Նորություններ
Մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի հանձնաժողովի արգատնա նիստը կայացավ Ճամբարակ քաղաքում
15.12.2016

Գեղարքունիքի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի հանձնաժողովի արգատնա նիստը կայացավ Ճամբարակ քաղաքում գործող <<Հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների շահերի պաշտպանության եւ ներառման <<Աստղացոլք>> հասարակական կազմակերպության կողմից ստեղծված սոցիալական ձեռնարկության շենքում: Նիստը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության մասնագետներ Հայկ Մկրտչյանը եւ Արփինե Հայրապետյանը: Նիստի աշխատանքների մեկնարկից առաջ ներկաները նորաբաց սոցիալական ձեռնարկության արտադրամասում ծանոթացան արտադրական գործընթացներին, աշխատանքային պայմաններին, դիտեցին կավի վերամշակությամբ ստացված կենցաղային իրերի եւ զարդերի նմուշները: Բացելով հանդիպումը՝ հանձնաժողովի նախագահ Արտաշես Նիկոյանը կարեւոր համարեց օրակարգում քննվող հարցերը, որոնք ուղղված են պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի կարգավորմանը, նրանց հանրային կյանքին ինտեգրելուն: <<Նման ընդլայնված կազմով նիստի անցկացումը, կարծում եմ, առավել արդյունավետ կլինի ոլորտում թաքնված խնդիրների բացահայտման, դրանք քննարկման նյութ դարձնելու առումով:Իսկ հաշմադամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպության կողմից հիմնադրած սոցիալական ձեռնարկության գործունեությանը տեղում ծանոթանալը մեզ պարտավորեցնում է՝ պատշաճ աջակցություն ցուցաբերել նման ձեռնարկներին>>,-նշեց Արտաշես Նիկոյանը: Օրակարգում քննարկվեց երեք հարց:<<Կառավարական տների, ՏԻՄ եւ մարզպետարանների շենք-շինությունների հարմարեցման վերաբերյալ>> և <<Համայնքների դերը և պատասխանատվությունը հաշմանդամություն ունեցող անձանց հավասար մասնակցության և սոցիալական ներառման հարցերում>> թեմաների շուրջ զեկուցեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության մասնագետ Հայկ Մկրտչյանը: Գեղարքունիքի մարզի 2-րդ բժշկափորձագիտական հանձնաժողովի 2016 թվականի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացրեց նույն հանձնաժողովի նախագահ Վարդան Գինոյանը: Հայկ Մկրտչյանը, կարեւորելով նախարարություն-մարզպետարան-ՏԻՄ կապը, առաջնահերթ խնդիր համարեց հանրային իրազեկումը, որտեղ դեռեւս կան անելիքներ:<<Պետական ծրագրերով նախատեսված աջակցությունները հասցեատերերին հասցնելու համար մեզ մեծապես աջակցում են թե մարզպետարանները, թե տեղական ինքնակառավարման մարմինները, թե առանձին հասարակական կազմակերպություններ: Սակայն հանրային իրազեկման ոլորտում մենք դեռեւս անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք մինչեւ վերջ ապահովել աջակցության հասցեականությունը, ինչի համար պետք է գործի դնենք բոլոր միջոցները՝ տպագիր, էլեկտրոնային, համացանցային, խորացնենք համագործակցությունը հասարակական կազմակերպությունների եւ համայնքների հետ>>,-նշեց Հայկ Մկրտչյանը:<<Պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ցուցաբերվող աջակցությունը պետք է լինի հասցեական եւ ժամանակին: Մեր խնդիրն է՝ հաշմանդամություն ունեցող անձանց հստակ ուղորդել այնպիսի կառույցներ, որպեսզի նրանք ժամանակին, առանց քաշքշուկների օգտվեն իրենց տրվող պետական աջակցությունից՝ պրոթեզներից, հենակներից, ձեռնափայտերից, քայլակներից, սայլակներից, այլ վերակագնողական միջոցներից>>,-շեշտեց հանձնաժողովի նախագահը: Մարզպետի տեղակալը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ֆիզիոլոգիական արձակուրդից օգտվելիս հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամող մայրերի համար առանձնակի լրացուցիչ արտոնություն սահմանելու հարցի վրա: <<Ֆիզիոլոգիական արձակուրդից օգտվելու ժամկետը 3 տարի է, որից հետո երեխային խնամող մայրը վերադառնում է աշխատանքի: Պարզ է, որ հաշմանդամություն ունեցող երեխային խնամող մայրը, ի տարբերություն առողջ երեխա ունեցող մոր, հնարավորություն չունի աշխատանքի վերադառնալու եւ կորցնում է աշխատատեղը: Ճիշտ կլիներ, որ գոնե երկու կամ երեք տարով եւս երկարաձգվեր հաշմանդամություն ունեցող երեխա խնամող մոր ֆիզիոլոգիական արձակուրդի ժամկետը, թեկուզ չվճարվող, որպեսզի նա կարողանա պահպանել իր աշխատատեղը>>,-հարցը ներկայացրեց մարզպետի տեղակալը: