Նորություններ
Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այցով եղավ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում
06.12.2016
Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի միջոցներով կառուցվող 5 նոր դպրոցական շենքերից մեկը Գավառ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցն է, որի շինարարական աշխատանքները մեկնարկելու են եկող տարվանից, համանուն դպրոցի ապամոնտաժված շենքի տեղում: Դպրոցի ուսումնական պարապմունքներն այս սեպտեմբերից անցկացվում է Գավառի ավտոդպրոցի շենքում: Դեկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց նշված դպրոց՝ ծանոթանալու առկա շենքային պայմաններին և դասապրոցեսի անցկացմանը: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և ծնողների ջանքերով կառույցն ամբողջովին հարմարեցվել է դպրոցական պարապմունքների անցկացմանը: Ձևափոխված 18 դասասենյակները բավարար են՝ դպրոցի 405 աշակերտների ուսումնական պարապմունքները նորմալ կազմակերպելու համար: Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ դպրոցի տնտեսված միջոցների հաշվին մոտ մեկ ամիս առաջ այստեղ անցկացվել է նաև ջեռուցման համակարգ: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դպրոցի տնօրենի և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ դիտարկեց դասասենյակային ջերմաստիճանը, զրուցեց դպրոցականների և մանկավարժական կոլեկտիվի անդամների հետ, հանձնարարեց ամենօրյա աշխատանքներ տանել սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ: ,, Վերջին մեկ ամսվա ընթացքում ջեռուցման համակարգը անցկացրեցինք, և իմ այցի նպատակն էր՝ տեսնել՝ արդյոք դասասենյակները նորմալ ջեռուցվում են, ջերմաստիճանը բավարար է, թե ոչ՝ դասապրոցեսը կանոնավոր անցկացնելու համար: Իմ դիտարկմամբ՝ բոլոր դասասենյակներում բավարար սենյակային ջերմաստիճան է, 18 և բարձր, ինչը գոհացուցիչ է,, -իր կարծիքը հայտնեց Գեղարքունիքի մարզետը: Ռաֆիկ Գրիգորյանը հավելեց նաև, որ 2 տարի անց Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքն ամբողջովին պատրաստ կլինի շահագործման: Իսկ այս պահին Հացառատ թաղամասում պետական միջոցներով ընթանում են նաև մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները: