ մշակույթի եւ սպորտի ոլորտներում, որտեղ արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ:ՙՄարզական եւ մշակութային կյանքում գրանցվել են նշանակալի հաղթանակներ: Մեր մարզիկները եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչները մասնակցել են հանրապետական ու միջազգային մրցաշարերի եւ փառատոնների եւ վերադարձել մրցանակներով: Բոլոր համայքներում կազմակերպվում են պետական տոներին, հայ մշակույթի երախտավորներին, Արցախյան ազատամարտում եւ Ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորներին նվիրված միջոցառումներ: Առանձնակի հաջողություն կհամարեի Գավառի պետական թատրոնի շենքի կառուցումը, որը մինչեւ 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսները իր դռները կբացի հանդիսատեսի առջեւ:Մենք ունենք տասնյակ երիտասարդ դերասաններ, որոնք ստացել կամ ստանում են մասնագիտական կրթություն եւ պատրաստակամ են՝ աշխատակցելու մեր թատրոնին: Գավառը թատերական ավանդներ ունեցող քաղաք է, եւ նորակառույց, շքեղ թատրոնի շենքով թատերական կյանքը մեզանում նոր վերելք կապրի՚-հույս հայտնեց մարզպետը:
Առողջապահության ոլորտում եւս նկատելի են դրական տեղաշարժերը, ձեռքբերումները, բնակչության բուժսպասարկման որակի բարձրացման, համակարգի արդիականացմանն ուղղված հստակ քայլերը:ՙԳավառում եւ Ճամբարակում մենք արդեն ունենք արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոններ: Այս տարի տրվել է նաեւ արդի չափորոշիչներին համապատասխան նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման մեկնարկը Սեւան քաղաքում: Շինարարական աշխատանքները նորմալ ընթացքի մեջ են, որոնք, ամենայն հավանականությամբ, ավարտի կհասցվեն 2017 թվականի վերջում: Այստեղ լուծված է նաեւ գույքի եւ բուժսարքավորումների խնդիրը, այնպես որ, առաջիկա 2 տարիների ընթացքում նորակառույց բժշկական կենտրոնը կսկսի սեւանցիներին մատուցել բարձրորակ, ժամանակակից բուժսպասարկում: Վարդենիսում մեր կողմից ժամանակին առաջարկվել էր՝ միավորել մեկ կառույցում Վարդենիսի հիվանդանոցը եւ զինվորական հոսպիտալը, որոնց ընդամենը մեկ միջնապատ է բաժանում, եւ արդիականացման ծրագիրն իրականացնել այդ եղանակով: Նախատեսվում էր, որ Վարդենիսի արդիականացված հիվանդանոցը պետք է գործեր ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայությամբ: Գործընթացը մոտենում էր ավարտին, կառավարության հետ շատ մոտեցումներ համաձայնեցված էին, սակայն վերջերս տեղի ունեցավ կառավարության կազմի փոփոխություն, եւ այժմ ՀՀ Պաշտպանության նոր նախարարի հետ մենք ամեն ինչ պետք է սկսենք նորից: Օրակարգում է նաեւ Մարտունու բժշկական կենտրոնի արդիականացման խնդիրը, որի լուծման համար առաջարկվող տարբերակներից մեկն առաջիկայում կհամարվի ընդունելի, եւ կառավարության կողմից համապատասխան միջոցների հատկացումից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքերը: Կարծում եմ, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում մենք կավարտենք մարզի առողջապահական համակարգի արդիականացման ծրագրերը: Ֆրանսիական ՙԲժշկական օգնություն եւ զարգացում՚ կազմակերպության աջակցությամբ եւ միջոցներով կշարունակենք գյուղական բուժկետերի հիմնանորոգման, կահավորման, բուժքույրերի մասնագիտական վերապատրաստման աշխատանքները՚,-հավաստեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Մարզպետն արդարացված ու արդյունավետ ձեռնարկ համարեց իր նախաձեռնությամբ եւ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության վերահսկողությամբ մարզի քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքներում առողջապահական ՙԲաց դռների օր՚ միջոցառումների անցկացումը:ՙՄեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեր մարզի բնակիչները իրազեկված չեն առողջապահության ոլորտում իրենց ունեցած առանձին արտոնությունների եւ իրավունքների մասին՝ դեղորայքի բաշխումից սկսած եւ հետազոտություններից վերջացրած, անգամ այն, որ առողջության առաջնային պահպանման օղակում բուժօգնությունն անվճար է: Մեր հիվանդանոցներում խիստ նվազել էր ուղեգրումների թիվը, փոխարենը մեր բնակիչները նախընտրում էին առավելապես սպասարկվել մայրաքաղաքի բուժհաստատություններում: ՙԲաց դռների օր՚ միջոցառումների արդյունքում, որն անցկացվել է տեղի բժիշկ մասնագետների ուժերով, անվճար հետազոտությունների միջոցով հայտնաբերվել եւ մարզի հիվանդանոցներ են ուղեգրվել առողջական ամենատարբեր խնդիրներ ունեցող բազաթիվ քաղաքացիներ: Այդ ձեռնարկի շնորհիվ այս տարի մեր բուժհաստատություններ ուղեգրված հիվանդների թիվն ավելացել է մոտ 2 հազարով: Եկող տարում եւս մենք շարունակելու ենք առողջապահական այդ կարեւոր միջոցառումները՝ միշտ մեր ուշադրության կենտրոնում պահելով քաղաքացիներին մատչելի եւ որակյալ բուժսպասարկում մատուցելու գործը: Մենք միաժամանակ համակարգը համալրում ենք երիտասարդ եւ բարձրակարգ մասնագետ բժիշկներով: Վերջին երկու տարիների ընթացքում մենք մայրաքաղաքից եւ այլ վայրերից աշխատանքի ենք ընդունել վեց տասնյակից ավելի բժիշկների, որոնց մեջ զգալի թիվ են կազմում սիրիահայերը: Բոլորն էլ մերվել են իրենց կոլեկտիվներին եւ գոհ են ինչպես աշխատանքային պայմաններից, այնպես էլ՝ վճարվող աշխատավարձից՚,-ասաց մարզպետը:
2016 թվականին մարզի ճանապարհաշինության ոլորտում պետական բյուջեի կամ ՙՀամաշխարհային բանկի՚ միջոցներից ներդրվել է մոտ 4,9 միլիարդ դրամ, որով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել միջպետական, հանրապետական , մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին:ՙԱմբողջությամբ կամ մասամբ հիմնանորոգվել են Սեւանի պետավտոտեսչության կետից մինչեւ Ծովագյուղ ընկած միջպետական, Մարտունի –Վարդենիս մայրուղու Զոլաքար-Վարդենիկ միջպետական , Երանոս –Վարդաձոր-Ձորագյուղ–Ծակքար, Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր-Զոլաքար-Վարդենիկ միջհամայնքային նշանակության ճանապարհները: Կիսատ մնացած ծրագրերը կավարտվեն եկող տարվա ընթացքում:Այս տարի հիմնանորոգվել է 19,6 կիլոմետր երկարության ճանապարհներ: Պետբյուջեի միջոցների հաշվին փլվածքներ են վերականգնվել մի շարք ճանապարհահատվածներում: Եկող տարում մեզ դարձյալ սպասում են ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներ, որոնց մեջ առավել կարեւորել ենք Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր միջհամայնքային եւ Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումը: Առաջին դեպքում նշյալ համայնքերում կզարգանան գյուղատնտեսությունն ու տուրիզմը, երկրորդ դեպքում Հայաստանի հյուսիսային մարզերը ավելի կարճ տրանսպորտային երթուղով կհաղորդակցվեն Արցախի հետ, որով էլ մեծապես կխթանվի մեր մարզի սահմանամերձ տասնյակից ավելի համայնքների տնտեսական զարգացումը՚,-ներկայացրեց Ռաֆիկ Գրիգորյանը: Անդրադառնալով տրանսպորտային երթուղիների կազմակերպման եւ ճանապարհների ձմեռային սպասարկման իրավիճակին՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ երկու դեպքում էլ հարկավոր են նոր մոտեցումներ, որոնք առաջարկության տեսքով ներկայացվել է կառավարության քննարկմանը: Ըստ մարզպետի՝ մարզի 41 երթուղիներից 16-ը չեն սպասարկվում, իսկ մարզային նշանակության ճանապարհների ձմեռային սպասարկման համար տրամադրվող գումարն անբավարար է:
ՙՄեր կողմից միջհամայնքային երթուղիների սպասարկման համար մի քանի անգամ մրցույթներ հայտարարել ենք, սակայն մասնակիցներ չեն եղել:Խնդրի կարգավորման համար մեր կողմից առաջարկվել է մրցույթները կազմակերպելիս շահույթ ապահովող երթուղիները միացնել տարածքի մյուս համայնքների սպասարկման երթուղիներին եւ մրցույթը հայտարարել 1 ընդհանուր փաթեթում: Մարզային նշանակության 490 կիլոմետր ճանապարհ ունենք, որի ձմեռային պահպանման համար պետբյուջեից տարեկան հատկացվում է շուրջ 96 միլիոն դրամ: Նման պայմաններում սպասարկող կազմակերպությունները կարողանում են մաքրման աշխատանքներ իրականացնել մոտավորապես 30 տոկոսի չափով: Եկող տարվանից էականորեն ավելանալու են մարզային նշանակության ճանապարհների սպասարկման ծավալները՝ կապված միջհամայնքային նշանակության նոր ճանապարհների հիմնանորոգման եւ շահագործման հետ, որոնց սպասարկումը եւս հանձնվելու է մեզ: Դրա համար մեր կողմից առաջարկվել է վերանայել Գեղարքունիքի մարզի մարզային նշանակության ճանապարհների ձմեռային սպասարկման համար տրամադրվող գումարի չափը՚-մանրամասնեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Քաղաքաշինության ոլորտում եւս պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվել Սեւան քաղաքի մշակույթի տանը, Սևանի թիվ 1 հիմնական, Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցներում: 2017 թվականին ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը, որոնք ժամանակավորապես ընդհատվել էին համակարգը սպասարկող նոր օպերատորի ընտրության պատճառով, կշարունակվեն եւ կհասցվեն ավարտի:
Մարզպետը գոհունակությամբ նշեց, որ կառավարությունում դրական արձագանք են գտել ինչպես մարզպետարանի կողմից ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրների կարգավորման համար արված առաջարկությունները, այնպես էլ առանձին համայնքների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական զարգացման կամ բիզնես ծրագրերը:ՙՇատ կարեւոր է, որ կառավարությունն անմիջապես արձագանքում է մեր առաջարկներին, ներկայացված ծրագրերին, որոնք կյանքի կոչելու համար առաջիկայում կանցկացվեն համատեղ ուսումնասիրություններ եւ քննարկումներ: Հավատացնում եմ, որ դրանք եկող տարում մենք կկարողանանք կյանքի կոչել, զարկ տալ մեր մարզի տնտեսությանը, ապահովել ցանկալի արդյունքներ: Նաեւ ուզում եմ հավատացնել, որ առաջիկայում ներդրողները մեր մարզում համապատասխան ձեռնարկներ իրականացնելու մեծ ցանկություն կունենան՚,-շեշտեց Ռաֆիկ Գրիգորյանը: Վերջում մարզպետը հորդորեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուշադրության կենտրոնում պահել Ապրիլյան պատերազմում զոհված կամ հաշմված զինծառայողների սոցիալական ու կենցաղային խնդիրները եւ իրենց հրապարակումներով պատկան մարմինների, առանձին բարեգործների եւ հանրության ուշադրությունը հրավիրել հայրենի հողը պաշտպանելիս իրենց կյանքը կամ առողջությունը կորցրած մարդկանց և ընտանիքներին  մշտապես աջակցություն ու օգնություն ցուցաբերելու վրա:
Մարզպետը պատասխանեց նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաբովանդակ հարցերին, ապա, օգտվելով առիթից, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեց նրանց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-18 16:02:28