Նորություններ
Ֆրանսիական կողմի օժանդակությամբ հիմնանորոգվել են բուժհիմնարկներ
01.12.2016

Ֆրանսիական <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության կողմից տրամադրված միջոցներով հիմնանորոգվել են Գեղարքունիքի մարզի Ծովակի եւ Կարճաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոնների, Լճավանի բուժկետի եւ Գագարինավանի մանկապարտեզի բուժկետի շենքերը: Շինարարական աշխատանքները սկսվել էին այս տարվա հոկտեմբերից եւ ավարտվել նոյեմբեր ամսվա ընթացքում: Նոյեմբերի 30-ին վերոնշյալ բուժհաստատությունների հիմնանորոգված շենքերի բացմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը, Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտում մշակույթի, ժառանգության եւ ապակենտրոնացված հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոն, Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջազգային համագործակցության ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրան, <<Բժշկական օգնություն եւ զարգացում>> կազմակերպության խորհրդի անդամ Ժան-Պոլ Մասնադան, համայնքների ղեկավարներ եւ բուժհաստատությունների տնօրեններ: Կարճաղբյուրի ԱԱՊԿ շենքում կատարվել է 2 սենյակի հիմնանորոգում եւ նոր լուսամուտների տեղադրում, ինչի շնորհիվ բուժհաստատության աշխատանքային տարածքն ավելացել է մոտ 40 քառակուսի մետրով:<<Վերանորոգման արդյունքում մենք ունեցանք 1 աշխատանքային եւ 1 գործիքային հետազոտության սենյակ: Տարբեր կազմակերպություններ մեզ տարբեր հետազոտությունների համար տրամադրել են գործիքներ, սակայն դրանք չէինք կարողանում օգտագործել՝ համապատասխան սենյակ չունենալու պատճառով: Չունեինք նաեւ ընտանեկան բժշկի համար առանձին սենյակ: Մեզ համար աշխատանքային պայմանների բարելավման խնդիր լուծվեց>>,-հավաստեց Կարճաղբյուրի ԱԱՊԿ տնօրեն Անահիտ Սարգսյանը:
Ծովակի ԱԱՊԿ շենքում նույն ծրագրի շրջանակներում փոխվել էին հին դռներն ու պատուհանները, իսկ նույն հաստատության ենթակայությամբ գործող Լճավանի բուժկետը տեղափոխվել էր հիմնանորոգված նոր տարածք:<<Մեզ համար շատ կարեւոր էր ջեռուցման ապահովումը: Հին լուսամուտների պայմաններում շատ էր ջերմային կորուստը, դժվար էր սենյակային բավարար ջերմաստիճանի ապահովումը: Ֆրանսիացիների աջակցությամբ ձեռք ենք բերել 7 լուսամուտ եւ 8 դուռ, որոնց տեղադրումից հետո արդեն ջերմության կորուստներ չենք ունենում: Լճավանի բուժկետը չուներ շենքային բավարար պայմաններ, ուստի գյուղապետարանի կողմից մանկապարտեզի շենքում հատկացվեց 40 քառակուսի մետր տարածք, որը բաժանվեց 2 սենյակի, նորոգվեց եւ այժմ պատրաստ է սպասարկում իրականացնելուն: Գյուղապետարանի աջակցությամբ բուժկետում կառուցվել է սանհանգույց>>,-ներկայացրեց Ծովակի ԱԱՊԿ տնօրեն Արթուր Ղազարյանը: